12 Հոկտեմբեր, Շբ
Չփչացող փայտից պատրաստված մի սնդուկ էր, որի երկարությունը երկուս և կես, լայնությունն ու բարձրությունը մեկ և կես կանգուն էին, ներսից և դրսից ոսկեպատ էր, չորս անկյուններում ձուլածո ոսկե օղակներով, որոնց մեջ չփչացող փայտից ոսկեպատ հաստատուն ձողեր էին անցկացված, և այս ձողերից բռնելով վերցնում էին և տանում այն:
Նաև դրված տեղում գետնին չդիպչելու համար ներքևում՝ չորս անկյուններում, կլոր անիվներ կային, որոնց վրա հենվում էր: Վրան ոսկեղեն կափարիչով փակ էր, որը «քավություն» էր կոչվում (Ելք 37:6): Սրա վրա նույնպես, երկու կողմում, իրար դեմ դիմաց հրեշտակի նման մեկական քերովբեներ կային, որոնք դեպի ներքև՝ քավությանն էին նայում:
Այս քերովբեները չորսական թևեր ունենալով, ներքևի երկուսը որպես հովանի տարածված էին քավության վրա, իսկ մյուս երկու վերևի թևերը, վերևից տարածվելով, գալիս էին և միմյանց միանում, որոնց վրա Աստված էր բազմում՝ ինչպես Իր աթոռի վրա, և սնդուկի կափարիչը՝ քավությունը, որպես Իր ոտքերի պատվանդան էր ծառայում, որտեղ Աստված խոսում էր Մովսեսի հետ (Դան. 3:54):
Հետևյալ բաներն էին պահվում հիշյալ տուփում. Տասնաբանյա օրենքների տախտակները, դատաստաններին և հասարակությանը ու սովորություններին վերաբերող օրենքները, որոնք գրել էր Մովսեսը: Ինչպես նաև մի ոսկեղեն սափորի մեջ՝ մանանա, Ահարոնի գավազանը, որը ծաղկելով՝ պտղաբերել էր... ընկույզ (Թվեր 18:8), և ոսկեղեն բուրվառը նույնպես տապանակի կամ Սրբության Սրբոցի մեջ էր պահվում (Եբր. 9:3): Հիշյալ սնդուկը «Վկայության տապանակ» կամ «Կտակարանների տապանակ» կոչվեց: Քանի որ նրանում պահված իրերը որպես վկա՝ Աստծո զորությունը, ողորմությունը և իսրայելացիների հետ կապված ուխտն էին հայտնում, այս պատճառով վրանը, որում պահվում էր Տապանակը, «Վկայության խորան» կոչվեց:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902