22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Մեկը շաբաթ օրը փայտ էր հավաքում, սակայն քանի որ շաբաթ օրը մարմնական գործերով զբաղվելն Աստծո պատվիրանին հակառակ էր, այդ մարդուն քարկոծելով սպանում են: Մեկ ուրիշին էլ, քանի որ բանակատեղիում կռվելու ժամանակ հայհոյել էր, Աստծո հրամանով քարկոծելով սպանեցին:
Թող հայհոյող մարդիկ խրա՛տ առնեն, ինչպես նաև նրանք, ովքեր կիրակի օրը սուրբ չեն պահում, քանզի եթե հին օրենքի ժամանակ հայհոյող և աստվածային պատվիրաններին հակառակվող մարդիկ մահվան արժանի դատվեցին, նոր օրենքի ժամանակ այդպիսի ընթացք ունեցողները որքա՜ն ավելի մեծ պատժի արժանի պիտի լինեն:
Դարձյալ. Ղևիի ցեղից Կորխ անունով ազդեցիկ մեկը, Ահարոնին նախանձելով, ուզում է քահանայապետությունը նրա ձեռքից վերցնել: Այս նպատակով պատվավոր ղևտացիներից երկու հարյուր հիսունի չափ մարդկանց իրեն համախոհ գտնելով՝ հանդգնում է հասնել իր նպատակին:
Սակայն հասկանալով, որ Մովսեսն այս գործին հավանություն չպիտի տա, նրա դեմ ևս հակառակորդներ դուրս բերելու մտադրությամբ Հակոբ նահապետի անդրանիկ որդու՝ Ռուբենի ցեղից երեք երևելի մարդկանց՝ Դաթան, Աբիրոն և Օնան, շահագրգռող միջոցներով իրեն է միացնում, որպեսզի սրանք՝ իբրև անդրանիկ ցեղից առաջ եկած պատվավոր անձինք, հետամուտ լինելով մեծությանը՝ կոտրեն Մովսեսի ազդեցությունը և կամ ժողովրդի գլուխ անցնեն, որ ինքն էլ կարողանա քահանայապետ դառնալ:
Այս մասին նրանք Մովսեսի և Ահարոնի դեմ այսպես էին խոսում. «Այդքանը ձեզ բավական է, միայն դո՞ւք եք սուրբ, ամբողջ ժողովուրդն է սուրբ, և Աստված նրանց մեջ է»: Ուզում էին ասել, որ եթե սրբության պատճառով եք իշխում, ամբողջ ժողովուրդն է սուրբ, ինչո՞ւ միշտ հենց դուք պիտի իշխեք:
Այս խոսքերը լսելուն պես Մովսեսն իսկույն երեսի վրա է ընկնում, սակայն ոչ թե երկյուղից, այլ նրանց խոսքերի վրա ունեցած մեծ զարմանքից: Նա, երեսը գետնամած, Աստծուց խնդրում է, որ կամենա և պատասխանի, թե ո՛վ է սուրբ, որպեսզի իրենց միջև հակառակություն չծագի: Քանի որ Կորխը, մի հպարտ անձնավորություն լինելով, նախանձում էր Ահարոնին, սակայն նախանձելը հայտնի չդարձնելու համար սրբության խնդիր է առաջ քաշում, և «Ես սուրբ եմ» ասելը շատ անտեղի լինելու պատճառով առարկում է՝ «Ամբողջ ժողովուրդը սուրբ է», որ ինքն էլ սուրբ համարվի՝ որպես ժողովրդի մի անհատ:
Եվ քանի որ Ահարոնը Աստծո կամքով էր քահանայապետ եղել, այս պատճառով Մովսեսը դատաստանը Աստծո կամքին է հանձնում, Կորխին և նրա հետևորդներին հանձնարարում է, որ հաջորդ օրն իրենց բուրվառների մեջ ածուխ և խունկ դնելով՝ գան խորանի առջև, «Աստված ում որ ընտրի, նա է սուրբը: Մի՞թե փոքր պատիվ է, որ Աստված քեզ խորանի ծառայությանը հատկացրեց. արդ, ձեր այս պահվածքով ոչ թե Ահարոնի, այլ Աստծո առջև եք դուրս եկել, ո՞վ է Ահարոնը, որ գանգատվում եք նրա դեմ»:
Մովսեսն այս խոսքերով ցանկացավ նրանց զղջման հրավիրել, որ պատիժ կրելու չդատապարտվեն, և մարդ ուղարկելով՝ Դաթանին և Աբիրոնին նույնպես հրավիրեց, որպեսզի ներկայանան խորանի առջև: Քանի որ նրանք վերադարձել էին իրենց վրանները և սպասում էին խնդրի ելքին. որ եթե Կորխին իր նպատակը առաջ տանել հաջողվի, իրենք էլ հարձակվեն Մովսեսի վրա և նրա իշխանությունը ձեռքից խլեն:
Սակայն հիշյալ երկու մարդիկ Մովսեսի մոտ չգալուց բացի լուր են ուղարկում՝ ասելով. «Բավական չէ, որ անապատում մեռնելու համար Եգիպտոսի նման արգասավոր երկրից մեզ հանեցիր, և տակավին իշխանություն ես վարում: Մի՞թե կաթ և մեղր բխող երկիր տանելով՝ արտ և այգի՞ տվեցիր մեզ: Եթե մինչև իսկ մեր աչքը փորելու լինես, չենք գա»:
Այսպիսի հակառակ խոսքեր լսելով՝ Մովսեսը խիստ բարկացավ, քանի որ առաջ՝ «Ելե՛ք, տիրե՛ք Ավետյաց երկրին» ասած ժամանակ, չցանկացան գրավել, իսկ այս անգամ հանդիմանում էին, թե իրենց ինչո՛ւ այնտեղ չտարավ: Մանավանդ որ մինչ այդ պահը Մովսեսը ոչ միայն նրանց ոչ մի նեղություն չէր տվել, այլև միշտ բարերար էր եղել, և ահա իրեն մի անգութ բռնավոր համարելու չափ անխիղճ են գտնվում:
Հաջորդ օրը Մովսեսը և Ահարոնը, խորանի դռան մոտ կանգնած, Կորխին համախոհ երկու հարյուր հիսուն մարդիկ ևս, յուրաքանչյուրը մի-մի պղնձե բուրվառ ձեռքներին, խորանի առջև գալով, կրակ ու խունկ են դնում դրանց մեջ: Կորխի դրդմամբ ժողովրդի մի մեծ բազմություն էլ է հավաքվում այնտեղ, և ահա Աստծո փառքը երևում է մի ահավոր հրի նման, և ամպի միջից խոսելով՝ Աստված Ահարոնին և Մովսեսին ասում է. «Այդ ժողովրդի միջից մի կո՛ղմ գնացեք, որ ես դրանց միանգամից ջնջեմ»:
Սակայն Մովսեսը և Ահարոնը գետնամած խնդրում են, որ մի մարդու պատճառով այդքան ժողովուրդ չկոտորվի: Աստված, նրանց աղաչանքը ընդունելով, Մովսեսին պատվիրում է ժողովրդին ասել, որ զատվեն Կորխի, Դաթանի և Աբիրոնի մարդկանցից, որպեսզի նրանց հետ չկորսվեն: Հրամանի համաձայն՝ Մովսեսը գնում և ազդարարում է, որ ժողովուրդը հեռանա այդ չար և ապստամբ անձանցից:
Եվ որպեսզի փաստի, որ ինքն Աստծո կողմից է ուղարկված, հիշյալ ապստամբների մահվան և կորստյան ձևն ու եղանակը նախապես հայտնում է՝ ասելով. «Եթե նրանք հասարակ և բնական մահով մեռնեն, ուրեմն ինձ Աստված չուղարկեց, բայց եթե գետինը ճեղքվելով՝ նրանց և նրանց ունեցվածքը կուլ տա, իմացե՛ք, որ Աստված ինձ ուղարկեց, քանի որ նրանք բարկացրին Աստծուն»:
Հազիվ Մովսեսն արտասանել էր այս խոսերը, երբ մի հրաշքով գետինը, իսկույն ճեղքվելով, կլանում է նրանց, նրանց վրանները և նրանց բոլոր համախոհներին: Շուրջը գտնվող ժողովուրդը, այս նորանշան երևույթը տեսնելով և միևնույն ժամանակ գետնի տակ անցնողների ողբալի ձայները լսելով, սաստիկ երկյուղով համակված, փախչում են: Իսկ այն երկու հարյու հիսուն մարդիկ, որոնք խորանի առջևում խունկ էին ծխում, խորանից դուրս ելած կրակով այրվեցին:
Արդարև, խռովարարներն այսպես կորստյան մատնվեցին, Աստված հրամայում է Մովսեսին և Ահարոնի որդուն՝ Եղիազարին, որ երկու հարյուր հիսուն այրված մարդկանց պղնձե բուրվառները ողջակիզման սեղանի առջև որպես վարագույր կախեն, որպեսզի ամեն տեսնելիս պատահած պատիժը մտաբերելով՝ չհամարձակվեն այլևս Տիրոջ դեմ հակառակ ընթանալ:
Կորխի պատժից խրա՛տ առ. վիճակիցդ գո՛հ եղիր, մի՛ հպարտացիր, որևէ մեկի մի՛ նախանձիր, չար մարդկանց ընդհանրապես մի՛ հետևիր, սակայն եթե սխալվես և միառժամանակ հետևես, շտապ զղջա՛ և նրանցից հեռացի՛ր, որ չդատապարտվես, թեև Կորխը, Դաթանը և Աբիրոնը ժողովրդի մեջ պատվավոր և ազդեցիկ մարդիկ էին, բայց իրենց դիրքը չհասկանալով՝ հպարտացան և Մովսեսին ու Ահարոնին նախանձելով՝ օրինակը չունեցող մի պատուհասով իրենց բոլոր համախոհների հետ միասին դժոխք իջան: Իսկ ով չարամիտների հետ չէր միացել, անվնաս մնաց, ինչպես որ նույնիսկ Կորխի որդիները, իրենց հոր գործերին և ընթացքին մասնակից չլինելով, ազատվեցին պատժից (Թվեր 16:11): Նմանապես Օնանը, թեև նախապես միաբանվել էր Դաթանի և Աբիրոնի հետ, բայց հետո զղջալով և նրանց ընկերակցությունից բաժանվելով՝ փրկվում է, ինչպես ենթադրվում է: Քանի որ Դաթանի և Աբիրոնի ապստամբության սկսվելու ժամանակ նրա անունը գրված է, սակայն պատիժ ընդունելու ժամանակ չի հիշատակվում:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902 թ.: