Ինչո՞վ է չորրորդ դարը տարբերվում երրորդից:

Սինա լեռան վրա Մովսեսին օրենք տրվելով: Քանի որ մարդիկ մինչ այն ժամանակը բնական օրենքներով էին կառավարվում, որ Աստված հաստատել էր մարդու բնության մեջ՝ որպես Իր հավիտենական օրենքների լույսը (թեև աղոտ կերպով):

Չորրորդ դարում նույն Ինքն Աստված երկու տախտակների վրա այն գրելով Մովսեսին է տալիս (Բ Օր. 6:9), որպեսզի մարդիկ իմանան Աստծո միությունը և Նրա կամքն ու հրամանը: Քանի որ որպես մարդու արարիչ և նրա էության մեջ բնական օրենք հաստատող Աստված է, նույնպես գրավոր օրենք տվողն ու իսրայելացիների Աստվածը Նա է, Որին բոլոր արարածները պարտավոր են հնազանդվել և օրենքը Նրա հրամանն է և ինչը մարդիկ բնական կարողությամբ ըմբռնում էին, այնուհետև սկսեցին գրքի մեջ նույնպես կարդալ, որպեսզի չմոռանան:

Այս պատճառով իսրայելացիներին պատվիրվեց, որ հիշյալ օրենքը իրենց տների դռների շեմերին գրեն, որպեսզի իրենց մուտք ու ելքի ժամանակ միշտ և հանապազ մտաբերեն օրենքի նկատառումները: Քանի որ օրենքը գրի առնվեց, ուստի և հակառակը վարվող մարդկանց համար հարկավոր եղավ արժանի պատիժն էլ գրի առնել, ուստի միևնույն ժամանակ դատաստանական օրենք նույնպես տրվեց Մովսեսին:

Մանավանդ գրավոր կամ մովսիսական օրենքի նպատակակետը քրիստոնեական օրենքն էր, ուստի սրա պատկերները խորհրդավորաբար հայտնելու համար այլ և այլ սովորություններ, կանոններ և խրատական օրենքներ դրվեցին, որոնք իսրայելացիները գործադրելով՝ իրենց հավատքը և հույսը գալիք Մեսիայի վրա դրած էին լինում, և Աստծուն հնազանդություն և հպատակություն հայտնելով հանդերձ, տարբերվում էին բոլոր կռապաշտ ազգերից:

Հիշյալ օրենքը, քրիստոնեական նոր օրենքից առաջ Մովսեսի ձեռքով տրվելու պատճառով, հին և մովսիսական օրենք կոչվեց, նոր օրենքի ստվերն ու նախատիպը լինելու համար նոր օրենքի «ստվերը» կոչվեց, գրված լինելու պատճառով՝ «գրված» օրենք կոչվեց:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․