Հովսեփն ինչո՞ւ իրեն անմիջապես չհայտնեց եղբայրներին, երբ տեսավ նրանց:

Որպեսզի եղբայրները չվախենան, մանավանդ, որպեսզի հասկանա, թե եղբայրները ինչ պիտի անեն և Բենիամինին ինչպես են վերաբերվում:

Հիմա նայիր նրանց վիճակին. վերը հիշվածի համեմատ Շմավոնը բանտում պատանդ մնալով, ինը եղբայրները թեպետ Եգիպտոսից ճանապարհ են ընկնում, սակայն առաջին իջևանում անասուններին կեր տալու համար տոպրակներից մեկը բացելով և դրամը այնտեղ տեսնելով, երկյուղի մեջ ընկան և զանազան կասկածներ ունեցան, թե միգուցե նոր վտանգներ պատահեն իրենց:

Այս բանին որևէ բացատրություն տալու անկարող լինելով, զարմանում են և ասում, թե այս ի՞նչ արեց մեզ: Մանավանդ սկսում են մտածել, թե Շմավոնին ազատելու համար ինչպե՞ս Բենիամինին տանեն Եգիպտոս, և մեծ մտատանջությամբ հասնելով իրենց հոր մոտ, ամբողջ կատարվածը մեկ առ մեկ պատմում են Հակոբին, որը նույնպես շատ զարմանում է: Բացի այդ, տոպրակները դատարկելու ժամանակ, յուրաքանչյուրի դրամը իր տոպրակից դուրս գալուն պես ապշում են և սարսափելի երկյուղ է պատում նրանց (Ծննդ. 42:30):

Դու հիմա Հակոբի գլխին եկած դժբախտությանը նայիր. նա որ երկար ժամանակ ի վեր ողբում էր Հովսեփին, Բենիամինին էլ Եգիպտոս տանելու խոսք բացվելուն պես, գանգատվելով ասում է. «Ինձ անզավակ թողեցիք, Հովսեփը չկա, Շմավոնը չկա, Բենիամինին էլ եք ցանկանում առնել, այս բոլոր աղետները իմ վրա եկան» (Ծննդ. 42:30): Սակայն Հակոբը այս խոսքով, ոչ թե Աստծուց հույսը կտրելով, իր վիճակից գանգատվում է, այլ հանդիմանում է իր որդիներին, թե ինչո՞ւ իրենց փոքր եղբոր մասին տեղեկություն հայտնեցին:

Իհարկե այս պարագայում նրանք մեղք չունեին, քանի որ Հովսեփը, նրանց տեսնելով, «դուք լրտեսներ եք» ասաց և այդ ժամանակ ժամանակ կարևոր էր, որ այդ հայտնեին, սակայն տես, որ Հակոբը երբեք չի ցանկանում Բենիամինին իր մոտից բաց թողնել: Այն ժամանակ Ռուբենը նեղ դրության մեջ մնալով՝ ասում է. «Բենիամինին ինձ հանձնիր, եթե ես նրան ողջ և առողջ չվերադարձնեմ, իմ երկու որդիներին սպանիր», սակայն Հակոբը չի համաձայնվում, քանի որ նրա առաջարկը անօրեն էր և հետևաբար՝ անընդունելի:

Դժբախտաբար բերված ցորենը սպառվում է և նրանք ծանր մտատանջությամբ են համակվում, քանի որ օր օրի սովը սաստկանում էր և եթե կրկին գնալով ցորեն չբերեին՝ անպատճառ սովամահ պիտի լինեին: Սակայն առանց Բենիամինի Եգիպտոս չեն կարող գնալ, քանզի վախենում են, որ Հովսեփի մոտ ստախոս դուրս կգան, և նրա բարկությունը իրավացիորեն իրենց վրա բերելով՝ խստագույնս պատժի պիտի ենթարկվեն, այսուհանդերձ Հակոբը ոչ մի առումով չի համաձայնվում թույլ տալ, որ Բենիամինը Եգիպտոս գնա:

Ապա Հուդան խնդրում է հորը, որ իրեն հանձնի Բենիամինին, որին եթե կենդանի չվերադարձնի, իր ամբողջ կյանքի ընթացքում հանցավոր համարվի (Ծննդ. 43:8): Հակոբը այս խոսքի վրա համաձայնվում է, որ Բենիամինը եղբայրների հետ Եգիպտոս գնա: Նկատիր, թե որքա՜ն ծանր է հանցավոր լինել, քանի որ այլ կերպ չկարողացան համոզել Հակոբին: Արդարև սա մեծ փորձություն էր Հակոբի համար, քանի որ 12 որդիներից ոչ ոք իր մոտ չի մնում. առաջ միայն Հովսեփի համար էր լացում, սակայն այս անգամ կարծես բոլորն էլ կորած դարձան: Սակայն ինչպես մինչ այդ պահը շատ աղետների և դժբախտության հանդիպելով՝ իր հույսը երբեք Աստծուց չկտրեց, նույնպես դարձյալ առանց հուսահատվելու իր որդիներին Աստծո կամքին հանձնեց (Ծննդ. 43:14):

Մի՛ վախեցիր, ո՛վ Հակոբ, թեև մի փոքր ժամանակ առանց որդիների կմնաս, սակայն հետո Հովսեփին էլ կգտնես, քանի որ Բենիամինի Եգիպտոս գնալուն պես Հովսեփը գտնվում է: Հակոբի պատվիրանի համաձայն, տասը եղբայրները, իրենց հետ ընծաներ և կրկնակի արծաթ և Բենիամինին էլ վերցնելով, միասին գնում են Եգիպտոս: Հովսեփը, նրանց տեսնելուն պես, իր տան վերակացուին հրամայում է, որ տուն տանելով կերակուր պատրաստել տա: Սակայն նրանք կասկածելով, որ նախորդ անգամվա ցորենի արծաթի համար պիտի իրենց տանեն, իսկույն շտապում են ասել, որ այն հետ են բերել: Հիշյալ վերակացուն հանգստացնում է նրանց, ասելով, որ վախենալու ոչինչ չունեն, և Շմավոնին էլ բանտից հանելով, ըստ սովորության, բոլորի ոտքերը լվանում է:

Հովսեփի տուն գալուն պես իրենց բերած ընծաները մատուցում են և ողջունելու համար խոնարհվում նրա առջև, նա էլ նրանց որպիսությունը հարցնելով, երբ լսում է, որ նրանց հայրը ողջ է, գովում և գովաբանում է նրան (Ծննդ. 43:28): Նույնպես Բենիամինի մասին հարցնում է, թե «Ա՞յս է ձեր փոքր եղբայրը և որի համար ասել էիք, որ կբերեք ինձ մոտ» (Ծննդ. 43:20):

Նրանք թեև այս խոսքերից ոչինչ չհասկացան, սակայն Հովսեփի սիրտը չդիմանալով, այլ սենյակ է մտնում, որպեսզի արտասվի: Ճաշի ժամանակ Հովսեփը եգիպտացիների հետ սեղան նստելով, եղբայրների համար առանձին սեղան է պատվիրում և նրանք իրենց տարիքին հարմար կարգով նստելով, զարմանում են, թե ինչպես է կարողացել զանազանել իրենց աստիճանները, քանի որ նախ մեծին, ապա փոքրին է նստեցնում: Հիրավի, սրանից պիտի հասկանային, որ Հովսեփը ճանաչում է իրենց, սակայն բնավ չեն հասկանում:

Բացի այդ, քաղաքի սովորության համաձայն, Հովսեփը իր սեղանից նրանց կերակուր ուղարկած ժամանակ, Բենիամինին հնգապատիկ ավելի է տալիս (Ծննդ. 43:34): Քանի որ երկուսն էլ միևնույն մորից լինելով՝ նրան ավելի է պատվում, և դարձյալ նրանք չեն ճանաչում Հովսեփին: Ճաշից հետո նա տան վերակացուին հրամայում է, որ նրանց բեռները ցորենով լցնելուց հետո, արծաթը վերստին տոպրակների մեջ դնի: Նաև իր գործածած գինու բաժակը Բենիամինի բեռի մեջ է դնել տալիս, և հաջորդ օրը տասնմեկ եղբայրները ուրախությամբ ճանապարհ են դուրս գալիս:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․