Գեդեոնի մահից հետո իսրայելացիները նորից կուռքեր պաշտեցի՞ն:

 Պաշտեցին: Քանի որ նա քառասուն տարի իշխելով՝ Աստծուն և Նրա սուրբ օրենքներին հնազանդ եղավ, ժողովուրդն էլ չար ընթացք  չունեցավ և խաղաղությամբ ու հանգիստ էր ապրում, սակայն Գեդեոնի մահից հետո նորից սկսեցին կուռքեր պաշտել, որից էլ խաթարվեց նրանց հանգիստը (Դատ. 8:35):

Թեպետ այս անգամ Աստված կռապաշտների ձեռքով նրանց չպատժեց, սակայն նույն այդ ապօրեն ընթացքով իրենք իրենց պատժեցին: Քանի որ Գեդեոնը, յոթանասուն որդիներից բացի, նաև Աբիմելիք անունով մի որդի ուներ, որը հարճից էր ծնված և հեռացված էր տնից, որպեսզի մյուս որդիների հետ հավասար ժառանգություն չունենա, ինչը որ հնուց եկած օրենք էր.  հարճի որդիները հոր անունով հիշվելու փոխարեն մոր անունով էին հիշվում:

Արդ, Աբիմելիքի մայրը Սիկիմ քաղաքից լինելով՝ Գեդեոնի մահվանից հետո վերադարձավ այդ քաղաքը: Նա մոր կողմի ազգական բնակիչների միջոցով տեղի ժողովրդի սիրտը շահելով՝ ցանկացավ թագավոր դառնալ: Նրանք խոստացան օգնել նրան՝ հույս ունենալով, որ նրա շնորհիվ իրենց քաղաքի փառքը կբարձրանա, իսկ իրենք էլ պաշտոն, պատիվ և հարստություն ձեռք կբերեն, ուստի բահաղ կուռքի եկամուտից առատ դրամ են տալիս Աբիմելիքին:

Սակայն Աբիմելիքը գիտեր, որ քանի դեռ իր եղբայրները կենդանի են, ինքը չի կարող հանգիստ լինել: Ուստի այդ դրամով  վարձում է սրիկա և անխիղճ մարդկանց, և հանկարծակի եղբայրների վրա հարձակվելով՝ բոլորին բռնում է. վաթսունիննին մի քարի վրա սպանում է, միայն կրտսեր եղբորը՝ Հովաթամին է հաջողվում մի կերպ փախչել, իսկ ինքը Սիկիմ վերադառնալով՝ բնակիչներից թագավոր է հռչակվում:

Այստեղ քաջ գիտակցիր իսրայելացիների թշվառ վիճակը. Գեդեոնը, նրանց ազատելով թշնամու ձեռքից, մեծ երախտիքի էր արժանի, սակայն երբ Սիկիմի բնակիչների օգնությամբ Աբիմելիքը նրա որդիներին կոտորում է, իսրայելացիներից ոչ ոք չի ցանկանում  նախանձախնդրորեն պաշտպան և դատավոր կանգնել արդարությանը: Հովաթամը, չկարողանալով հանդուրժել  այդպիսի անողորմ և վայրագ արարքը, բարձրանում է Գարիզի լեռը և արտասվում:

Բնակիչները հավաքվել էին լեռան մոտ, որը քաղաքից հեռու չէր,  ուստի Հովաթամը Գեդեոնի արած բարիքները և նրանց կատարած անգթությունը հիշեցնելով՝ մի առակով հայտնում է, որ Աբիմելիքին թագավոր դարձնելով՝ միմյանցով պիտի պատժվեն՝ ասելով հետևյալը. «Ծառերն իրենց վրա մի թագավոր ունենալու փափագով ձիթենուն, թզենուն և որթատունկին խնդրում են, որ թագավոր դառնան, սակայն նրանք իրենց պտուղն ու փառքը թողնել և փայտի վրա թագավորել հանձն չառան, այն ժամանակ դժնիկին էլ են խնդրում, որ իրենց վրա թագավորի: Դժնիկը ծառերին պատասխանում է, թե՝ «Եթե ինձ թագավոր կընդունեք, եկեք իմ հովանու ներքո պատսպարվեք»: Սակայն նույն այդ դժնիկից եթե հուր բորբոքվի արդյո՞ք չպիտի այրի նաև լիբանանի մայրու փայտը»: Սույն առակը ասելուց հետո Հովնաթանը վախից անմիջապես փախչում է:

Առակում հիշատակված պտղատու ծառերը Գեդեոնն ու իր որդիներն էին, իսկ դժնիկը  խորհրդանշում էր Աբիմելիքին: Քանզի նախ Գեդեոնին առաջարկեցին իրենց թագավորել, սակայն Աբիմելիքը եթե դժնիկի նման թագավորեր, մի օր հարստահարության հուրը պիտի այրեր իր իշխանության տակ գտնվող ժողովրդին: Արդարև, քանի որ  անագորույն (անգութ) Աբիմելիքը և Սիկիմի բնակիչները պատժի էին արժանի, Աստծո կամքով մի փոքր ժամանակ հետո նրանց մեջ թշնամություն ծագեց, և սիկիմացիներն այն աստիճան երես շրջեցին Աբիմելիքից, որ երբ նա բացակայում էր, թաքնվում էին լեռների ծերպերում, որպեսզի վերադարձին նրան արգելեն մտնել իրենց սահմաններից ներս: Սրանք, Աբիմելիքի հպատակները լինելու պատրվակով, անցորդներին էլ էին կողոպտում:

Թեպետ և նրանք Աբիմելիքին թագավոր հռչակելու համար զղջացել էին՝ փափագելով ազատվել նրա կեղեքիչ և բռնակալ իշխանությունից, սակայն այս գործի համար գլխավորի կամ առաջնորդի կարիքն ունեին, ուստի երբ Գաաղ անունով մի անձ իր եղբայրների հետ Սիկիմ է գալիս, սկսում են հուսալ, որ նա իրենց պիտի ազատի: Այդ ընթացքում նաև դուրս են գալիս այգեկութի, ուտում և խմում են, և պար բռնելով` բահաղի կռատունն են գնում, որտեղ անիծում են Աբիմելիքին:

Հիշյալ Գաաղը ևս փառքի և մեծության հասնելու նպատակով գոչում է. «Ո՞վ է Աբիմելիքը, որ ես ծառայեմ նրան»: Նա սկսում է ամբարտավան խոսքերով ժողովրդին դեպի իրեն գրավելու այլ միջոցներ  ձեռնարկել: Սակայն Զեբուղը, որը Աբիմելիքի կողմից այնտեղ որպես կառավարիչ էր կարգված, Գաաղի և սիկիմացիների խլրտումների մասին տեղյակ է պահում Աբիմելիքին, որը իր զորքով շուտով նրանց դեմ է դուրս գալիս:

Թեև Գաաղը քաղաքի բնակիչների հետ ստիպված պատերազմում է նրա դեմ, սակայն իսկույն հաղթվելով՝ կարողանում է փախչել, իսկ բնակիչներից շատերը կոտորվում են: Երկրորդ անգամ էլ պատերազմնելով և հաղթելով՝ Աբիմելիքը կործանում է քաղաքը: Քաղաքի աշտարակում պատսպարվածներն այս տեսնելով՝ թաքնվում են բահաղի կռատան մեջ, քանի որ այն ամրոցի նման ամրակառույց էր: Աբիմելիքն այնտեղ ապաստանածներին կորստյան մատնելու բաղձանքով մի բեռ փայտ է կտրում, իր զորքին էլ հրամայում է նույնը անել, և փայտը կռատան շուրջը կուտակելով՝ հրի է մատնում, որից այր և կին՝ թվով հազար հոգի, կռատան ներսում մահանում են:

Ապա Թեբիս կոչված վայրն է գրավում, որի բնակիչները ապաստանել էին տեղի  խիստ ամուր աշտարակում: Աբիմելիքն այն նույնպես ուզում է կործանել, և երբ մոտենում է նրա դարպասներին, մի կին մի երկայնաքարի բեկոր է նետում նրա գլխին, որը  ջախջախում և սպանում է նրան (Դատ. 9:53):

Օրինակ և խրատ վերցրու Աբիմելիքի թշվառ վիճակից, քննի՛ր, որ երբ իմանում է, որ քարը մի կին է նետել, իր կապարճակրին հրամայում է սպանել իրեն, որպեսզի չասեն, թե մի կնոջ ձեռքով մահացավ:

Խելամուտ եղիր Աստծո արդարությանը. ինչպես որ Աբիմելիքն իր եղբայրներին սրով քարի վրա սպանեց, նույնպես իր գլուխը քարով ջախջախվեց, որից  հետո սրով մահացավ: Նաև՝ Սիկիմի բնակիչներն իրենց փառքն ու օգուտն ավելացնելու նպատակով Աբիմելիքին թագավոր հռչակեցին, սակայն փառքի փոխարեն զղջում և ողբ գտան, քանի որ  իրենց քաղաքը կործանելուց բացի իրենք ևս՝ գրեթե ամբողջովին ջնջվեցին:

Իսկ վերոհիշյալ Գաաղը նույնպես ինքնահավան և իր չափը չիմացող մի անձ լինելով՝ կեղծիքով իշխանության հասնելու ցանկությամբ այդքան ժամանակ ապօրեն ջանքեր գործադրեց,  և պատերազմի դաշտում պարտվելով՝ ստիպված եղավ գլուխն ազատելու համար անարգաբար և աճապարանքով փախչել:

Դու տե՛ս, թե ինչպես կետ առ կետ կատարվեց Հովաթամի առակը. քանի որ դժնիկի նմանված անգութ Աբիմելիքից հարստահարության կրակը վառվելով՝ այրեց-սևացրեց իրեն և Սիկիմի բնակիչներին (Դատ. 9:56): Աբիմելիքը միայն երեք տարի իշխելով՝ իր և շատերի կորստյան պատճառ դարձավ, Աստծո և մարդկության թշնամին եղավ:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Բ, Վաղարշապատ, 1902 թ.:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․