Պատասխան – Պետք է իմանալ, որ աստվածային կարողությունը երկու մասի է բաժանվում՝ Բացարձակ և Կարգյալ: Բացարձակ կարողությամբ Աստված այնպիսի բան կարող է անել, որ մենք չենք կարող հասկանալ: Ըստ Օգոստինոսի, այս Բացարձակ կարողությամբ դատապարտված հոգիները կարող են դժոխքից ազատվել: Իսկ Կարգյալ կարողությամբ հնարավոր չէ, որ դատապարտվածները դժոխքից ազատվեն, քանզի Կարգյալ կարողությամբ Աստված չի կամենում, որ չարն առանց պատճի մնա, իսկ բարին՝ առանց վարձի:
Քանի որ մարդն աշխարհի վրա է, իր չար գործը փոխելով՝ կարող է աստվածային վճիռը ևս փոխել. Աստված այն կփոխի Իր մարդասիրությամբ: Սուրբ Գրիգոր Նարեկացին Աստծուն ասում է. <<Որ միշտ հաղթվում ես գթությունից և չես թշնամանում, պարտվում ես ողորմությունից և չես պարսավում, և այլն>> (ԲԱՆ ԾԸ):
Ահա մի օրինակ. Եսային Աստծո հրամանով գալիս է Եզեկիայի մոտ և ասում. <<Պատվեր տուր տանդ համար, որովհետև մեռնելու ես, չես ապրելու>> (Եսայի 38:1): Ապա Եզեկիայի աղոթքի շնորհիվ Աստված տասնհինգ տարով երկարացրեց նրա կյանքը: Աստված նինվեցիների համար վճռեց. <<Եվս երեք օր, և Նինվեն պիտի կործանվի>> (Հովնան 3:5): Բայց երբ քաղաքացիները հրաժարվեցին իրենց չարությունից, Աստված փոխեց վճիռը:
Մարդ քանի աշխարհի վրա է, կարող է ընկնել և նորից ոտքի կանգնել: Եթե այսպես չլիներ, մարդու անձնիշխանությունը պիտի խափանվեր: Աստծո մարդասիրությունը բազմիցս զղջման շնորհ է պարգևում մարդուն, թեպետ բոլորը չէ, որ զղջում են, որովհետև այդ շնորհին տեղի չեն տալիս: Իսկ շատերն էլ, տեղիք տալով, զղջում են: Ուրեմն ժամանակավոր վճիռը կարող է փոփոխվել: Եթե աջակողմյան ավազակը և Մարիամ Մագդաղենացին առանց զղջալու մեռնեին, պիտի դատապարտվեին դժոխքի մեջ: Բայց որովհետև զղջացին՝ վճիռը փոխվեց: