Ամրիի փոխարեն ո՞վ է դառնում Իսրայելի թագավոր:

Նրա Աքաաբ որդին: Ինչպես որ Ամրին է հետևում Հերոբովամի ամբարիշտ կյանքին, այդպես էլ Աքաաբը, նույն չար ճանապարհը բռնելուց բացի, է´լ ավելի է չարանում, որովհետև Սիդոնի թագավոր Հոբաղի դստերը՝ Հեզաբելին` իրեն կնության առնելով, որը Բահաղ կուռքն էր պաշտում,  հանուն նրա սիրո, Սամարիայում նույնպես կռատուն և սեղան կառուցելով ու անտառ տնկելով, սկսում է պաշտել Բահաղ կուռքը:

Իսրայելի առաջին թագավոր Հերոբովամը, Իսրայել երկրում կռապաշտությունն  ընդհանուր դառնալու պատճառ է լինում,  նրա հաջորդներն էլ, այդ վարքը շարունակելով, իրենց սոսկալի պատիժն են կրում, և Աքաաբն էլ նրանց օրինակից խրատվելու փոխարեն, նրանցից ավելի վատթար լինելով, առավելագույն պատժի էր արժան, սակայն Աստված չի ցանկանում նրան անմիջապես պատժել, այլ ցանկանում է նրա պաշտած կուռքերի անօգուտ լինելը ցույց տալ, որպեսզի սա զղջա և իր անօգուտ ճանապարհից հետ դառնա: Այս նպատակով Եղիա մարգարեն, Աստծու հրամանով Աքաաբի մոտ գալով, հանդիմանական եղանակով է խոսում և վճիռ կայացնում` ասելով. «Հետագա տարիներին ո՛չ ցող և ո՛չ էլ անձրև չպիտի տեղա, այլ միայն երբ ե´ս կամենամ» (Գ Թագ 17:1):

Լա՛վ մտապահիր. Աքաաբը երկնքի և երկրի ստեղծող Աստծուն ուրանում և կուռքերն է երկրպագում, և ահա որպես պատիժ և խրատ` Եղիա մարգարեն արգելում է, որ անձրև գա, որպեսզի սով լինի: Սրանից բացի` վճռում է` երբ ինքը կամենա, այն ժամանակ միայն անձրև գա, որպեսզի Աքաաբնը այդ ամենը բնական արհավիրք չհամարի, այլ  իր մեղքերի համար Աստծուց պատիժ համարելով` չար ճանապարհից հետ դառնա և ապաշխարի:

Եղիան իր խոսքն ասելուց հետո գնում է Հորդանանի հակառակ ափը և թաքնվում  Քոռաթի ձորում, որտեղ առատ ջուր էր հոսում: Աստծու հրամանով ագռավները Եղիային առավոտյան և երեկոյան հաց ու միս են բերում  սննդի համար:

Այսպես Եղիան միառժամանակ այնտեղ է ապրում, իսկ Իսրայել երկրում անձրև չլինելու պատճառով  սովը սաստկանում է, և ժողովուրդն էլ` խիստ տառապում: Ուստի Աստված, ժողովրդին գթալով և մանավանդ ցանկանալով հատուկ ողորմություն անել Սարեփթա քաղաքում ապրող մի որբևայրու, հանկարծ ցամաքեցնում է հեղեղատի ջուրը, և Եղիան ծարավ է մնում, և Աստված նրան ուղարկում է Սարեփթա քաղաքի նույն այդ այրի կնոջ մոտ, որը պետք է հյուրընկալեր մարգարեին և կերակրեր:

Անշուշտ, մարգարեն ուր էլ լիներ, Աստված կարող էր մի որևէ ձևով պահել նրան, սակայն ցանկանում է իր անհուն ողորմությունը և մարդասիրությունը տալ նրան, և սովորեցնել, որ երբ ժողովուրդը մեղանչելով պատժի է արժանի լինում, պետք չէ մեղքի մեծությանը համապատասխան խստությամբ պատժել նրան: Այս է պատճառը, որ անչափ հուսահատ վիճակում գտնվող այրի կնոջ մոտ է ուղարկում նրան, որպեսզի ժողովրդի խղճալի վիճակը տեսնելով` նրա մարդկային սիրտը գթությամբ լցնի:

Ըստ Աստծու հրամանի` Եղիա մարգարեն Սարեփթա քաղաքը է գնում  այն ժամանակ, երբ հիշյալ այրի կինը քաղաքի դարպասների մոտ փայտ հավաքելիս հանդիպում է մարգարեին. սա նրանից խմելու ջուր է խնդրում,  և երբ կինը գնում է` ջուրը բերելու, հետևից ձայն է տալիս, որ մի կտոր էլ ուտելու հաց բերի: Այն ժամանակ որբևայրի կինը հայտնում է, որ ուտելիք չունի, և դա հաստատում է երդումով: Բայց նաև ավելացնում է, որ տանը մի բուռ ալյուր և մի փոքր էլ յուղ ունի և ահա փայտ է հավաքում, որ հաց թխի, իր զավակների հետ վերջին անգամ հաց ուտի և հետո մահանա:

Իրոք, քանի որ խեղճ և թշվառ կինը, մի փոքր ալյուրից և մի չնչին յուղից բացի, տանը ոչինչ չուներ և ուրիշներից էլ հույս ու ակնկալիք չէր կարող ունենալ, ուրեմն նրան զավակների հետ  մնում էր սովից մահանալ: Եղիան, այս խոսքը լսելով, պատասխանում է. «Քաջալերվի՛ր կին, դու նախ` ինձ համար կերակո´ւր պատրաստիր, ապա` քո և զավակներիդ համար, քանի որ այսպես է հրամայում Տերը, որ մինչև անձրևի գաը, ալյուրն ու յուղը երբեք չպակասեն»: Խեղճ կինը, Եղիայի խոսքին հավատալով, նրան իր տուն է տանում և նախ նրա համար կերակուր է պատրաստում և կերակրում, որով էլ աստվածային ողորմությամբ մինչ անձրևի գալը ո՛չ այլուրն է պակասում, ո՛չ էլ յուղը, և այսպիսով հանգիստ ապրում է: Եղիան միառժամանակ մնում է այնտեղ:

Հետո  մահանում է կնոջ որդիներից փոքրը, և կինը Եղիային ասում է. «Դու սուրբ մարդ ես, դրա պատճառով որդիս մահացավ»: Քանի որ մտածում էր` ինքը մեղավոր մեկն է, իսկ մարգարեն` սուրբ, և սրբությանը անարժանաբար ծառայելու համար որդու մահը  պատիժ է համարում, սակայն մարգարեն, մահացած մանկանը գրկելով, իր սենյակ է տանում և այնտեղ ջերմեռանդորեն աղոթելով` հարություն է տալիս և հանձնում մորը:

Հիշյալ կնոջ առաքինությունից օրինա´կ վերցրու. ճշմարիտ է, որ Աստված, նրա թշվառ վիճակը գթալով, Եղիային Սաբեփթա է ուղարկում, սակայն կինն էլ իր կատարյալ հավատքով ցույց է տալիս, որ ինքն արժանի է ոչ միայն այդ աստվածային գթությանը, քանի որ իրեն ոչ միայն հանգիստ ապրելու հնարավորություն է ընձեռվել, այլև իր որդին, որի մահը խոցել էր մայրական սիրտը, մարգարեի` Աստծուն խնդրանք ուղղելու արժանի աղոթքով կենդանի իրեն է վերադարձվում, որ աստվածային շնորհների մի առանձնակի պարգև և ընծա է:

Դու Աքաաբի չարությո´ւնը տես. սրա մեղքի պատճառով է անձրևը դադարում, սակայն նա զգաստանալու և «մեղա՜» ասելու փոխարեն Եղիա մարգարեին է որոնում, որ սպանի: Երբ որոնելով չի կարողանում գտնել, կասկածելով, որ այդ կողմերի մարդիկ են թաքցրել մարգարեին, սկսում է չարչարել նրանց: Մանավանդ նրա անզգամ կինը բոլոր ճշմարիտ մարգարեներին, որոնք հայտնաբերվում են Իսրայել երկրում, կարողանում է ձերբակալել, սպանել է տալիս: Սակայն Աբդիո անունով մի բարեպաշտ մարդու միջոցով հարյուր հոգի կարողանում են ազատվել. հիսունին` մի քարանձավում, մյուս հիսունին` մի այլ քարանձավում թաքցնելով`այդ բարեպաշտ անձնավորությունը պահում էր նրանց: Ճշմարիտ է, որ Աքաաբ թագավորի պալատականներից էր, սակայն կուռքեր չերկրպագելով և առ Աստված ունեցած սիրուց և հնազանդությունից դրդված` Հեզաբելի չար և անողորմ հալածանքներից փրկում է մարգարեներին:

Այսպես երեք տարի  ո´չ ցողը, ո´չ էլ անձրևը չեն թրջում երկիրը, սովն օրըստօրե սաստկանալով` ամբողջ Իսրայելը անոթի և ծարավ է դառնում: Սակայն ամբարիշտ թագավորը փոխանակ իր հպատակների սույն դառնաղետ վիճակի մասին խորհելու, իր ձիերի և ջորիների մասին է հոգում, քանի որ սրանց համար էլ խոտ և դարման չկար: Ուստի սա իր վստահությանը արժանացած վերոհիշյալ Աբդիո պալատականի հետ շրջագայության է դուրս գալիս, որ թերևս ձորերի եզերքին, հեղեղատների մոտ կամ էլ աղբյուրների ակունքներում մի քիչ խոտ և կանաչ գտնեն: Արդ, ինչպես վերը հիշատակվել է, ողորմած Աստված, ժողովրդին գթալով և ցանկանալով անձրև տալ, Եղիա մարգարեին հրամայում է գնալ և ներկայանալ թագավորին:

Երբ մարգարեն Աստծու հրամանով գնում էր Աքաաբի մոտ, հանկարծ նրա առջև է դուրս գալիս  Աբդիոն, որը, թագավորից բաժանվելով, այլ վայրերում էր խոտ փնտրում, և որը մարգարեին տեսնելուն պես գետնատարած երկրպագությամբ ողջունում է Աստծու մարդուն: Եղիան ասում է. «Գնա՛, թագավորին հայտնի՛ր իմ գալուստը»: Սակայն Աբդիոն, վախենալուվ, որ լուրը հայտնելու համար իր բացակայելու ժամանակ թերևս Աստված Եղիային մի այլ տեղ փոխադրի, և եթե նրան չկարողանա գտնել, Աքաաբն անպատճառ իրեն մահվան կդատապարտի, չի ցանկանում գնալ:

Այն ժամանակ Եղիան երդումով հաստատում է, որ հենց այդ օրը պետք է հանդիպի թագավորին, ուստի գնալով` Աբդիոն Աքաաբին հայտնում է լուրը: Քանի որ թագավորն արդեն որոնում էր նրան, իսկույն ընդառաջ է դուրս գալիս, սակայն հարգանքով խոսելու փոխարեն բարկացած դեմքով ասում է. «Իսրայելը կործանողը դո՛ւ ես»: Սրան Եղիան առանց երկյուղի պատասխանում է. «Ես չեմ, այլ դու և քո հոր տունը, որ Աստծուն թողնելով` Բահաղի հետևից գնացիք»:

Հետո իշխանությամբ հրամայում է, որ Կարմեղոս լեռան մոտ հավաքի Իսրայելի ժողովրդին և Բահաղի բոլոր 450 մարգարեներին,  անտառների 400 մարգարեներին (որոնց Հեզաբելն էր կերակրում), և ինքն էլ մեկնում է հիշյալ լեռ: Այս Կարմեղոս լեռը ԻԲ հարցում հիշատակված Կարմեղոս լեռը չէ: Եղիան և նրա Եղիսե աշակերտը ընդհանրապես այստեղ էին բնակվում. մանավանդ սույն լեռը մեծապես հռչակվում է նրանց այս լեռան վրա գործած զանազան հրաշքներով, ինչպես  հայտնի է Սուրբ գրքից:

 
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․