Չի հնազանդվում, որի պատճառով մահանում է անչափ թշվառ վիճակում:
Երբ ասորիների թագավորը հիվանդ էր, Եղիսեն գնում է Դամասկոս: Թագավորը, լսելով Եղիսեի գալու մասին, Ազայել անունով նախարարին քառասուն ուղտաբեռ ընծաներով ուղարկում է նրան ընդառաջ, որպեսզի սա հարցնի, թե արդյոք արքան կապաքինվի իր հիվանդությունից: Հիշյալ նախարարի հարցին նախ` Եղիսեն պատասխանում է, որ կապաքինվի, իսկ հետո` հավելում. «Սակայն Աստված ինձ հայտնեց, որ նա մահանալու է»:
Քանի որ Եղիսեն գիտեր, որ Ազայելը չպիտի հայտներ, որ թագավորը մահանալու է, նախ` ասելով` պիտի ապրի, Ազայելի մտադրությունն է հայտնում: Ուստի նախարարը, լսելով այս խոսքը, պատկառում է մարգարեից, քանի որ մինչ թագավորի առողջանալու լուրին էր սպասում, տեղեկանում է, որ պիտի մահանա, իսկ նա սրան պատրաստ չէր:
Սակայն քանի որ Աստված նախապես Եղիա մարգարեին հայտնել էր, որ հիշյալ Ազայելին ասորիների թագավոր պիտի կարգի (տե´ս ԾԴ հարցը), ուստի նրա պատվերով Եղիսեն նրան թագավոր պիտի հռչակեր, և Աստված այս թագավորի ձեռքով իսրայելացիներին պետք է պատժեր, որն իմանալով` մարգարեն սկսում է արտասվել: Ազայելը, նրա արտասվելը տեսնելով, հարցնում է. «Ինչո՞ւ ես արտասվում, հա՛յր», և հարցին ի պատասխան` Եղիսեն ասում է. «Գիտեմ, որ Իսրայելի ամուր քաղաքները պիտի այրես, պատվավոր մարդկանց, մանուկներին և հղիներին պիտի կոտորես»: Եվ այս ամենը նախօրոք է ասում, որպեսզի երբ դա կատարվի, չկարծի, թե ինքն իր սեփական հզորությամբ է կարողացել չարիք հասցնել իսրայելացիներին, այլ աստվածային բարկությունն է, որ պատուհասում է ապերախտ ազգին:
Ազայելը այսպիսի խոսքեր լսելուց հետո պատասխանում է. «Ո՞ւմ շունն է ծառադ, որ այդպիսի բաներ անի», և Եղիսեն պատասխանում է. «Տերն ինձ հայտնեց, որ դու ասորիների թագավոր պիտի դառնաս», և Տիրոջ հրամանով նրան այնտեղ թագավոր է կարգում:
Ազայելը վերադառնալով թագավորին հայտնում է, որ չպիտի մահանա, սակայն հաջորդ օրը մի թաց թաշկինակ դեմքին դնելուց հետո այլևս չի շնչում, և նրա փոխարեն, ըստ Եղիսեի խոսքի, հենց ինքը՝ Ազայելն է թագավորում:
Երբ Հովրամը լսում է, որ Ազայելը դարձել է ասորիների թագավոր, մտադրվում է ասորիներից ազատել Ռամաթ քաղաքը, որն իսրայելացիներին էր պատկանում (տե´ս ԾԹ հարցը), ու քանի որ Հուդայի Ոքոզիա թագավորը, փեսայանալով նրան, բարեկամներ էին դարձել, դրա համար էլ լուր է ուղարկում, և առանց Տիրոջ կամքը հարցնելու համատեղ պատերազմելու են գնում:
Ազայելը, Հովրամի առաջխաղացման մասին տեղեկանալով, ինքն էլ զորքով շարժվում է դեպի Ռամաթ, և երկու զորքերի միջև սաստիկ պատերազմ է տեղի ունենում, որում թեև Հովրամին հաջողվում է հաղթել և Ռամաթ քաղաքը գրավել, սակայն նա չարաչար վիրավորվում է, ուստի զորքը և քաղաքի կառավարումը հանձնելով իր Հեու զորապետին` ինքը Հեզրայել է վերադառնում բժիշկների ձեռքով բուժվելու նպատակով: Հուդայի Ոքոզիա թագավորն էլ է այնտեղ գնում, որպեսզի հարցնի թագավորի որպիսության մասին:
Արդ, քանի որ հիշյալ Հեուն, Աստծու հրամանով իսրայելացիներին թագավորելով, կոտորելու էր Աքաաբի ցեղը (տե´ս ԾԶ հարցը), ուստի Եղիսեն իր մոտ գտնվող մարգարեների որդիներից մեկին ուղարկում է Ռամաթ, որպեսզի Հեու զորավարին թագավոր կարգի: Մինչ Հեուն այլ զորավարների հետ նստած էր, հիշյալ մարգարեն գալով հայտնում է, որ նրան ասելիք ունի և նրան մի այլ սենյակ տանելով` Եղիսեի պատվերին համապատասխան` օծում է նրան` ասելով. «Աստված քեզ Իսրայելի ժողովրդի թագավոր կարգեց, որպեսզի Աքաաբի ցեղը կոտորես, և Աստծու մարգարեների վրեժն առնես Հեզաբելից, որի մարմինը շները պիտի ուտեն»: Մարգարեն իր հանձնարարությունը հավատարմությամբ կատարելուց և Աստծու հրամանը Հեու զորավարին հաղորդելուց հետո սենյակից իսկույն դուրս է գալիս և ճողոպրում, այնպես որ հիշյալ զորավարները նրան պակասամիտ են համարում և նրա գալու պատճառը Հեուից են հարցնում:
Սա ցանկանում է եղելությունը գաղտնի պահել, սակայն երբ շատ են ստիպում, այն ժամանակ ճշգրտությամբ պատմում է: Հազարապետերը, լսելով Աստծու հրամանը, իսկույն ոտքի են կանգնում և, կամենալով թագավորին պատվել, հանում են իրենց բաճկոնները և Հեուին դրանց վրա բազմեցնում: Ապա փողեր հնչեցնելով` նրան թագավոր են հռչակում: Սակայն որպեսզի որևէ մեկը Հովրամին նախապես չզգուշացնի, փակել են տալիս քաղաքի դռները և շտապով զորք հավաքելով` Հեզրայելի վրա արշավում:
Արդ, քանի որ Հովրամը քաղաքի աշտարակի վրա ժամապահ էր նշանակել, որպեսզի եթե բանակից որևէ մեկը գա, իսկույն իրեն տեղյակ պահեն, ուստի ժամապահը, Հեուի զորքի արագ արշավանքից բարձրացած փոշին տեսնելով, իսկույն հայտնում է Հովրամին, որը մի ձիավոր է ուղարկում` եղելությունը պարզելու, սակայն Հեուն չի թողնում, որ ձիավորը վերադառնա, ուստի Հովրամը մի հեծյալ էլ է ուղարկում, որին նույնպես Հեուն արգելում է հետ դառնալ:
Դետը տեսնում է, որ սուրհանդակները չեն վերադառնում, և Հովրամին տեղեկացնում է այս իրողությունը, որից Հովրամը, զանազան կասկածների մեջ ընկնելով, ինքն անձամբ է ցանկանում գնալ և իմանալ, թե ովքեր են եկողները և ինչ նպատակ ունեն: Երբ անմիջապես կառք նստելով` գնում է, Հուդայի թագավոր Ոքոզիան էլ, որ այնտեղ էր, նրա հետևից մի այլ կառք նստելով, հետևում է նրան, և երբ հասնում են քարկոծությամբ սպանված Նաբովթի մահվան վայրը, Հեուն էլ հասնելով, հենց այդ վայրում հանդիպում են միմյանց:
Հովրամը Հեուին տեսնելուն պես հարցնում է. «Գալդ խաղաղությա՞մբ է», Հեուն պատասխանում է. «Քեզ հետ ի´նչ խաղաղություն, Հեզաբելի չարությունը անչափ շատ է»: Հովրամը, սույն խոսքերը լսելով, հասկանում է, որ խոսքի մեջ թշնամություն կա, ուստի ձայնում է. «Որոգա՛յթ է»: Ցանկանում է Ոքոզիայի հետ ազատվել, սակայն Հեուն, անմիջապես նետ արձակելով, սպանում է և դիակը Նաբովթի քարկոծության տեղն է գցել տալիս: Նաև փախած Ոքոզիայի հետևից զորք ուղարկելով` սպանում է նրան, սակայն նա, միայն վիրավորելով, փախչում է Մակեդդով: Մյուս օրը Հեուն, գտնելով նրա եղբայրներին, բոլորին կոտորում է (Բ Մնաց. 22:8): Ճիշտ է, նրա եղբայրները արդեն փղշտացիների ձեռքով Երուսաղեմում սպանվել էին (տե´ս ԿԴ հարցը), սակայն նրանց որդիները, որոնք ծառայում էին Ոքոզիային, որպես մերձավոր ազգական` մեռնելու արժանի են համարվում:
Ապա Մակեդդով քաղաքում ապաստանած Ոքոզիա թագավորին էլ բերել տալով սպանում են, սակայն Ոքոզիան, Հուդայի Հովսափաթ թագավորի թոռը լինելով, այդ բարեպաշտ արքայի հիշատակի համար, թույլատրում է նրա մարմինը տանել և Երուսաղեմում թաղել (Բ Մնաց. 22:2): Իսկ ինքը՝ Ոքոզիան, որ մոր խորհրդով կռապաշտությանն էր հակված, այսպես չարաչար պատժվում է մյուսներին խրատ և զգուշացում լինելու համար (Բ Մնաց. 22:7):
Հեուն շտապում է գալու Հեզրայել քաղաք, որպեսզի Հեզաբելին էլ սպանի. այս թագուհին, աչքերը սուրմա քսած և ճոխ զգեստներ հագած, պատուհանից Հեուին տեսնելով, ասում է. «Խաղաղությա՞մբ ես եկել, տիրասպա´ն Զամբրի»: Հեուն վեր նայելով պատասխանում է. «Ո՞վ ես դու, իջի´ր ինձ մոտ», ապա նկատելով պատուհանից ներքև նայող երկու նեքինիներին` հրամայում է, որ այդ անզգամ կնոջը վայր նետեն, նրանք էլ հնազանդվելով այդ ահարկու թագուհուն իսկույն ներքև են գցում, որը, գետնին ընկնելով, ամենաթշվառ ձևով ոտնակոխ է լինում և այդպես իր արժանի պատիժը գտնում:
Թեև Հեուն այդ կնոջը անեծքի արժանի էր համարում, սակայն քանի որ թագուհու աղջիկ էր, երբ ճաշի էր նստած` հրամայում է, որ գնան և թաղեն նրա մարմինը: Սակայն մինչ այդ շներն արդեն կերել էին նրա մեծ մասը, ուստի միայն նրա գանգը, երկու ձեռքերը և երկու ոտքերն են գտնում բզկտված: Ահա այսպիսով կատարվում է Եղիայի մարգարեությունը (տե´ս ԾԸ հարցը), որ Նաբովթի կալվածքում շներն ուտելու են Հեզաբելի մարմինը:
Քանի որ Հեուն պիտի ջնջեր Աքաաբի ամբողջ ցեղը, իմանալով, որ Սամարիայում նրա որդիներն ու թոռները յոթանասունհինգ հոգի են, քաղաքի ազդեցիկ մարդկանց գրում է, որ այդ արքայազուն իշխաններից հարմարագույնին թագավոր կարգելով` պատրաստ լինեն հանուն նրա պատերազմելու: Հեուն այս ձևով ցանկանում է փորձել Սամարիայի բնակիչներին, որպեսզի նրանց դիտավորություններն իմանալով` ըստ այդմ շարժվի և պատրաստվի: Արդարև, Հեուն իր առջև դրված նպատակին առանց պատերազմելու է հասնում, քանի որ Սամարիայի մեծամեծները, Հեուի հրովարտակը ստանալով և հասկանալով գրվածը, սկսում են սաստիկ վախենալ և միմյանց ասում են. «Երկու թագավորները չկարողացան նրան դիմադրել, մենք ինչպե՞ս պիտի դիմադրենք»:
Հեուն սպասում է պատասխանին, որը չի ուշանում, և որով Սամարիայի բնակիչները խոնարհությամբ հայտնում են, որ իրենք ամեն կերպ հնազանդվում են նրա կամքին և հպատակվում նրա իշխանությանը: Հեուն նրանց երկրորդ անգամ է գրում. «Եթե հնազանդ եք ինձ, ապա Աքաաբի որդիների գլուխները կտրելով` վաղը` այս ժամին, ինձ մոտ կբերեք»: Արդարև, ըստ նրա հրամանի` արքայազուն իշխանները սպանվում են, և նրանց գլուխները Հեուին են ուղարկվում:
Հեուն այդ գլուխներից Հեզաբելի տան մուտքի դրսի մասում երկու աշտարակաձև բլուրներ է դիզում, և առավոտյան ինքն էլ այնտեղ գնալով, երբ ժողովուրդը սարսափով և ապշահար այդ մարդկային գլուխներով կառուցված աշտարակներին էր նայում, Հեուն, ցանկանալով ցույց տալ, որ ո´չ ինքը, ո´չ էլ Սամարիայի մեծամեծները մեղավոր չեն, ժողովրդի հետ այսպես է խոսում. «Դուք արդար եք, ես սպանեցի իմ թագավորին, սակայն սրանց ո՞վ սպանեց: Արդ, մի´ մտածեք, որ ինչ ասում եմ, անգթություն է, այլ Աստծու` Աքաաբի տանը վերաբերող հրամանն ենք կատարել, այն հրամանը, որ Եղիայի միջոցով հայտարարվեց»:
Երբ Հեուն Աքաաբի ցեղից Հեզրայելում գտնվող բոլոր մարդկանց սպանելուց հետո Սամարիա էր գնում, Բեդակադ կոչվող վայրում, Հուդայի թագավորի՝ Ոքոզիայի եղբայրներից կամ ազգականներից քառասուն մարդու է հանդիպում, որոնք Երուսաղեմում պատվավոր և ազդեցիկ մարդիկ էին, և լսելով Իսրայելի թագավոր Հովրամի մահվան բոթը` որպես նրան ազգական և բարեկամ` նրա որդիներին մխիթարելու են գալիս: Հեուն նրանց ո´վ լինելը և ինչի´ համար գնալն իմանալուց հետո բոլորին սպանել է տալիս:
Մինչ Հեուն շարունակում էր Սամարիա իր ընթացքը, հանդիպում է իր հին բարեկամներից Հովնադաբին, և երբ տեղեկանում է, որ նրա բարեկամությունը նախկինի նման հաստատուն է, իր կառքն է ընդունում նրան և հայտնում, որ ինքն Աստծու փառքի նախանձախնդիրն է և նույն եռանդով և ոգով էլ գործում է: Երբ Սամարիա է մտնում, Տիրոջ հրամանը կատարելու համար Աքաաբի ցեղից դեռևս կենդանի և նրա հետ կապ ունեցող բոլոր մարդկանց կոտորել է տալիս:
Այնուհետև Հեուն Իսրայելի բոլոր բնակավայրերում հրավերի կոչ է անում և Սամարիայում է հավաքում Բահաղի բոլոր մարգարեներին և նրան ծառայող բոլոր մարդկանց` իբր թե հիշյալ կուռքին մի մեծ ընծա մատուցելու և Աքաաբից էլ ավելի նվիրված ծառայելու համար, և միաժամանակ հայտարարում է, որ ով այս հրավերը չընդունի, անպատճառ պիտի մահանա: Նրանք, այս հրավերը իրական համարելով, բոլորն էլ ուրախությամբ գալիս են և մտնում Բահաղի տուն, այնպես որ դրսում ոչ ոք չի մնում:
Հեուն իր տան վերակացուին պատվիրում է նրանց զգեստներ տալ և ստուգել, որ նրանց մեջ Աստծու մարգարեներից չլինի: Կռատան դրսում և ներսում զորք է կանգնեցնում, որ ոչ մեկը չփախչի, երբ ներս մտնելով սկսում են խունկ ծխել և զոհ մատուցել, զորքին հրամայում է նրանց բոլորին անխնա և առանց բացառության կոտորել: Երբ բոլորին կոտորում են, Բահաղի տունը և նրա անունով կառուցված բոլոր վայրերը կործանելուց հետո նրան հետևողներին էլ ավելի նախատելու համար պատվիրում է տան տեղը աղբանոց և արտաքնոց կառուցել:
Նաև Իսրայել երկրում, որտեղ Բահաղ կուռք կամ կռատուն կար, որոնց պատճառը Հեզաբելի դրդմամբ Աքաաբն էր, բոլորն էլ կործանելով և ոչնչացնելով` երկիրն ազատում է հիշյալ կուռքերի գարշելիությունից: Մինչ այդ պահը Հեուն Աստծու կամքին համապատասխան գործելով` Աստված նրան խոստանում է` սերնդեսերունդ` մինչև չորրորդ սերունդը, իսրայելացիների թագավորներ լինեն:
Հիրավի, Հեուն Աքաաբի տան նկատմամբ կատարում է աստվածային հրամանը, սակայն Հերոբովամի կանգնեցրած ոսկեղեն հորթերը չոչնչացնելու համար Աստված նրա դեմ է ուղարկում վերոհիշյալ ասորիների թագավոր Ազայելին: Սա, Հորդանանի մյուս ափում գտնվող իսրայելացիների քաղաքների վրա հարձակվելով, շատ քաղաքներ է կործանում և շատերին կոտորում, ինչպես գուշակել էր Եղիսե մարգարեն, որի մասին արդեն վերը մանրամասնորեն պատմվել է: Հեուն քսանութ տարի իսրայելացիներին թագավորելուց հետո մահանում է և թաղվում Սամարիայում: Ահա այսպես իր մահկանացուն է կնքում այն մարդը, որը թեև Աստծու փառքի համար նախանձախնդրություն է ցուցաբերում, սակայն կատարյալ հնազանդություն չունենալով, ցավոք սրտի, տեսնում է իր անհնազանդության դառը պտուղները: