Կռապաշտները տապանակի պատճառով ինչպե՞ս են պատժվում:

Այնպիսի վերքերով են պատժվում, որ մարմիններին ուռուցքներ և սաստիկ խոցեր են լինում, որոնց ցավին չդիմանալով` շատ մարդիկ են մահանում: Էլ ավելի խայտառակ լինելու համար այդ վերքը միայն նրանց նստատեղին է գոյանում: Նրանց երկրում նաև անհամար մկներ են հայտնվում, որոնք այգիների, դաշտերի և պարտեզների կանաչն ուտում և ավերակ են դարձնում: Այս պատիժներից բացի, քանի որ այլազգիները տապանակը տարել և Ազովտոս քաղաքի Դագոն չաստծու մոտ էին դրել, ասես հաղթանակը ձեռք էր բերվել նրա զորությամբ և օգնությամբ, ուստի կուռքի անզոր լինելը և որևէ մեկին օգնելու անկարող լինելը հայտնի դառնալու համար այդ գիշեր Աստծու հրամանով Դագոն կուռքը երեսնիվայր ընկնում է Աստծու տապանակի առջև: Առավոտյան կռատան քուրմը տեսնելով նորից այն իր տեղում է կանգնեցնում: Հաջորդ գիշեր դարձյալ գետնին ընկնելով` կտոր-կտոր է լինում: Կտորները տարբեր կողմեր են ցրվում, բազուկներն էլ` դռան սեմերին ընկնում: Երբ քրմերն իրենց չաստծուն այդ վիակում են տեսնում, ի պատիվ կուռքի ներս մտնողներին արգելում են սեմին ոտք դնել: Դու այս կռապաշտ քրմերի հիմարությա´նը նայիր, որովհետև թեև Դագոնի պատիվը պահպանելու նպատակով այդպիսի կարգադրություն են անում, սակայն նրա խայտառակ տկարությունը և տապանակի զորությունն աշխարհին ավելի հայտնի լինելու պատճառ են դառնում: Քանի որ ներս մտնողները, պատճառը հարցնելով, բնականաբար իմանում են Դագոնի` տապանակի առջև կործանվելը: Հիրավի, այս դեպքերը նրանց համար մեծ պատիժ ու անարգանք էին, սակայն նրանք ոչ թե խրատվում են, այլ իրենց մարմնին գոյացած վերքերը տապանակի պատճառով պատիժ տրված լինելը չեն հասկանում` կարծելով, որ բնական երևույթ է: Սակայն քանի որ հիշյալ վերքերը այլ գավառների մարդկանց մարմիններին չեն գոյանում, այլ հանդիպում են միայն Ազովտոսի և նրա շրջակայքում, նաև մկները բացի Ազովտոսից այլ տեղերում չեն երևում, դրա պատճառով կասկածելով` խորհրդակցում են և որոշում փորձելու համար տապանակը այլ տեղ ուղարկել, և եթե տարվելիք վայրում էլ մուկ և վերքեր հայտնվեն, կհամոզվեն, որ տապանակից է: Այն ժամանակ Գեթ քաղաքի իշխանները համարձակությամբ տապանակն իրենց քաղաք են տանում, որտեղ, ո˜վ հրաշք, իսկույն մկներ և վերքեր են հայտնվում, բոլորը` մեծ ու փոքր, վիրավորվելով և ոչ մի ձևով չկարողանալով նստել, նստելու համար ստիպված հարմարավետ աթոռներ են պատրաստում: Այս է պատճառը, որ քաղաքի բնակիչները սկսում են բողոքել, թե ինչու են տապանակն այդտեղ բերել, որից էլ քաղաքում մեծ աղմուկ և իրարանցում է լինում: Թեպետ տապանակը բերելու համար զղջում են, այդուհանդերձ, չհավատալով Աստծուց պատիժ լինելուն` մի նոր փորձի համար այն Ասկաղոն քաղաք են ուղարկում: Սակայն Ասկաղոնի բնակիչներն էլ, արդեն համոզված, որ տապանակը բոլոր տեղերում էլ մահ է սփռում, որի փորձառությունը նրանք ևս ունեցել էին, այսպես են տրտնջում Գեթի բնակիչների դեմ. «Մի՞թե տապանակն այստեղ բերեցիք, որպեսզի մեզ կոտորեք», և նրանց աղաղակը երկինք է բարձրանում: Հասկացի´ր, թեև նրանք չեն հավատում իսրայելացիների Աստծուն, սակայն նայելով պատուհասի բնույթին և տապանակի պատճառով ծագած զանազան հանգամանքներ հաշվի առնելով` նրանց կասկածները հետզհետե սաստկանում են, և նրանց իշխանները ստիպված հավաքվում են և որոշում տապանակն անմիջապես իր տեղն ուղարկել: Սակայն այն ինչպես հետ ուղարկելն իմանալու համար կռատան քրմերից խորհուրդ են հարցնում, և ըստ նրանց հրահանգների` իրենց մարմնի վերքերի և մկների նմանությամբ հնգական ոսկյա պատկերներ սարքելով` որպես ընծա տալիս են տապանակին: Քանի որ Ազովտոս, Գազա, Ասկաղոն, Գեթ և Ակկարոն քաղաքները նրանց իշխանության ներքո էին, կարգադրում են ընծա տալ նրանց իշխանների թվով, որպեսզի փարավոնի նման չպատժվեն, նաև գյուղերի և ագարակների բնակիչներն են ընծաներ բերում: Թեև այդ որոշումը կայացնում են` չկասկածելով, որ իրենց կրած պատուհասը տապանակի պատճառով է, սակայն մի վերջին անգամ փորձելու ցանկությամբ` մի նոր սայլ են պատրաստում, որին երկու անդրանկածին և չլծված երինջներ են լծում` դրանց հորթերը տանը թողնելով, և տապանակն ու ընծաները քաղաքից դուրս երինջների կամքին հանձնում: Վերոհիշյալ իշխաններն էլ հեռվից դիտում են, որ եթե երինջները առանց աջ կամ ձախ շեղվելու իսրայելացիների Բեթսամյուս քաղաքի ճանապարհը բռնեն, իմանան, որ տապանակի պատճառով են իրենց պատուհասած այդ բոլոր պատիժները: Բայց եթե այլ ճանապարհով գնան կամ իրենց հորթերի պատճառով վերադառնալ ցանկանան և լծին անսովոր` չցանկանան ուղիղ գնալ, այն ժամանակ ընդունեն, որ օդի աղտոտությունից առաջացած բնական երևույթ են, որ ամբոխը պատիժ է համարում: Դու այստեղ Աստծու կարողությո´ւնը տես. որովհետև դեռևս չլծված և ամենևին անվարժ անասունները վարժվածի նման առանց աջ կամ ձախ խոտորվելու, իրենք իրենց կամքին թողած, ճանապարհից չխոտորվելով, ուղիղ Բեթսամյուս քաղաք են գնում, որտեղ Օվսե անունով մի մարդու արտը մտնելով` դադար են առնում: Հունձքի ժամանակն էր, և երբ արտում գտնվողները տեսնում են տապանակը, ուրախությամբ դիմավորելով` որպես նշան այնտեղ մի մեծ քար են կանգնեցնում և կառքը կոտրելով` այդ փայտերով երինջները ողջակիզում են, որպեսզի դրանք այլևս որևէ այլ նպատակի չծառայեն: Այնտեղ ղևտացիներ լինելով էլ` տապանակն ու ընծաները նշանաքարին են դնում: Վերոհիշյալ իշխանները, որոնք մինչև Բեթսամյուս էին եկել, երբ տեսնում են, որ տապանակը ղևտացիների ձեռքն անցնելուն պես իրենց մարմնի վերքերն իսկույն բժշկվում են, կատարելապես համոզվում են, որ մինչ այդ իրենց կրած նեղությունները և ցավերը տապանակի պատճառով են, և որ հատկապես իսրայելացիների պաշտած ճշմարիտ Աստծուց են որպես պատիժ իրենց հասել, վերադառնում են Ասկաղոն: Մտապահի´ր կռապաշտների այս թշվառ վիճակը. երբ պատերազմ է լինում, չիմանալով իսրայելացիների Աստծու զորությունը` յոթ ամիս տեսակ-տեսակ փորձեր են անում (տապանակը յոթ ամիս է մնում նրանց մոտ), որից իրենց քաղաքները ավերակ դառնալուց բացի` նաև շատ մարդ է մահանում, և մանավանդ կենդանի մնացածների աղաղակները երկինք բարձրանալուց հետո կամա թե ակամա ստիպված են լինում ընդունելու Աստծու զորությունը և զղջալու տապանակը գերեվարելու համար: Բացի դրանից` նախապես ինչքան են ուրախանում, որ մեծ պատերազմ մղելով՝ աստվածային տնօրինությամբ գերել են տապանակը, ապա նույնքան էլ վնաս կրելով, և նաև ավելի մեծամեծ պատիժներ ստանալով և վախենալով` համաձայնում են սիրահոժար և ընծաներով իր տեղը վերադարձնել: Արդարև, կռապաշտները, տապանակն Իսրայել ուղարկելով, պատուհասներից են ազատվում, և թեև Բեթսամյուսի բնակիչները տապանակը բերելու համար սաստիկ ուրախանում են, սակայն պատշաճ հարգանքով չպահելու համար նրանք ևս մեծամեծ պատիժների են ենթարկվում: Քանի որ կարգադրություն կար, որ չի կարելի առանց ծածկոցի տեսնել, նրանք բազմությամբ, օրենքին հակառակ և առանց երկյուղի, այն անծածկույթ տեսնելուց բացի, հետաքրքրասիրությամբ միջի պարագաներն էլ են ցանկանում տեսնել, թե արդյոք ամբողջն այնտեղ է, թե ոչ, և ահա նրանց այս հանդգնության համար իսկույն պատժվում են, քանի որ Աստված պատուհասով նրանցից հիսուն հազար յոթանասուն մարդ է այնտեղ սպանում: Այս պատժից տապանակին ծառայելու երկյուղը կրելով` ցանկանում են այլ վայր ուղարկել այն, դրա համար Գարաթարիմ քաղաքի բնակիչներին լուր են ուղարկում, որ գան և տապանակը այնտեղ տանեն: Թեև այն ժամանակ խորանը Սելովում գտնվելով` հարկ էր, որ այն Սելով տանեին, սակայն Գարաթարիմը իրենց Սելովին ավելի մոտ էր, և նրանց բնակիչներին են տեղեկացնում, որ գան և տապանակը տանեն, քանի որ իրենք չէին համարձակվում դրան մոտենալ: Հիրավի, Բեթսամյուսի բնակիչներին պատուհասած պատիժը բոլորին էր հայտնի, բայց նաև հայտնի լինելով, որ հանցանքը նրանցն է, Գարիաթարիմի բնակիչները չեն վախենում գալուց և տապանակը տանելուց: Սակայն ոչ թե համարձակությամբ և խառնիխուռն բազմությամբ, այլ գեղեցիկ կանոնավորությամբ, մեծ պատվով և հարգանքով վերցնելով` Գարիաթարիմ քաղաք են տանում, որտեղ Ամինադաբ անունով մի անձի տանը մի հատուկ տեղ և քահանա հատկացնելով` տապանակն այնտեղ է մնում ամբողջ քսան տարի:

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․