Երբ կինը, ինչպես վերը նշվել է, գաղտնիքը կռապաշտներին է հայտնում, Սամսոնը բարկացած տուն է վերադառնում, և աները նրա կնոջն ամուսնացնում է ամուսնության ժամանակ իբրև ընկեր հատկացված այն երեսուն մարդկանցից մեկի հետ: Հետո Սամսոնը, որպես ընծա մի ուլ վերցնելով, Թամնաթա է գալիս, որպեսզի հաշտվի կնոջ հետ, սակայն, երբ լսում է, որ նա մի այլ մարդու հետ է ամուսնացել, սաստիկ բարկանում է: Թեև աները համաձայնում է՝ իր փոքր աղջկան Սամսոնին տալու, սակայն նա, այս առաջարկը չընդունելով, ասում է. «Եթե այսուհետև ձեզ չարիքներ հասցնեմ, հանցանքն իմը չպիտի լինի» : Արդ, կռապաշտներից վրեժ լուծելու համար Սամսոնը երեք հարյուր աղվես է բռնում և նրանց պոչերը երկու-երկու իրար է կապում և մի հնարով այդ կապերի մեջ ջահեր զետեղելով՝ վառում է ջահերը և կռապաշտների արտերի մեջ բաց թողնում: Ու թեև աղվեսները կրակի երկյուղից ցանկանում են փախչել, սակայն անկարող լինելով իրարից բաժանվելու՝ ուր գնում են, այնտեղ հրկիզում են: Ժամանակն էլ հունձքի և կալի լինելով՝ կրակն այնքան է բորբոքվում, որ շրջակայքում ամեն ինչ այրվելուց բացի՝ այգիներն ու ձիթենիներն էլ այրվում, որից իսրայելացիների թշնամիներն ահռելի կորուստներ են ունենում: Կռապաշտները, սույն հրդեհի պատճառ համարելով Սամսոնի աներոջը, նրա տունը, աղջկան և նրան այրում են, որպեսզի Սամսոնը, իմանալով, որ հանցագործը պատժված է, հանդարտվի: Սակայն Սամսոնը չի ցանկանում այդքանով բավարարվել, այլ նրանցից շատերին սպանելուց հետո գնում է և Եդիմի քարայրում մենակ բնակվում: Այն ժամանակ իսրայելացիները կռապաշտների իշխանության ներքո էին, և ոչ մեկը չէր կարող նրանց ընդդիմանալ, այլ միայն Սամսոնը, որն իբր թե իր կնոջը ուրիշին տալու պատրվակով, վրեժխնդրության նպատակով նրանց մեծ վնաս է տալիս, որից էլ թշնամու սիրտն այնպիսի վախ է ընկնում, որ իմանալով, որ նա վերոհիշյալ քարայրում է բնակվում, չեն համարձակվում նրա վրա հարձակվել, այլ ահագին բազմությամբ Հուդայի երկիրը գնալով՝ նրանից պահանջում են, որ Սամսոնին կապված իրենց հանձնի սպանելու համար: Իսրայելացիները, կռապաշտների զորությունից վախենալով, երեք հազար մարդ են ուղարկում Սամսոնի գտնվելու վայրը, որպեսզի նրան կապելով՝ հանձնեն թշնամուն: Դու իսրայելացիների թշվառ և խեղճ վիճակի´ն նայիր. Սամսոնն իր ազգի փրկության եռանդով է գործում, և ազգն էլ պարտավոր էր նրան պաշտպանելու, սակայն, ընդհակառակը, փափագում են նրան իրենց ձեռքով թշնամուն հանձնել: Թեպետ Սամսոնը Աստծու շնորհով երկյուղ չուներ նրանցից, սակայն իր ազգին չվնասելու համար համաձայնում է, որ իրեն կապեն, միայն թե նրանց երդվել է տալիս, որ իրեն չսպանեն: Այն ժամանակ նրան կապում են երեք տակ գործված պարանով և տանում, թողնում են բանակի առջև, իրենք էլ հեռվից հետևում են դեպքերի զարգանալուն: Խորհի´ր, թե այդ պահին Սամսոնի մտքով ինչեր են անցնում, քանի որ թշնամին զինված էր և ստվարաքանակ, ինքը՝ միայնակ և մանավանդ կապկպված, իր ազգակիցներն էլ` լոկ հանդիսատես, և ոչ մի տեղից օգնող չկար, սակայն մի´ կարծիր, որ քաջարի Սամսոնը, թշնամուց վախենալով, հուսահատվում է, այլ, ընդհակառակը, Աստծու զորությունը և օգնությունը հուսալով՝ աներկյուղ մնում: Երբ թշնամին նրան կապված է տեսնում, բոլորն ուրախությամբ միանգամից հարձակվում են նրա վրա, Սամսոնը, Աստծուց զորանալով, իսկույն շարժում է բազուկները, և ահա Աստծու կամքով նրա բազուկների կապերը կրակն ընկած լաթի նման հալվում են: Եվ թեպետ այժմ թևերը կապանքից ազատ էին, բայց թշնամուն դիմադրելու համար զենք չուներ: Սակայն Աստծու զորությունը մարդկանց անհնարին թվացող պարագաներում է հայտնվում, և Սամսոնն այնտեղ մի ավանակի ծնոտ է գտնում և դրանով թշնամուց հազար մարդ սպանելուց և մյուսներին փախուստի մատնելուց հետո ոչինչ չարած մարդու անհոգությամբ մի կողմ է նետում ծնոտը: Սամսոնը, մարտական այսպիսի քաջագործություն կատարելով, ինչքան էլ չի հոգնում, բայց սաստիկ ծարավում է։ Ուստի խոստովանելով, որ հաղթանակի համար Աստծու օգնությանն է պարտական և վախենալով, որ ծարավից կմահանա և թշնամու ձեռքը կընկնի, դիմում է Աստծուն, և ահա մի հրաշքով վերոհիշյալ ծնոտից ջուր է բխում , նա էլ խմելով զովանում է: Տեղն էլ ծնոտի աղբյուր է անվանում, որպեսզի իր նկատմամբ աստվածային ողորմությունը չմոռացվի, և Աստծու մեծ զորությունը բոլորին հայտնի լինի: Հետո Սամսոնը, կռապաշտ փղշտացիների Գազա քաղաքը գնալով, իջևանում է մի կնոջ տանը։ Բնակիչները, նրա գալստյան լուրը լսելով, աշտարակի դռան մոտ սպասում են, որ հեռանալիս սպանեն նրան: Սամսոնը, ցանկանալով կեսգիշերին այնտեղից մեկնել, երբ տեղեկանում է նրանց նպատակի մասին, իսկույն քաղաքի դուռը՝ սեմերով և նիգերով, իր ուսին դնելով, տանում է մինչև լեռը: Լա´վ մտապահիր. Սամսոնը գիտեր, որ կռապաշտներն իրեն թշնամի են, սակայն դիտմամբ նրանց քաղաքներն է գնում, որպեսզի նրանց պատժելու պատճառ գտնի, և մանավանդ բոլորին հայտնի դառնա Աստծու զորությունը, Որն իրեն այնպիսի գերմարդկային ուժ է շնորհել։ Հետո կռապաշտների Ովրիկ քաղաք գնալով՝ այնտեղ Դալիլա անունով մի կնոջ է սիրահարվում, որին կռապաշտ մեծամեծները շատ ոսկի են խոստանում, որպեսզի նա պարզի, թե ինչից է Սամսոնի ուժը, և ինչպես կարելի է ջլատել այդ զորությունը, մի ճարտար հնարքով իմանա դա և հայտնի իրենց, քանի որ մտածում են, որ Սամսոնի այդպիսի տարօրինակ ուժը անպատճառ մի գաղտնիք պիտի ունենա: Եվ նախ փափագում են իմանալ այդ գաղտնիքը, որպեսզի, ըստ դրա, հետագայում նրան տկարացնելու անհրաժեշտ միջոցներ գտնեն, որովհետև բոլորին հայտնի էր՝ այլ կերպ անկարելի պիտի լինի հաղթել Սամսոնին: Արդ, խարդախ և ագահ կինը, երբ, ըստ թշնամիների ցանկության, հարցնում է Սամսոնին, թե նրա ուժն ինչից է տկարանում և թուլանում, նա պատասխանում է. «Եթե նոր և չգործածած ջլերով կապեն, իմ զորությունն ինձնից կգնա», և քանի որ տանը մարդիկ էին թաքնվել, որպեսզի նրա գաղտնիքը իմանալով՝ բռնեն նրան, Դալիլան, եղնիկի ջլեր բերել տալով, կապում է Սամսոնին և փորձելու համար ասում. «Ահա այլազգիները եկան, որ բռնեն քեզ»: Այս բառերից հետո Սամսոնն իսկույն բոլոր կապերը բարակ թելի նման կտրտում է և պատրաստվում՝ դիմադրելու: Հասկացի´ր. հիշյալ կինն առաջին անգամ մտերմաբար և հպանցիկ է հարցնում և երբ տեսնում է, որ Սամսոնի պատասխանը ճիշտ չէ, մեղմ հանդիմանական ոճով կրկնում է հարցը և պատասխան ստանում, որ եթե նոր պարանով կապվի, ուժը կկորցնի: Սակայն երբ յոթ նոր պարաններով նրան կապելուց հետո և «ահա այլազգիները եկան, որ բռնեն քեզ, Սամսո´ն» ասելուն պես նա իսկույն հեշտությամբ կտրում է պարանները, այս անգամ էլ նրանք իրենց նպատակին չեն հասնում, քանի որ գաղտնիքն անհայտ է մնում: Սակայն անզգամ կինը, դարձյալ չհուսահատվելով, «մինչև երբ պիտի ինձ խաբես» ասելով, խստիվ ստիպում է, որ ճշմարտությունը հայտնի իրեն: Սամսոնը պատասխանում է. «Եթե գլխիս մազերի յոթ գիսակները կտավի ծոպերի հետ հյուսված ցիցերով պատին գամես, այն ժամանակ կտկարանամ, մի հասարակ մարդու նման կլինեմ»: Քանի որ մանկությունից նրա գլխին ածելի չէր դիպել, որից էլ մազերը շատ էին աճել և մանկությունից յոթ գիսակների էին բաժանված: Այն ժամանակ խարդախ և դավաճան Դալիլան, Սամսոնին քնեցնելով, ըստ նրա ասածի, գիսակները գամում է պատին, և «ահա այլազգիները եկան, որ բռնեն քեզ, Սամսո´ն» սովորական խոսքը ասելուն պես Սամսոնը, իսկույն արթնանալով, քաշում և հանում է գամերը: Հարկ է նկատել, թե մի ամբողջ գիշեր անզգամ և խաբված կինը ինչպիսի նենգ և կեղծ ու պատրանքային խոսքերով է կրկնապատկում իր ջանքերը ճշմարտությունն իմանալու համար: Ուստի և´ հանդիմանական, և´ միանգամայն սիրալիր եղանակով ասում է. «Ահա երեք անգամ խաբեցիր ինձ, և սիրտդ իմ առջև ուղիղ չէ», և այնքան է խնդրում, որ Սամսոնը, մեռնելու չափ անհանգիստ և ձանձրացած, նրա սիրտը չկոտրելու համար ակամա հայտնում է, որ ինքը մոր արգանդից ուխտավոր է, և որ իրեն արգելված է մազերը սափրել, և եթե սափրի, այն ժամանակ իր գերմարդկային ուժը կկորցնի: Նենգամիտ Դալիլան, իմանալով, որ այս անգամ Սամսոնի խոսքը հիմնավոր և ճշմարիտ է, իսկույն կռապաշտ մեծամեծ իշխաններին լուր է ուղարկում, որոնք, բերելով իրենց խոստացած գումարը, Սամսոնի քնած ժամանակ սափրիչով նրա մազերը սափրում են, որով էլ Աստծուց նրան պարգևված ուժը վերանում է: Այն ժամանակ անգութ Դալիլան` իբր թե նրան հավատարիմ մեկը, ասում է. «Այլազգիները քեզ վրա են հարձակվում, Սամսո´ն»: Սա առանց իմանալու, որ իր ուժն իրենից վերցվել է, թեև առաջվա նման գործել և դիմադրել էր ցանկանում, սակայն անկարող է լինում. նրան իսկույն բռնելով` հանում են աչքերը և Գազա քաղաքը տանելով` բանտարկում, և շղթայակապ ջաղացքար պտտելով` ծառայում է : Հարկ է նկատի ունենալ Սամսոնի այս վիճակը. նա, ով բազմիցս կարողանում է պատժել թշնամիներին, այս անգամ ինքն է պատժվում, սակայն ոչ թե թշնամու զորությամբ, այլ իր գաղտնիքը նենգավոր կնոջը հայտնելով: Թեև այն ժամանակ Սամսոնը զղջում է, սակայն չի հուսահատվում. օրըստօրե մազերը երկարելու համապատասխան` նրա զորությունն էլ զգալիորեն աճում է: Հետո երբ կռապաշտ իշխանները, Դագոն չաստծու կռատանը զոհ մատուցելով, կերուխումի և զվարճանքների են անձնատուր լինում, Սամսոնին էլ բերել են տալիս այնտեղ: Մի պատանի, նրա ձեռքից բռնելով, ծաղրանքի համար խաղացնում է` հանդիսատեսին զվարճություն պատճառելով: Իրենց թշնամուն այդ վիճակում տեսնելով` բոլորը, ցնծությամբ աղաղակելով, գոհանում են կուռքից: Այն ժամանակ Սամսոնն իրեն հսկող պատանուն խնդրում է, որ հենվելու համար իրեն տան գլխավոր երկու սյուների մոտ տանի, որոնց միջև կանգնած, մեկը` աջ, մյուսը` ձախ ձեռքով բռնելով` աղոթում է Աստծուն` ասելով. «Ո´վ ամենակարող Աստված, այս վերջին անգամ ևս ինձ զորությո´ւն շնորհիր, որ աչքերիս վրեժն առնելով` մեռնեմ կռապաշտների հետ»: Եվ ահա Աստծու կամեցողությամբ սյուները կործանելով` ամբողջ տունը քանդում է, որի մեջ տղամարդիկ և կանայք միասին երեք հազար մարդ է մեռնում: Թեև Սամսոնը նույնպես փլատակների տակ է մահանում, սակայն իր կենդանության օրոք երբևէ այդքան մարդ միանգամից չէր սպանել, որքան այս անգամ՝ իր մահվան ժամանակ է սպանում: Ապա եղբայրները նրա մարմինը տանում և մեծ փառքով հոր դամբարանի մեջ են թաղում: Պետք չէ մտածել, որ Սամսոնը հուսահատվելով մեռնել էր ցանկանում, այլ քանի որ նվիրված էր իսրայելացիների փրկության գործին, վերջին պահին նույնպես եռանդով այդ նպատակին ծառայելով, հույսը իսրայելացիների հզոր Աստծուն և աղոթքով Նրան դիմելով, Նրա թշնամիներից արդարացիորեն վրեժխնդիր լինելով է ցանկանում մեռնել: Ահա այս է պատճառը, որ Աստված, նրա աղոթքն ու աղաչանքը լսելով, նրան իր նախկին ուժն է շնորհում։ Ուրեմն պարզ է, որ Սամսոնի մահը Աստծու հրամանի համաձայն և Նրա կամքով էր: Սամսոնը քսան տարի վարում է դատավորի իշխանությունը, սակայն ոչ միայնակ, այլ Հեղի քահանայապետի հետ: Հեղին, միշտ զբաղված Սելովում Աստծու տապանակին ծառայելով, անկարող էր թշնամու դեմ պատերազմելու, և միայն Սամսոնն էր եռանդով ստանձնել իսրայելացիների փրկության գործը: Սամսոնը թշնամիներին այնքան էր սարսափեցրել, որ նրա մահվանից հետո էլ, չնայած մինչև Սամվել մարգարեի օրերը իսրայելացիները նրանց լծի ներքո էին, երկյուղը սրտերում` միառժամանակ չեն հարստահարում իսրայելացիներին: