5 Հոկտեմբեր, Շբ
Նրա Հովաթամ որդին: Սա ևս, թեև հնազանդ էր Աստծուն, սակայն չի ոչնչացնում բարձրադիր վայրերում կառուցված սեղանները, որ օրենքին հակառակ էին: Հովաթամը կառուցում է Ոփղա աշտարակը, որը տաճարի արևելյան դռան և Երուսաղեմի պարսպի վրա էր գտնվում: Այս թագավորը, կառուցելու սեր ունենալով, բազմաթիվ դղյակներ և աշտարակներ է կառուցում ու անտառներ տնկում: Պատերազմում է ամոնացի կռապաշտների դեմ և հաղթում նրանց, և ամոնացիների թագավորը պարտավորվում է, տարին տասը հազարական քոռ (1 քոռ = 12,4 կգ) ցորեն և գարի տալուց բացի, երեք տարի էլ բազում մթերքներ մատակարարել:
Հովաթամը տասնվեց տարի թագավորելուց հետո մահանում է և թաղվում Երուսաղեմում: Նրան հաջորդում է որդին՝ Աքազը, որն այնքան չար է լինում, որ իր անօրինություններով և անզգամ վարքով գերազանցում է իրեն նախորդած և կռապաշտության հակված Հուդայի բոլոր թագավորներին: Ասորիների և Իսրայելի բոլոր կուռքերը բերում է Երուսաղեմ և պաշտում, ու ամբողջ Հուդայի երկիրը վարակվում է այդ մոլորությամբ:
Նա, ըստ կռապաշտների սովորության, զոհեր էր մատուցում Երուսաղեմի մոտ` Ձիթենյաց լեռան ստորոտում գտնվող Բեննում անունը կրող վայրում, բարձր բլուրների վրա և անտառներում, և ի պատիվ կուռքերի` իր որդուն կրակի միջով է անցկացնում` որպես թե կուռքին նվեր, ուստի Աստված բարկանում է, և ասորիների Ռասոն թագավորը և Իսրայելի Փակեե արքան միավորվելով հարձակվում են նրա վրա, քանի որ Աքազը նրանց կուռքերն է պաշտում, ուստի Աստված էլ ցանկանում է նրանց ձեռքով պատժել ամբարիշտ թագավորին: Նախ` ասորիները ահագին զորքով հարձակվում են Աքազի վրա և սաստիկ հարվածներ հասցնում ու շատ գերիների տանում Դամասկոս, ապա` Իսրայելի թագավորը հարձակվելով Աքազի զորքից մի օրում հարյուր քսան հազար մարդ է կոտորում: Այս պատերազմում զոհվում են Հուդայի թագավորի որդին` Ամասիասը, և պալատական երկու մեծանուն իշխան: Սրանցից բացի` գերեվարվում է երեք հարյուր հազար մարդ:
Դու Աստծու ողորմությո´ւնը տես. թեև Աքազի վրա բարկանալով` պատժում է նրա ժողովըրդին, սակայն նաև գթալով` ցանկանում է այդ բոլոր մարդկանց ազատել գերությունից: Ուստի այդ նպատակով Ովդեդ անունով մի մարգարե Տիրոջ հրամանով դուրս է գալիս իսրայելացիների զորքին ընդառաջ և նրանց հրամանատարների հետ այսպես խոսում. «Աստված նրանց վրա բարկացած լինելու պատճառով դուք կարողացաք հաղթել նրանց, կոտորել և տկարներին գերեվարել, այժմ նրանց բա´ց թողեք, եթե չթողնեք, Տիրոջ բարկությունը ձեզ վրա կլինի»:
Մարգարեի խոսքից ոչ միայն նրանք են համոզվում, այլև մյուսներին էլ համոզելով` բոլորը միասին, գերիներին գթալով, ազատ են արձակում: Սրանից բացի` մերկ գերիներին իրենց ավարից հագուստ են տալիս և կերակրելուց հետո քայլելու կարողություն չունեցողներին, գրաստների նստեցնելով, տանում են Հուդայի թագավորության Երիքով քաղաք, որպեսզի այնտեղից ամեն մեկն իր տուն վերադառնա: Թեև Աստծու ողորմությամբ գերիներն այս անգամ ազատվում են, սակայն քիչ հետո կռապաշտ եդովմացիները և այլ կռապաշտներ, հարձակվելով Աքազի վրա, շատ քաղաքներ ավերելուց բացի, ժողովրդին էլ գերեվարում են:
Այստեղ հարկ է ուշադիր լինել. Աքազի մեղքի պատճառով ժողովուրդն է պատժվում (Բ Մնաց. 28:19): Արդարև, Աստված այդ չար թագավորի դեմ թշնամիներ է ուղարկում, որ արդարությունն իրագործվի, և Աքազը զղջա ու ապաշխարի: Սակայն վերոհիշյալ Ռասոն և Փակեե թագավորները, կարծելով, որ իրենց անձնական կարողությամբ են հաղթել և պատժել Աքազին, հպարտանում են և Աստծու կամքից դուրս, թշնամական դիտավորությամբ խորհում Աքազին գահընկեց անել և նրա փոխարեն Տաբելի որդի կոչվող մեկին թագավորեցնել:
Այս նպատակով որոշում են ահագին բազմությամբ հարձակվել Երուսաղեմի վրա: Աքազը, իմանալով նրանց դիտավորությունը, մեծ մտատանջության և սրտաբեկության է մատնվում, քանի որ նրանց դիմակայելու զորություն չի ունենում, մանավանդ Աստծուն ուրացած լինելով` Նրանից օգնություն ստանալու հույսն ամբողջովին կորցրել էր: Ուստի ասորիների Թգլատպալասարի թագավորին խնդրում է, որ գա և իրեն ազատի իր երկու ահեղ թշնամիներից: Դու Աստծու ողորմությա´նը նայիր. թեև Աքազը հաղթանակի համար աղոթքով Աստծուն չի դիմում, սակայն Աստված նրան իր զորությունը և ողորմությունը ցույց տալու համար Եսայի մարգարեին է ուղարկում, որպեսզի Աքազը չվախենա և քաջալերվի և Թգլատպալասարի օգնության վրա էլ հույս չդնի, քանի որ Նա կարող է արգելել թշնամուն, որ չկարողանա գործադրել իր չար մտադրությունը (Ես. 7, 8):
Հիրավի, վերոհիշյալ Ռասոն և Փակեե թագավորները արշավում են Երուսաղեմ, բայց անկարող պատերազմելու` ամոթով հետ դառնում (Դ Թագ. 16:5): Իսկ Աքազը, մարգարեի պատգամը չընդունելով, ժողովում է տաճարի, պալատի, ինչպես նաև իր պալատականների տների ամբողջ ոսկին և արծաթը և Թգլատպալասարին ուղարկելով` աղաչում, որ իրեն ազատի թշնամուց և ստորանում` իրեն նրա որդի և ծառա կոչելով:
Ուստի Ասորեստանի թագավորը, Իսրայել երկրի վրա հարձակվելով, բազմաթիվ քաղաքներ է գրավում և, նրանց բնակիչներին Ասորեստանի քաղաքներ տանելով, այնտեղ է բնակեցնում (Ա Մնաց. 5:26): Հետո Դամասկոս է արշավում, որը գրավելով կողոպտում է, սպանում Ռասոն թագավորին և քաղաքի բնակիչներին Կյուրեն տանելով` բնակեցնում:
Այդ ժամանակ Ովսեե անունով մեկը, սպանելով Իսրայելի Փակեե թագավորին, նրա փոխարեն է թագավորում (Դ Թագ. 15: 30): Այսպիսով, Աքազի թշնամիները մահանալով` նա ազատվում է նրանց բռնություններից, սակայն Աստծուն շնորհակալություն հայտնելու փոխարեն նա անձամբ Դամասկոս է գնում` Թգլատպալասարին շնորհակալություն հայտնելու:
Դրանից բացի` Դամասկոսում կուռքերի սեղանները տեսնելով` դրանց գծագրերը Ուրիա քահանային է ուղարկում, որպեսզի նույն գծագրերով տաճարում մի սեղան կառուցել տա: Արքայական սույն հրամանին համապատասխան` սեղան է կառուցվում: Թեև Աքազը շատ դրամ էր տվել Թգլատպալասարին, սակայն սա, ահագին զորքով նրա երկիր մտնելով, առանց թշնամության հասկացնում է Աքազին, որ այդքանը բավական չէ, ուստի Աքազը շատ նեղություն է կրում, և նրա ամբողջ ծախսը հոգալուց բացի` պարտավորվում է բավարարել նրա ցանկությունը և հետ ուղարկել:
Աքազը, Դամասկոսից հետ վերադառնալով, տաճարում կառուցված սեղանի վրա սկսում է կռապաշտներին հատուկ արարողակարգով զոհեր մատուցել և Ուրիային ևս կարգադրում զոհաբերությունները նույն սեղանի վրա անել: Տաճարի հարդարանքը կամ կահկարասին, որ Սողոմոնի օրոք էին պատրաստվել, սկսում է իր ցանկությամբ փոխել: Աքազը նույնիսկ համարձակվում է փակել տաճարի դռները, և Երուսաղեմի բոլոր անկյուններում կուռքերին նվիրված սեղաններ կանգնեցնել, այնպես որ ժողովուրդը, դա տեսնելով, բոլոր քաղաքներում կուռքեր պաշտելու սովորությունն ընդհանրացնում է:
Դու Աքազի թանձր հիմարությո՛ւնը տես. նա ուրանում է Աստծուն, Աստված էլ նրան կռապաշտների ձեռքով է պատժում, որպեսզի ուղղվի, սակայն նա, կարծելով` կուռքերն են իրեն պատժում, և ավելի ջերմեռանդորեն է հարում կռապաշտությանը նրանց չարիքից զերծ լինելու համար: Զարմանալին այն է, որ ինչքան օգնության հույսը դրանց հետ է կապում, այնքան չարիքն ավելանում է, մինչև որ չարագույն վիճակում թշվառ ձևով մահանում է, և թագավորների գերեզմանում թաղվելու փոխարեն մի այլ վայրում թաղվում: