ԾԷ հարցում հիշատակված ասորիների մեղավոր թագավորը, որին Աքաաբը չի սպանում, կատարո՞ւմ է իր խոստումը:

Չի կատարում: Որովհետև խոստացել էր վերադարձնել իսրայելացիներից գրաված և ասորիների իշխանության ներքո  բոլոր քաղաքները, սակայն Ռամաթը չի վերադարձնում: Աքաաբը երեք տարի սպասում է և երբ տեսնում է, որ Ադերի որդին իր խոստումը դրժում է, սկսում է Ռամաթը գրավելու պատրաստություն տեսնել: Արդ, այդ ընթացքում Հուդայի թագավոր Հովսափաթը գալիս է Սամարիա՝ Իսրայելի թագավորին տեսակցության, որի Գոթողիա անունով աղջկան իր որդուն` Հովրամին, կնության էր վերցրել, ուստի նրանց միջև բարեկամություն հաստատված լինելով` Աքաաբը Հովսափաթին առաջարկում է միասին պատերազմել:

Թեև Հուդայի թագավորը չի հավանում այս առաջարկը, սակայն չցանկանալով կոտրել Աքաաբի սիրտը` ցանկություն է հայտնում նախ մարգարեի միջոցով Աստծուն հարցնելու և ապա նրա հրամանով շարժվելու: Իսրայելի թագավորը Բահաղի` չորս հարյուրի հասնող մարգարեներ է հավաքում, որոնք Աքաաբին միաձայն հայտնում են հետևյալը. «Գնա՛, Աստված Ռամաթը քո ձեռքը պիտի հանձնի»: Մանավանդ Սեդեկիա անունով մեկը, երկու երկաթյա եղջյուրներ պատրաստած և անվայել շարժումներով, աղաղակում է.  «Այս եղջյուրներով պիտի հարվածես Ասորիքին»:

Սակայն Հովսափաթը նրանց խոսքերին չի հավատում, քանի որ հասկանում է, որ բոլորը ստախոս և շողոքորթ մարդիկ են, և դրա համար էլ հարցնում է. «Չկա՞ արդյոք այստեղ Աստծու մարգարե, որ նրան հարցնենք»: Աքաաբը պատասխանում է. «Աստծու մարգարե Միքիան այստեղ է, սակայն իմ մասին վատ արտահայտվելու համար նրան մերժել եմ»: Արդարև, Միքիա մարգարեն, Աստծու հրամանի համապատասխան, իր ճշմարիտ կանխասացություններով Աքաաբին չէր հաճոյացել, սակայն ընդառաջելով Հովսափաթ թագավորի խնդրանքին` մարդ է ուղարկում, որ բերեն նրան:

Պատգամավորը ճանապարհին մարգարեին պատմում է իրողությունը` ասելով. «Տե՛ս, որ ինչպես բոլոր մարգարեները, որոնք հաղթանակի ավետիսի խոսքեր խոսեցին, դու էլ նույնը անես»: Միքիան պատասխանում է. «Ինչ Աստված ինձ հայտնի, այն պիտի խոսեմ»: Երբ նա ներկայանում է թագավորներին, Աքաաբը հարցնում է. «Հարձակվե՞մ Ռամաթի վրա, թե՞ ոչ»: Արդ, Միքիան հասկանում է, որ նա սուտ մարգարեների ասածը անպատճառ պետք է անի, ուստի ասում է. «Գնա՛, հաղթանակը քոնն է»:

Սակայն Աքաաբը, նրա խոսքի ոճից հասկանալով, որ բուն ասելիքն այդ չէ, երդվեցնում է նրան, որ ճշմարտությունն ասի, ահա այն ժամանակ մարգարեն պատասխանում է. «Տեսա Իսրայելը մի անհովիվ ոչխարների հոտի նման լեռների վրա ցիրուցան, և Աստված ասում է. «Սրանք տեր չունեն, թող ամեն մեկն իր տեղը վերադառնա»»: Սույն պատասխանից ենթադրվում էր, որ Աքաաբը պիտի մահանար, և իսրայելացիները, խեղճ և թշվառ վիճակում, փախուստով պիտի ազատվեին, ուստի Աքաաբը Հովսափաթին ասում է. «Ես քեզ նախապես չասացի, որ սա իմ մասին լավ բան չի ասելու»:

Դու Աքաաբի անմտությո´ւնը տես: Քանի որ սուտ մարգարեները կեղծավորաբար նրա սրտի ցանկացածն են հայտնում, նա պահանջում է, որ Միքիան էլ սրանց նման խոսի: Սակայն նա, ճշմարիտ Աստծու մարգարեն լինելով, վերստին հայտնում է, որ նրանք սատանայի թելադրանքով սուտ են խոսում, և որ Աքաաբը, նրանց խոսքերին հավատալով, Ռամաթի վրա հարձակվելով, այնտեղ մահ պիտի գտնի: Սույն հանդուգն կամ համարձակ հայտարարությունից հետո վերոհիշյալ Սեդեկիան չի համբերում և ապտակում է մարգարեին, որը պատասխանում է. «Դու նույնպես այն օրը (պատիժ իրագործելու օրը) սենյակից սենյակ պետք է վազես և երկյուղից թաքնվելու վայր պիտի փնտրես»:

Այն ժամանակ Աքաաբը բարկությամբ հրամայում է, որ Միքիա մարգարեին բռնեն և բանտում պահեն մինչև պատերազմից իր վերադառնալը: Միքիան աներկյուղ պատասխանում է. «Եթե պատերազմից ողջ վերադառնաս, ուրեմն Տերը ինձ հետ չի խոսել»: Դրանից բացի` բոլորին ցույց տալու համար, որ ինչ ասել է, անպատճառ պետք է կատարվի, բարձրաձայն խոսում է այնտեղ հավաքված զորավարների հետ, որպեսզի երբ կանխասացությունը կատարվի, գիտակցեն Աստծու զորությունը:

Հովսափաթը, լսելով Միքիա մարգարեի խոսքերը, ստուգապես հասկանում է, որ Աքաաբը պետք է պատժվի, սակայն ասածից չհրաժարվելու համար, նրա հետ պատերազմ է գնում: Աքաաբն էլ, թեև չէր ցանկանում հավատալ Աստծու մարգարեի կանխասացությանը, սակայն կասկածներ ունենալով` շտապում է՝ իր զգեստը Հուդայի թագավորին հագցնելու, իսկ ինքը, հասարակ զինվորի զգեստներ հագնելով, կառքով է գնում պատերազմ, որպեսզի թշնամին իրեն չճանաչի: Թշվա՜ռ մարդ. գալիք պատժից խուսափելու համար վարքը փոխելու փոխարեն հագուստն է փոխում:

Երբ երկու կողմերը սկսում են պատերազմել, ասորիների զորքը, Հովսափաթին տեսնելով և նրան Իսրայելի թագավորի տեղը դնելով, հարձակվում է նրա վրա: Քանի որ ասորիների թագավորն իր զորքին պատվեր էր տվել, որ հատուկ ուշադրություն դարձնեն և իսրայելացիների թագավորին գտնելու և սպանելու համար ոչ մի ջանք չխնայեն: Հովսափաթը, այդ ճգնաժամային պահին իրողությունը հասկանալով, աղաղակում է, որ ինքն իսրայելացիների թագավորը չէ, և մանավանդ Աստծու օգնությամբ (Բ Մնաց. 18:31) թեպետ  կարողանում է վերահաս վտանգից ազատվել, սակայն մահու չափ վախենում է:

Պատերազմի թեժ պահին Աքաաբը վիրավորվում է արձակված նետից, ուստի նրան պատերազմի դաշտից դուրս են հանում: Նրա ստացած վերքից այնքան առատ արյուն էր հոսում, որ կառքը արյունով է լցվում, և երեկոյան իր կառքի մեջ էլ մահանում է: Իսրայելացիների թագավորի մահվան լուրը մունետիկի միջոցով զորքի մեջ տարածվելուն պես զորքն իսկույն ցրվում է, և ամեն մարդ իր տուն է վերադառնում, և Աքաաբի մարմինն էլ, Սամարիա բերելով, անշուք թաղում են:

Ահա այսպիսով, կատարվում է Միքիա մարգարեի կանխասացությունը (տե´ս ԾԷ հարցը), նաև իրակականանում էր հիշյալ մարգարեի այն խոսքը կամ գործը, որն ասել էր, երբ Աքաաբը չէր ցանկացել սպանել ասորիների թագավոր Ադերի որդուն, և ահա Աքաաբը նրա փոխարեն է սպանվում: Սրանից բացի, երբ կառքում եղած հանդերձները Սամարիայի ավազանի ջրով լվանում են, խոզերն ու շները սկսում են լիզել նրա արյունը, որով էլ կատարվում է Եղիա մարգարեի կանխասացությունը (տե´ս ԾԷ հարցը՝ Աքաաբը հե՞տ է դառնում իր չար ճանապարհից):


 
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․