Դավիթն ու Հեբուսթեն, բանակ կազմելով, միմյանց դե՞մ են պատերազմում:

Չեն պատերազմում, սակայն նրանց միջև միշտ անպակաս էին հակառակությունը և թշնամանքը: Մանավանդ յուրաքանչյուրը, իր բաժինը զորացնելով, շարունակաբար պատերազմի պատրաստություն էր տեսնում: Դավթի կողմը օրըստօրե զորանում էր, իսկ Հեբուսթեի կողմը, ընդհակառակը, գնալով տկարանում (Բ Թագ. 3:1):

Սրանից բացի` Հեբուսթեի կարողությունը և հմտությունը տկար էին պետական գործերը վարելու համար. ժողովրդին կառավարելը ամեն կերպ Աբենների ձեռքին էր, որն այնքան համարձակություն է ստանում, որ աներկյուղ անվայել հարաբերություն է հաստատում Սավուղի Ռեսփա անունով հարճի հետ: Երբ Հեբուսթեն նրան հանդիմանում է, թե ինչու է այդպիսի անվայել վարք դրսևորում, Աբենները, սաստիկ բարկանալով, թագավորին սպառնում է` ասելով. «Ես այստեղ մի՞թե շան գլուխ եմ. քո հոր տունը գթալով` ես Դավթին անձնատուր չեղա, իսկ դու այժմ մի կնոջ համար ինձնից վրեժ ես պահանջում` արհամարհելով քեզ մատուցած ծառայություններս»:

Սույն խոսքերով նրան իբրև հանցագործ մեղադրելուց բացի` որպես թե իր երախտիքը չգնահատելու համար երդվում է, որ նրա թագավորությունը նրանից վերցնելով` իսրայելացիների ողջ ազգը Դավթի իշխանությանը կենթարկեցնի: Վերոհիշյալի սպառնալից պատասխանը  հզոր նետի պես վիրավորում է Հեբուսթեի սիրտը, սակայն վախից ոչինչ չի կարողանում  ասել կրքոտ սպարապետին:

Մինչ այդ Աբենները ինչքան բարիք  արել էր Հեբուսթեին, այս դեպքում ամբողջը ոչնչացնում է, քանի որ արածն այդպես ամբարտավանորեն նրա երեսով է տալիս: Մանավանդ նրա բացահայտորեն հանցավոր, ընդհանրապես հանցանք չունեցողի նման աներկյուղ և անամոթ դիմադարձությունը` արդարությանը հակառակ, իսկ թագավորությունը վերցնելու նրա երդումը հավատարմությանը հակառակ գործեր են: Քանի որ ճշմարիտ բարեկամը նա է, ով մինչև իսկ բարեկամի` իրեն վշտացրած ժամանակ  հանձն չի առնում վտանգելու  նրա իրական շահերը:

Արդարև, Աբենների պահվածքից պարզորոշ երևում է, որ իր նպատակին հասնելու համար է թագավոր դարձնում Հեբուսթեին, որպեսզի նրա անվամբ ինքն իշխի, Հեբուսթեն ևս, չափազան արտոնություններ շնորհելով ծառային, նրան թույլ է տալիս իշխել տիրոջը:

Հեբուսթեի օրինակից խրա´տ ընդունիր.  ծառադ ինչքան էլ հավատարիմ և գործունյա լինի, նրան չափից ավելի արտոնություն մի՛ տուր, որպեսզի չափը կորցնելով` չարիքի պատճառ չդառնա, մանավանդ թող չիմանա, որ տերն իր կարիքն ունի, քանի որ եթե տերը ամեն կերպ ցույց տա ծառայի կարիքն ունենալը, այն ժամանակ նրան կառավարելը դժվար կլինի, մանավանդ եթե բնությամբ էլ  չար և հպարտ է:

Շատ իշխաններ, իրենց ծառայող հպատակներին չափազանց համարձակություն տալով, նրանց անվայել գործերի հակվելու պատճառ են լինում, և այդպիսով, նրանք ևս բամբասվում են, քանի որ այդպիսի չար ծառաները, Աստծու երկյուղը չունենալով, միայն իրենց մեծավորներից են վախենում, և երբ նրանց ներողամտությունից բացարձակ առիթ են ստանում, այդ ժամանակ օրըստօրե ավելի են չարանում, մինչև որ հնազանդության շավղից դուրս գալով` ակամա թշնամանում են իրենց տիրոջը, որպեսզի, եթե հնարավոր է, ընդհանրապես զերծ և ազատ լինեն պատժից:

Ահա Աբենները քեզ օրինակ, որ Հեբուսթեի բարկության պատճառով ապստամբության դրոշակ պարզելով` ստիպված Դավթին տեղեկացնում է, որ իր հետ դաշինք կապի կամ պայմանավորվածություն ձեռք բերի, որ բոլոր իսրայելացիներին նրա իշխանությանը հանձնի:

Դավիթը նրա հետ դաշինք կապելուն հավանություն է տալիս, բայց  պայմանով, որ ամեն ինչից առաջ Աբենները իր մոտ բերի իր Մեղքող կնոջը, որին Սավուղը այլ մարդու էր կնության տվել: Այս հարցի շուրջն Աբենների հետ ունեցած բանակցությունը չբացահայտելու համար Դավիթը Հեբուսթեին էլ է տեղեկացնում, որ Մեղքողին իրեն վերադարձնի: Թեպետ Հեբուսթեին հաճելի չէր այս առաջարկը, սակայն վախից շտապով Աբեններին ուղարկում է, որ գնա նրան վերցնի և Դավթին ուղարկի:

Դրանից հետո Աբենները, ինչպես և խոստացել էր, Իսրայելի ժողովրդի բոլոր ծերերի հետ գաղտնի բանակցելով, Դավթի իշխանությանը ենթարկվելու համար ստանում է նրանց հավանությունը, ապա քսան մարդկանց հետ Քեբրոն գնալով` Դավթին հայտնում է ժողովրդի մտադրությունը: Նա էլ մեծ ուրախությամբ ընդունում է նրանց, և ուրախութեան  խնջույք կազմակերպելուց հետո Աբենները վերադառնում է, որպեսզի Դավթի պատասխանը ժողովրդին հայտնելով` գործը գլուխ բերի:

Այն ժամանակ Հուդայի երկիր ասպատակներ թափանցելով` Հովաբը պատերազմ էր գնացել և հենց այդ պահին բազում ավարով Քեբրոն է վերադառնում: Երբ լսում է, որ Աբենները եկել  և Դավթի հետ գաղտնի խորհրդակցել է, Դավթին հարցնում է. «Ինչո՞ւ թողեցիր, որ Աբենները գնա, չգիտե՞ս նրա չար լինելը, նա քեզ խաբելու և լրտեսելու համար էր եկել»: Դավիթը Հովաբին բնավ պատասխան չի տալիս, քանի որ գիտեր, որ նա Ասայել եղբոր մահվան համար փափագում է վրեժ լուծել Աբեններից:

Երբ Հովաբը դուրս է գալիս Դավթի մոտից, գաղտնի մարդ է ուղարկում և Աբեններին հետ կանչում, որն էլ` կարծելով, որ իրեն կանչողը Դավիթն է, միամտությամբ հետ է դառնում: Հովաբը նրան իբր մի կարևոր բան հայտնելու համար մի կողմ է տանում, և երբ բավականին մոտենում են իրար, սուրը Աբենների կողը մխրճելով` անգթորեն սպանում է նրան:

Երբ Դավիթն իմանում է Աբենների մահվան լուրը, գոչում է. «Ես և իմ հոր տունը նրա արյան համար անմեղ ենք, թող Հովաբը և նրա սերունդները պարտական լինեն նրան, թող նրանց միջից չպակասեն սերմնակաթ ունեցողը, բորոտը, մուրացիկը, սրից և սովից մեռնողը» (Բ Թագ. 3:30.31): Բացի այս անեծքի խոսքերից, որ  սրտի ցավով ասում է` ի լուր ժողովըրդի, երբ գուժալից բոթը դեռևս նոր էր ստացել,  իր որդուն՝ Սողոմոնին,  մահանալիս հատկապես պատվիրում և կտակում է, որ անպատճառ սպանի Հովաբին (Գ Թագ. 2:6):

Մի´ հարցրու, թե ինչու Դավիթը չի սպանում Հովաբին, այլ Սողոմոնին է հանձնարարում այն, ինչ  միանգամից պիտք է արվեր: Այո´, հիշյալն արժանի էր մահվան, քանի որ պատերազմում ընկած մի մարդու արյան համար խաղաղության ժամանակ խարդախ նենգությամբ է վրեժ լուծում: Սակայն ժամանակի հանգամանքներին նայելով` միգուցե սրա պատճառով իր և ժողովրդի միջև հակասություն ծագի, և չար հետևանք ունենա, դրա  համար էլ ինքը միառժամանակ չի ցանկանում սպանել Հովաբին:

Այսուհանդերձ, Աբենների մահվան պատճառով Դավթի սիրտն այնքան է կոտրվում, որ հագուստը պատռելով` սուգ է պահում, Հովաբին և նրա հետ գտնվող ժողովրդին էլ հրամայում է, որ իրենց հագուստները պատռելով` քուրձ հագնեն և սուգ պահեն: Երբ բոլորը, Աբենների դագաղի հետևից գնալով, նրա մարմինը Քեբրոնում են թաղում, Դավիթը, նրա մասին երգ հորինելով, ներբողում է նրան, արտասվում և հուզում է ժողովրդին, որը տեսնելով` դեռ երեկոյին շատ ժամանակ կա, Դավթի համար կերակուր են բերում, սակայն նա երդմամբ մերժում է` ասելով. «Մինչև  արևը մայր չմտնի, ոչինչ չեմ ուտելու»:

Արդարև, Դավիթը, այդ օրը ծոմ պահելով, Աբենների մահվանն իր մասնակցություն չունենալը հայտնի է դարձնում ժողովրդին, որին շատ հաճելի է  թվում արքայի սույն վարքը: Քանի որ մինչ այդ ամեն մեկը կարծում էր, որ Դավթի հրամանով և հորդորով է Հովաբն այդպես վայրագորեն և անգթորեն  սպանել  Աբեններին:

Այժմ դու տե´ս Հեբուսթեի ողորմելի վիճակը, քանի, որ նա, ում զորությունն արդեն օրըստօրե նվազում էր, Աբենների մեռնելուն պես բոլորովին հուսահատվելով, շվարում է, քանի որ պետության գործերը Աբեններն էր վարում, և ժողովրդի ծերերն էլ Աբեններին խոստացել էին, որ Դավթին կենթարկվեն,  և հիշյալի մահվան պատճառով չնայած գործը մի քիչ հետաձգվում է, սակայն Հեբուսթեի ազդեցիկ հազարապետերից երկուսը՝ Բաանա և Ռիքաբ եղբայրները, չար և շահադիտական դիտավորությամբ ցանկանում են նրան սպանել, որպեսզի հաճելի և բարեկամ երևան Դավթին, նրանից դրամ և պաշտոն ստանան, քանի որ Հեբուսթեից բացի` նրա թագավորության այլ ժառանգորդ չկար: Ճշմարիտ է, որ Հովնաթանը Միմփիբոսթե անունով մի որդի ուներ, սակայն Սավուղի մահվան ժամանակ նա, հինգ տարեկան լինելով, դայակը նրան փախցրել էր, և նա փախուստի պահին ընկնելու հետևանքով կաղ էր դարձել, ուստի թագավոր լինելու համար հարմար չէր:

Վերոհիշյալ հազարապետերը մի օր կեսօրին պալատ են մտնում այն պահին, երբ Հեբուսթեն և  նրա դռնապանը ննջում էին, ուստի գաղտնի նրա ննջարանը գնալով` գլուխը կտրում են: Անզգամները, այն Քեբրոն տանելով, ուրախությամբ ներկայացնում են Դավթին և ասում. «Ահա քո թշնամու՝ Սավուղի որդի Հեբուսթեի գլուխը, նա, ով ցանկանում էր քեզ սպանել»:

Դավիթը եղելությանը մանրամասն ծանոթանալուց հետո երդումով պատասխանում է. «Սավուղին սպանողը, երբ նրա մահվան լուրն ինձ հայտնեց, կարծում էր, թե ինձ ավետիս է տալու, սակայն պարգևի փոխարեն, որն ակնկալում էր, նրա բաժինը մահը եղավ: Արդ, դուք էլ վատ մարդիկ եք. անմեղ մարդուն իր մահճում սպանեցիք, ուստի նրա արյունը ձեզնից պիտի պահանջեմ», և իսկույն հրամայում է նրանց սպանելուց բացի, որպեսզի մյուսներին խրատ լինի, նաև նրանց ոտքերն ու ձեռքերը կտրել, քաղաքում մի հայտնի վայրում կախել: Իսկ Հեբուսթեի գլուխը թաղում է Աբենների գերեզմանում:

Արդարև, այս ձևով ոչ միայն իրեն ազատում է ժողովրդի բամբասանքից, այլև ժողովըրդին` մեղքից, քանի որ Հեբուսթեի այսպիսի մահվան մասին լսողը, անպատճառ պիտի մտածեր, որ  Դավթի մասնակցությամբ կատարված  գործ է, սակայն երբ անմիջապես պատժում է այդ անզգամներին, հայտնի է դառնում, որ ինքն անմեղ է, և ժողովուրդը շատ է ուրախանում: Այո՛, Դավիթը ցանկանում էր իշխել ամբողջ Իսրայելում, որպեսզի ժողովուրդը խաղաղությամբ կառավարվի, ոչ թե անիրավությամբ հափշտակելով, այլ Աստծու կամքին համապատասխան` արդարությամբ և իրավացիորեն տիրանալով, որն արդեն իսկ ի վերուստ սահմանվել էր:

 
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․