12 Հոկտեմբեր, Շբ
Ո՛չ, ժողովուրդը իր խոստմանը հավատարիմ չմնաց: Արդարև, թեև Մովսեսը ժողովրդի ծերերին պատվիրել էր, որ այնտեղ սպասեն մինչև իր վերադարձը և եթե դատ ունենան` Ահարոնին և Օվրին դիմեն, սակայն քանի որ նրանք աշխարհիկ ընթացքի սիրահար էին, օր առաջ Երուսաղեմ հասնելու և այնտեղ հանգիստ կյանք վարելու տենչանքով՝ Մովսեսի քառասուն օր հապաղման համար սաստիկ նեղվում են և հիմարաբար կարծում, թե այլևս չպիտի վերադառնա և Աստված էլ չօգնելով՝ նրանք անապատում խեղճ և թշվառ պիտի մնան:
Այս պատճառով բազմությամբ հարձակվում են Ահարոնի վրա և նրանից «աստված» ուզում (Ելք 32:1), որպեսզի իրենց առաջնորդի, քանի որ գիտեին, որ եթե ճանապարհին թշնամու պատահեն, ապա առանց Աստծո չեն կարող ազատվել:
Դու տես, թե անհամբերության պատճառով որքան շուտ մոռացան Աստծո բարերարությունը, ինչպես ուրացությամբ մեղանչեցին Նրա հավիտենական գոյության և բարերարության դեմ՝ կուռք խնդրելով: Նմանապես, Մովսեսին էլ որպես մի օտար ընդունելով՝ ասում են. «Այն Մովսեսը, որը մեզ Եգիպտոսից հանեց, չգիտենք, թե ի՞նչ եղավ». և այսպիսով ուրանում են նրա լավությունը (Ելք 32:1):
Թեպետ Ահարոնը հավանություն չի տալիս ժողովրդի այսպիսի ապօրեն առաջարկին, սակայն նրանց անհնազանդությունն ու ըմբոստությունը իմանալով՝ համաձայնվում է կատարել նրանց ցանկությունը, սակայն ոչ թե կուռք պատրաստելու, այլ ինչ որ կերպ ժամանակ շահելու միջոց է փնտրում, մինչև որ Մովսեսը լեռից իջնի: Այս պատճառով նրանց կանանց և աղջիկների ոսկե օղերն է պահանջում, որպեսզի իրենց ապրանքները կամ ունեցվածքները խնայելով՝ ետ կանգնեն իրենց պահանջից, սակայն, դժբախտաբար, տղամարդիկ և կանայք կուռքի սիրով մոլորված՝ առանց խնայելու բերում են իրենց ոսկյա օղերը:
Ճշմարիտ է, որ այդքան մեծ բազմությունը ամբողջությամբ չհակվեց կռապաշտությանը, սակայն ոչ ոք չհամարձակվեց դիմադրել և արգելել, քանի որ չար բանին հետևողները միշտ շատ են և համառ: Այս պարագայում, Ահարոնի կողմից միայն նրանց ականջօղերը ուզելը նրանց մոռացկոտ անհնազանդությունն է հայտնում, քանի որ օրենքը իրենց ականջով դեռևս նոր լսած լինելով հանդերձ, շուտափույթ օրինազանց եղան:
Քանի որ եգիպտացիները հորթ էին պաշտում, ուստի հորթի կերպարանքով ոսկուց ձուլված մի կուռք է պատրաստում, որպեսզի ըմբռնելով, որ այն Աստված չէ և չի կարող օգնել իրենց, շուտ զղջան իրենց հիմարության համար, քանի որ նա, որ չկարողացավ Եգիպտոսից իրենց ազատել, իհարկե իրենց առաջնորդել նույնպես անկարող է: Սակայն անմիտ ժողովուրդը կուռքին տեսնելուն պես՝ «Իսրայելացինե՛ր, ձեզ Եգիպտոսից հանող Աստվածը այս է» ասելով, սկսում են պաշտել դրան և կերուխումի նստելուց հետո սկսում եմ ցնծությամբ պարել (Ելք 32:4):
Նայի՛ր, ժողովուրդը ներքևում՝ բնակավայրում Աստծուն է ուրանում, սակայն Աստված լեռան վրա նրանց համար Մովսեսին օրենքներ է տալիս: Արդ, երբ լրանում է քառասուն օրը, Աստված Մովսեսին ասում է. «Շտապով ցած իջի՛ր, քանի որ քո ժողովուրդը շեղվեց ուղիղ շավիղից» (Ելք 32:7):
Այստեղ լավ ըմբռնիր առաքինության և մոլության տարբերությունը, քանի որ Աստված իսրայելացիներին Իրեն սեփական ժողովուրդ դարձրած լինելով հանդերձ, այս անգամ նրանց առումով «Մովսեսի ժողովուրդ» է անվանում, քանի որ հնազանդության շավիղից խոտորվելու պատճառով «Աստծո ժողովուրդ» կոչվելու համար անարժան են հանդիսանում: Այսուհանդերձ Նրա իշխանությունից դուրս գալ չկարողանալով՝ ինքնըստինքյան ավելի պատժի են արժանանում:
Արդարև, Աստված բոլորի վրա էլ իշխում է, բայց հնազանդության շավղի մեջ գտնվողներին որպես Հայր է նայում, և միշտ մխիթարում է նրանց, իսկ անհնազանդների վրա իբրև դատավոր իշխելով՝ պատժում է, որպեսզի ուղղվեն, և եթե անզեղջ մնալով չուղղվեն, ապա այս աշխարհը այդպիսի մարդկանց բանտն է համարվում, մինչև որ մի օր չարաչար վախճան գտնելով՝ գնան իրենց դատապարտության վայրը: Ինչպես որ իսրայելացիները իրենց անհնազանդությամբ դատաստանի արժանի լինլով, Աստված նորից Մովսեսին ասում է. «Ինձ արգելք մի եղիր, որ ոչնչացնեմ նրանց և քեզ էլ մեծ ազգ դարձնեմ» (ելք 32:10):
Խելամուտ եղիր Աստծո ողորմությանը: Նա, որ մեղավորին պատժելիս ոչ ոքի չի հարցնում, և ոչ ոք չի կարող արգելք լինել Նրան, սակայն ողորմած լինելու պատճառ է փնտրում մեղավորին ողորմելու համար, այդ պատճառով. «Թող նրանց կոտորեմ» ասելը նրանց համար «Ինձ աղաչիր» ասելու նման է: Այս խոսքը ոչ միայն Մովսեսի, այլ նաև բոլոր սրբերի համար պատիվ համարվեց:
Քանի որ Աստված, նրանց աղոթքներով, մեղավորի հանցանքները ներել է ցանկանում, որպեսզի սրբերի պատիվը հասկանալով՝ ամեն մարդ աշխատի առաքինությամբ Աստծուն հաճելի լինել: Այս խոսքը նաև մեղավոր մարդու համար մեծ մխիթարություն է, քանի որ երբ մեկը սխալվելով մեղանչի, հուսահատվելու փոխարեն սրբերի միջնորդությամբ Աստծո ողորմությանը ապավինելով՝ ջանում է ազատվել մեղքից: Այնպես, ինչպես Մովսեսը ժողովրդի համար աղոթք և աղաչանք անելուն պես՝ Աստծո բարկությունը մեղմացավ և այլևս չպատժեց մեղավոր ժողովրդին (Ելք 32:14):
Օրինակ վերցրու. ժողովուրդը, Մովսեսի երախտիքը մոռանալով, նրա մասին որպես օտարականի արտահայտվեց, սակայն նա դարձյալ ժողովրդի փրկության համար աղաչում է Աստծուն, քանի որ ճշմարիտ մեծության պայմանը այն է, որ մարդն, առանց ժողովրդի թերությանը նայելու, միշտ տքնի նրա բարօրության և լավության համար:
Հետո Մովսեսը, օրենքների տախտակները վերցնելով, գալիս է այն վայրը, որտեղ Հեսուն իրեն էր սպասում: Եվ երբ երկուսը միասին իջնում են լեռից, աղմկալից ձայներ լսելով Հեսուն կարծում է, թե բնակավայրում կռիվ կա, սակայն Աստված Մովսեսին հայտնած լինելով ժողովրդի կռապաշտության մասին, իսկույն հասկանում է, որ այդ աղմուկը կռվի ձայն չէ, այլ խելակորույս հարբածների ժխոր:
Երբ նա բնակատեղին մտենալով տեսավ հիշյալ կուռքը և նրա շուրջ պար բռնածներին, սաստիկ բարկանալով՝ օրենքների տախտակները գետնին զարկելով ջախջախեց և փշրեց, համարելով, որ մի այսպիսի անհնազանդ և ապերախտ ժողովուրդ արժանի չէ Աստվածային ողորմության (Ելք 32:19), և կուռքը վերցնելով կրակի մեջ այրում է և փոշիացնելով ջրին խառնելով՝ խմեցնում է ժողովրդին, որպեսզի լավ հասկանան, թե ինչ էր, որ քիչ առաջ պաշտում էին:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902