Երբ Աքաաբը մահանում է, նրա զորքը` ցրվում, Հուդայի թագավոր Հովսափաթը վերադառնո՞ւմ է Երուսաղեմ:

Այո՛, վերադառնում է: Սակայն Աքաաբի հետ պատերազմ գնալու համար Հեու մարգարեն, նրան ընդառաջ գալով, ասում է. «Դու օգնեցիր մեղավորին և Աստծուց մերժված մարդու հետ բարեկամություն հաստատեցիր, սրա պատճառով Աստված քեզ պիտի պատժի, սակայն քանի որ սիրտդ Աստծու առջև ուղիղ է և Հուդայի երկրից ջնջեցիր կուռքերին նվիրված սեղաններն ու անտառները, այդ է  պատճառը, որ ներում է քեզ և չի պատժում»: Մարգարեի սույն խոսքը հանդիմանություն էր, որ Հովսափաթը մեկ այլ անգամ մտերմություն չհաստատի Աստծու հրամաններին ընդդիմացող մարդկանց հետ, նաև մեծ մխիթարություն էր նրա սրտին, այնպես որ այդ նույն խոսքերից քաջալերված` ինչպես նախկինում էր ջանացել վերացնել կուռքերին վերաբերող ամեն ինչ, այս անգամ անձամբ ինքը` Հովսափաթ արքան, շրջում է իր տերության տարածքով և օրենքին հակառակ ամեն ինչ վերացնելուց հետո հատուկ դատավորներ և պաշտոնյաներ է կարգում, որ ժողովրդին սովորեցնեն Աստծու օրենքը, արդարությամբ դատաստան անեն, Աստծու երկյուղը իրենց սրտերից չհանեն, որպեսզի չպատժվեն: 

Արդարև, Հովսափաթը, ամեն կերպ Աստծուն հնազանդ լինելով, իր բոլոր թշնամիներին հաղթում է և մեծ փառքի արժանանում: Օրինակ` այդ ժամանակ ամոնացիները, մովաբացիները և այլ հեթանոս ժողովուրդներ միավորվելով անհամար զորքով նրա դեմ պատերազմելու են դուրս գալիս: Սրանց բազմությանը նայելով` Հովսափաթը թեև վախենում է, սակայն իր ամբողջ հույսն Աստծու վրա դրած` ժողովրդին կարգադրում է, որ ծոմ պահեն և անկեղծ սրտով Աստծուն աղոթեն:

Նմանապես նաև թագավորը, տաճարում աղոթելիս, խոստովանում է Աստծու գերագույն կարողությունը և իսրայելացիներին արված անսահման ողորմությունները` աղաչելով, որ իրենց փրկի թշնամուց: Երբ ժողովուրդը՝ և´ տղամարդիկ, և´ կանայք իրենց մանուկներով, տաճարում աղոթում են, որպես Հովսափաթի աղոթքն ընդունելի լինելու նշան` Ղևի ցեղից Ոզիել անունով մի մարդ Աստծու հրամանով հայտարարում է. «Մի՛ վախեցեք, այս պատերազմը ձերը չէ, այլ Աստծունն է, դուք վաղը աներկյո՛ւղ ելեք թշնամու դեմ, քանի որ Աստված ձեզ հետ է»:

Այն ժամանակ բոլորը միասիրտ երկրպագում են Աստծուն, շնորհակալ լինում Նրա բարերար գթության համար, և ղևտացիները նույնպես բարձրաձայն օրհնություններ են հնչեցնում Նրա սուրբ անվան համար: Ուստի առավոտյան` թշնամու վրա հարձակվելու պահին, Հովսափաթը ժողովրդին պատվիրում է հավատալ Աստծուն և Նրա մարգարեներին, որպեսզի Աստված իրենց փրկի վերահաս վտանգից: Արդարև, երբ բոլորը միաձայն սկսում են սաղմոսերգել և բարձրաձայն խոստովանել Աստծու գթությունն ու զորությունը,  հանկարծ թշնամու մեջ անկարգություն և կռիվ է ծագում, և սկսում են միմյանց կոտորել:

Տե՛ս և մտապահի՛ր, թե Աստծուն ինչքան ընդունելի և հաճելի է, երբ ժողովուրդը ծոմ պահող շրթունքներով աղոթում է Իրեն և կատարյալ հավատով և աներկբա մտքով Իր զորությանը և օգնությանն է ապավինում: Որովհետև այդ անհամար բազմությամբ արշավող զորքի մեջ մի հրաշքով խռովություն և իրարանցում սկսելուն պես մոռանում են Հովսափաթին և իրար այնպես կոտորում, որ այդ ահավոր բազմությունից ոչ մեկը կենդանի չի մնում:

Հովսափաթ արքան և նրա հետ նաև ժողովուրդը, տեսնելով թշնամու այսպիսի ամբողջական ոչնչացումը, սկսում են կողոպտել նրանց բանակը և հազիվ երեք օրում կարողանում են հավաքել նրանց թողած ինչքն ու անասունները, իսկ չորրորդ օրը հավաքվում են մի հովտում, վերստին աղոթում  առ Աստված և գոհության ու շնորհակալության երգեր երգում և այն վայրի անունը օրհնության հովիտ կոչում (Բ Մնաց. 20:26):

Հետո նրանք մեծ ուրախությամբ, քնարով ու թմբուկով Երուսաղեմ են գալիս և տաճարում վերստին գոհաբանական մաղթանքներով շնորհակալություն  հայտնում Աստծուն: Շրջակայքի թագավորները, Հովսափաթի թշնամիների այս ձևով կործանվելը լսելով, մանավանդ Աստծուց նրանց սրտերում վախ ընկնելով (Բ Մնաց. 20:29), այլևս զգուշանում են Հուդայի թագավորին վնասելու որևէ գործ ձեռնարկելուց, և նա մինչ իր մահը հանգիստ և խաղաղ կյանք է ունենում իր բարեպաշտ և երկյուղած կենցաղավարությամբ, ինչպես նաև հավատարիմ և արթուն գործունեությամբ:

Սակայն, այսուհանդերձ, Հովսափաթը, իսրայելացիների Ոքոզիա թագավորի հետ վաճառականությամբ համագործակցելով (որը Աքաաբի որդին էր), մեծ վնասներ է կրում, այնպես որ Աստված մարգարեի միջոցով ազդարարում է և հանդիմանական եղանակով պատվիրում զգուշություն ցուցաբերել, չար մարդկանց հետ չմիավորվել: Քանի որ Հովսափաթը իշխում էր մինչև Կարմիր ծով և հիշյալ Ոքոզիայի հետ ձեռնարկում էր նավահանգիստ և նավեր կառուցել, որպեսզի հեռավոր վայրեր նավեր ուղարկելով` ոսկի և այլ թանկարժեք ապրանք բերել տա:

Աստված այս ձեռնարկը չի հավանում, և այդ նավերը  խորտակվում են. դրանց ոչնչանալու լուրը դեռ չհասած` աստվածային ներշնչանքով Եղիազար մարգարեն Հովսափաթին ասում է. «Ոքոզիայի հետ բարեկամանալուդ պատճառով Աստված ոչնչացրեց քո նավերը»: Թագավորը, այս խոսքերը լսելով, հնազանդությամբ այդ գործից հեռու է քաշվում: Իսկ Ոքոզիան, չհավատալով, որ այդ ամենը Աստծուց է եղել, նորից ձեռնամուխ է լինում նավեր կառուցելուն, սակայն Հովսափաթը այլևս չի միանում նրան, որպեսզի  որևէ կերպ Աստծու հրամաններին հակառակ չընթանա:


 
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․