Սողոմոնը ե՞րբ է սկսում կառուցել տաճարը:

Դավթի մահվանից հետո` իր թագավորության չորրորդ տարվա երկրորդ ամսին: Դավթի պատվերի համաձայն` տաճարը պետք է կառուցվեր Ուռնայի կալատեղում (տե´ս Խ հարցը), սակայն տեղը փոքր լինելու պատճառով շրջակա տարածքներն էլ է գնում և, այսպիսով, տաճարի համար ընդարձակ տարածք ունենում: Ամեն տեսակի շինանյութերը պատրաստելուց հետո վերոհիշյալ Քիրամ թագավորի խորհրդով և ճարտարապետների համաձայնությամբ է´լ ավելի` պահանջվածից էլ շատ, քարտաշներ և հյուսներ բերելով,  և այսպիսի անչափ մեծ պատրաստությամբ Սողոմոնը ձեռնամուխ է լինում տաճարը  կառուցելուն:

Դավիթը (տե´ս ԽԱ հարց) կառուցվելիք տաճարի և՛ արտաքին, և՛ ներքին բաժինների` Աստծու զորավոր ներգործությամբ գծագրած նկարները նախապես Սողոմոնին էր հանձնել. փաստացի տաճարի ճարտարապետը` Աստված,  կառուցման վերակացուն Սողոմոնն էր, և այս էր պատճառը, որ տաճարի շենքն ու զարդարանքը անչափ զարմանահրաշ և հրաշալի ձևով կառուցվեցին. այնպես որ ամբողջ աշխարհում նմանը չկար, և բոլոր տեսնողները և լսողները հիացմունքով էին լցվում, ինչպես  Սուրբ գիրքն է հայտնում:

Սակայն առավել զարմանալին այն է, որ մի այդպիսի կառույցում, ուր անթիվ աշխատողներ էին տքնում, սկզբից մինչև ավարտ երբեք մուրճի ձայն և աղմուկ չէր լսվում: Որովհետև նրա քարերը, փայտանյութը  և մյուս անհրաժեշտ նյութերը նախօրոք Լիբանանում կամ այլ տեղերում գծագրությանը համապատասխան կտրվել և պատրաստվել էին, և այլևս մուրճի և սղոցի կարիք չկար. ամեն մի նյութ կարգով իր տեղն էր դրվում, մինչև իսկ գամերի տեղերն էին փորվել և պատրաստվել, որ մուրճի  կարիք չլինի: Արդարև, այսպիսի մեծ ուշադրությունը Աստծու Սուրբ Անվան պատվի համար էր, քանի որ տաճարը կառուցվում էր  Նրա փառքի համար, ուստի ոչ միայն աշխատողներն էին պարտավոր զգույշ լինել, այլև անշունչ առարկաների ձայնն անգամ չէին ցանկանում, որ լսվեր:

Դու Աստծու ողորմությա´նը նայիր. Սողոմոնը այն ժամանակ Աստծուն հնազանդ էր, որի պատճաով էլ անդադար մեծ սեր և ուշադրություն է հատկացնում տաճարի կառուցմանը, բայց քանի որ մարդ էր և բոլոր առումներով հաջողակ և երջանիկ, որպեսզի, թերևս սխալվելով, պատվիրանին հակառակ չգործի` Աստված ասում է. «Այն տաճարը, որ  կառուցում ես,  չեմ թողնելու՝ Իսրայելի ժողովուրդն այն լքի, ինչպես խոստացել եմ հորդ՝ Դավթին, եթե դու իմ պատվիրանների համաձայն ընթանաս և ըստ ամենայնի` օրենքներս պահես»:

Ճշմարտապես, Աստծու սույն խոսքերը Նրա` Սողոմոնի հանդեպ սիրո և մեծ ողորմության ապացույցն էին: Քանի որ ինչքան էլ տաճարի կառուցումը Աստծուն հաճելի էր, սակայն նախօրոք հայտնում է` եթե Սողոմոնն օրենքին հակառակ վարք որդեգրի, ինքը երես կդարձնի և´ տաճարից, և´ իսրայելացիներից, և այս ազդարարությունը նրա համար էր, որ միշտ աստվածային օրենքերին հնազանդ մնա: Եվ իրոք, երբ նրանք Աստծու օրենքներին հակառակ են գործում, Աստված միաժամանակ մերժում է և´ տաճարը, և´ իսրայելացիներին:

Երբ տաճարի կառուցումն ավարտվում է, Սողոմոնը և՛ Դավթի նվիրած ոսկին ու արծաթը, և՛ ողջ թանկագին հանդերձանքը տաճարի գանձանակին է նվիրում: Ապա իսրայելացիների բոլոր մեծամեծներն ու ծերերը հավաքվում են, և քահանաները փառավոր հանդիսությամբ, զանազան երաժշտական գործիքների ձայնակցությամբ և սաղմոսերգություններով, ցնծությամբ և գոհաբանական փառաբանություններով  Աստծու տապանակը տեղափոխում են Սիոնից: Ե՛վ Սողոմոնը, և՛ ժողովուրդը նրա առջև անհամար կենդանիներ են զոհաբերում, և տանելով այն` բերում են տաճարում նրա համար հատկացված Սրբությունների Սրբություն կոչվող վայրը և ամենայն պատվով և պատկառանքով այնտեղ  դնում:

Տաճար են բերում նաև խորանը և դրան վերաբերող հանդերձանքը, որը մինչ այդ Գաբավոնում էին: Սրա փոխադրությունն էլ կատարվում է մեծ հանդիսությամբ. քահանաները տավիղներով, քնարներով և բարձրաձայն սաղմոսերգություններով Աստծուն շնորհակալություն և փառաբանություն են մատուցում Նրա անհուն ողորմության, գթության և մարդասիրության համար. ճիշտ նույն պահին հրաշալիորեն, որպես Աստծու փառքի նշան` տաճարն ամպով է լցվում, այնպես որ քահանաները այնտեղ մնալու անկարող են լինում:

Թեպետ սույն հրաշալի երևույթի համար բոլորն ուրախանում են, սակայն առավել` Սողոմոնը, որ ուրախանալով կանգնում է սեղանի առջև և Աստծուն գոհություն մատուցելով, օրհնում է ներկա ժողովրդին և բոլորի համար աղոթելուց հետո ժողովրդին հայտնում, թե ինչպե˜ս էր Դավիթը ցանկանում կառուցել տաճարը, սակայն Աստված հավանություն չէր տվել` ասելով. «Որդիդ պետք է կառուցի», և ահա Աստծու խոսքն այդ օրը կատարվելով` Նրա փառքն է երևում:

Սրանից բացի` Սողոմոնը տաճարի բակում մի պղնձե աթոռ էր պատրաստել, որի երկարությունը և լայնությունը հինգ կանգուն էր, իսկ բարձրությունը` երեք կանգուն, որին ծնրադրած և բազկատարած` աղոթում է` ի լուր ժողովրդի: Նախ Սողոմոնը խոստովանում է Աստծու ողորմությունն ու մեծությունը, իր և Դավթի հանդեպ բարերարությունը և խոստումներին հավատարիմ մնալը: Հետո նա, կատարյալ հավատով և բուռն սիրով Աստծուն շնորհակալություն և երախտագիտություն հայտնելով, խնդրում է, որ, խոստմանը համապատասխան, Դավթի տանից անպակաս անի Իր ողորմությունը և իր աղոթքն ու պաղատանքներն ընդունի, ընդունի նաև նրանցը, ովքեր այս տաճարում կաղոթեն առ Աստված: Ապա ոտքի կանգնելով` նույն տեղում սրտագին և ջերմեռանդորեն օրհնում է ժողովրդին:

Նույն կերպ Սողոմոնը, ժողովրդին հիշեցնելով այն բոլոր բարիքները և ողորմությունները, որոնք Աստված արել է նրանց, բոլորին հորդորում է, որ զգուշությամբ ու սրտանց պահեն Նրա պատվիրանները և միշտ հնազանդ մնան Նրա սուրբ օրենքներին, և ահա մինչ նա խոսում էր, աստվածային հրաշքով երկնքից կրակ է իջնում և այրում մատուցված ընծաներն ու զոհերը, և Աստծու տաճարը վերստին լցվում է աստվածային փառքի ամպով այնպես, որ քահանաները սրբազան երկյուղով համակված անկարող են լինում ներս մտնելու:

Երբ հավաքված ժողովուրդը տեսնում է սույն երկնային հրաշքը, տաճարի հրապարակում երեսնիվայր, միևնույն ժամանակ ահով և խնդությամբ գետնամած, երկրպագում է Աստծուն և ջերմեռանդ աղոթքով գոհանում  Նրա անսահման բարությունից, հռչակում է Նրա ամենակարող զորությունը և փառավորում նրա փառավոր և սուրբ անունը: Թեև նույն օրը բոլորն էլ զոհեր են մատուցում, սակայն Սողոմոնը նույնպես քսաներկու հազար առջառ և հարյուր քսան հազար ոչխար է զոհում: Ղևտացիներն էլ նույն այդ օրը իրենց պաշտամունքն են սկսում և սաղմոսերգությամբ և երաժշտական գործիքներով նվագում են` Աստծուն գովելով ու խոստովանելով Նրա անահման բարությունը ու ողորմությունը:

Սակայն ողջակեզների սեղանն այդքան բազմաթիվ զոհերի համար բավարար չէր, ուստի Սողոմոնը, մաքրել տալով տաճարի հրապարակը, ժամանակավոր սեղաններ է կառուցել տալիս, որպեսզի նրանց վրա նույնպես զոհաբերություններ կատարեն: Ահա այսպիսով, տասնչորս օր անմեղ խնջույքներով և հոգևոր ուրախություններով են անցկացնում, տաճարի կառուցման առթիվ յոթ օր նավակատիքի հանդես  են կատարում, իսկ մյուս յոթ օրը տաղավարահարաց տոն են կատարում, քանի որ ըստ հրեաների արդեն մոտ էին այդ եկեղեցական տոնի օրերը:

Այս է պատճառը, որ բացի Երուսաղեմ եկող հրեաներից` Ասորեստանից մինչև Դամասկոս և մինչև եգիպտացիների Նեղոս գետն ընկած տարածքների բնակիչները, տաճարի կառուցման լուրը լսելով, անհամար բազմությամբ տեսնելու են գալիս: Արդարև, տեսնելով տաճարը, ինչպես նաև նրա ներքին և արտաքին հարդարանքը, այլև կատարված հանդիսությունը, անչափ զարմանում են և իսրայելացիների հանդեպ Աստծու բարության պաշտպանության համար ուրախանալով, Նրա սքանչելիքները պատմելով` վերադառնում  իրենց երկրներ:

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․