3 Դեկտեմբեր, Գշ
Երեք տարվա ընթացքում հետզհետե սով է լինում: Սակայն որովհետև սովը միայն իսրայելացիների քաղաքներում էր, Դավիթն Աստծուց հարցնում է սովի պատճառը և պատասխան ստանում, որ դա Սավուղի` գաբավոնցիներին կոտորելու պատճառով է (Բ Թագ. 21:1): Որովհետև Հեսուն երդվել էր, որ նրանք սրով չեն կոտորվի (տե՛ս Գ հարցը), մինչդեռ Սավուղը, առանց իրավունքի նրանց կոտորելով, պարտապան է մնում նրանց արյանը: Սակայն զարմանալին այն է, որ Սավուղի մեղքով լինելիք պատիժը Դավթի ժամանակ է տեղի ունենում, քանի որ ժամանակն անցնելով` իրավունքն ուժը չի կորցնում:
Այստեղ ուշադի´ր եղիր Աստծու արդարությանը. ճշմարիտ է՝ գաբավոնացիները հեթանոսներ էին, սակայն, այսուհանդերձ, նրանց պատճառով իսրայելացիներն են պատժվում: Քանի որ բոլորի արարիչը Աստված է, ուստի ով էլ հանցավոր լինի` հեթանոց թե աստվածապաշտ, իրավունքն արդարությամբ պիտի իրականացվի, որպեսզի լսողները վախենան և արդարության հակառակ չգործեն: Ահա այս դեպքում երեք տարի շարունակ իսրայելացիները սովի պատճառով խիստ նեղություններ կրելուց հետո, Դավիթը, նկատելով, որ արդարությունը պահանջում է որևէ ձևով գաբավոնացիների սիրտը շահել, նրանց հարցնում է, թե ինչ փոխհատուցում են ցանկանում: Նրանք պատասխանում են. «Մենք Սավուղից ոսկի և արծաթ չենք պահանջում և չենք էլ ցանկանում իսրայելացիներից որևէ մեկին սպանել, այլ ով մեզ կոտորել է, նրա մահն ենք ցանկանում, որպեսզի նրա ցեղից ոչ մեկը կենդանի չմնա»: Սույն պատասխանից ակնհայտ է դառնում, որ նրանք Սավուղի ամբողջ ցեղի բնաջնջումն են ցանկանում, սակայն, ի վերջո, բավարարվում են յոթ անձանց մահվամբ` պայմանով, որ նրանք կենդանի հանձնվեն իրենց: Ուստի Դավիթը խոստանում է բավարարել նրանց ցանկությունը:
Սակայն հանուն Հովնաթանի եղբայրական սիրո` Դավիթը նրա Մեմփիբոսթե որդուն չի հանձնում, այլ Սավուղի Ռեսփա անունով հարճից ծնված երկու որդիներին և հինգ թոռներին, որ ծնվել էին նրա աղջկանից. սրանք, ըստ Աստծու հրամանի, հսնձնվում են գաբավոնացիներին, որպեսզի արդարությունն իրագործվելով` տիրող պատուհասը դադարի: Սույն յոթ արքայազուններին տանում են Սավուղի մայրաքաղաք Գաբաա և այնտեղ` լեռան վրա, արեգակի առջև փայտերից կախելով` սպանում են:
Քանի որ կալի ժամանակ էր, նրանց մարմինները, մի քանի օր կախված մնալով, հոտում են: Թեև Ռեսփան, որը շատ հավատարիմ և բարեսեր էր, գիշեր ու ցերեկ առանց այնտեղից հեռանալու հսկում էր, որ թռչուններն ու կենդանիները չկարողանան մոտենալ, մինչև որ անձրևը սկսում է կաթել նրանց վրա: Դավիթը, լսելով Ռեսփայի սույն մարդասիրական կյանքի մասին, ինքն անձամբ գալիս է Հաբիս քաղաք, որտեղ գտնվում էին Սավուղի և Հովնաթանի ոսկորները (տե՛ս ԻԵ հարցը)։ Ոսկորները այնտեղից վերցնելով` Գաբաա է բերում և այնտեղ կախվածների մարմիներն էլ մեծ պատիվներով և մեծարանքներով մեկտեղ թաղում է Սավուղի հոր գերեզմանի մոտ:
Արդարև, երբ Աստվածային հրամանով արդարությունն ի կատար է ածվում, անձրև գալով (Բ Թագ. 21:14)` սովը վերանում է երկրից: Սակայն այս անգամ էլ, իսրայելացիների թշնամիները, կարծելով, որ երեք տարվա անընդմեջ սովի պատճառով իսրայելացիները տկարացել են, հարմար առիթ են համարում` նրանց դեմ պատերազմելու: Ուստի Դավիթն անձամբ նրանց դեմ է դուրս գալիս, և պատերազմի ժամանակ թշնամու միջից մի քաջարի մարդ Դավթի վրա հարձակվելով` քիչ է մնում` սպանի նրան, և Հովաբի եղբայր Աբեսային, իսկույն հասնելով, սպանում է վտանգավոր թշնամուն: Իրոք, այս անգամ Դավիթը մեծ և ահավոր վտանգից է ազատվում, և թեպետ Աստված այս անգամ էլ է նրան փրկում, բայց նրա զորապետերը երդմամբ ասում են նրան. «Այլևս երբեք մի՛ գա պատերազմի դաշտ, որպեսզի Իսրայելի ճրագը չմարի»: Այս է պատճառը, որ Դավիթն այլևս պատերազմի դաշտ դուրս չի գնում, այլ, ըստ անհրաժեշտության, իր զորքն է ուղարկում:
Այնուհետև թշնամիները ևս երեք անգամ հարձակվում են իսրայելացիների վրա. վերջին պատերազմում թշնամու զորքում մի մարդ է լինում, որ քաջությունից բացի` ձեռքերին և ոտքերին վեցական մատներ է ունենում, բայց Աստծու շնորհիվ Դավթի զորքը սրանց ևս վերջնականապես հաղթում է, այնպես որ թշնամիները, խիստ տկարանալով, այնուհետև ամենայն հնազանդությամբ հպատակվում են Դավթին: Սույն մեծ հաղթանակը աստվածային հովանավորության բացահայտ արդյունք լինելով` Դավիթը գոհանում է Աստծուց, ներբողում է Նրա փառավոր անունը և սաղմոսանման երգ հորինում` խոստովանելով Աստծու անսահման բարիքն ու ողորմությունը Իսրայելի և իր հանդեպ: