Ո՞վ էր Հռութը:

Մովաբացի կռապաշտ մի աղջիկ էր, որը, թողնելով կռապաշտությունը, ընդունում է Իսրայելի Աստծուն և Նրա օրենքները: Որովհետև Իսրայելի դատավորների օրոք մադիամացի կռապաշտները, յոթ տարի շարունակ մտնելով իսրայելացիների բնակավայրերը, փչացնում էին արտերի բերքը: Այս է պատճառը, որ սաստիկ սով է սկսում (տե՛ս Ը հարցը), և այդ սովի պատճառով Հուդայի ցեղից բեթղեհեմցի մի պատվավոր մարդ, որի անունը Եղիմելեք էր, իր ընտանիքով մովաբացիների երկիր է գաղթում:

Եղիմելեքը Նոեմի անունով մի կին ուներ և երկու որդի, որոնց անունները Մաաղոն և Քեեղոն էին: Արդ, Եղիմելեքի մահվանից հետո որդիներն ամուսնանում են մովաբացի աղջիկների հետ. Մաաղոնի կնոջ անունը Հռութ էր, իսկ Քեեղոնի կնոջ անունը` Որփա։ Սրանք տասը տարի այն երկրում բնակվելով` Մաաղոնն ու Քեեղոնն  օտարության մեջ անզավակ մահանում են: Եվ քանի որ սովը վերջացել էր, Նոեմին իր բնիկ երկիր՝ Բեթղեհեմ, վերադառնալու ցանկություն է հայտնում: Նրա հարսներն էլ արտասվելով չեն ցանկանում բաժանվել իրենց սկեսուրից:

Նոեմին, օրհնելով իր հարսներին, քանիցս նրանց առաջարկում է իրենց հոր տուն վերադառնալ, և թեև Որփան գնում է, սակայն Հռութը պատասխանում է Նոեմիին. «Քո ժողովուրդը թող իմ ժողովուրդն էլ լինի, և քո Աստվածը` իմը, մինչև մահ չեմ բաժանվի քեզնից»: Բարեպաշտ կինը, լսելով Հռութի սույն խոսքերը, այլևս չի ընդդիմանում։ Գալիս են Բեթղեհեմ, որի բնակիչները, նրանց վերադարձի մասին իմանալով, ուրախությամբ շտապում են տեսակցության և խնդակցության:

Բեթղեհեմ քաղաքում Բոոս անունով հարուստ և պատվավոր մի մարդ, որը Եղիմելեքի ազգականն էր, Նոեմիին բնակության համար տուն է տալիս. եղանակն էլ գարի հնձելու ժամանակն էր: Հռութը Նոեմիից թույլտվություն ստանալուց հետո հասկ ժողովելու համար արտ է գնում: Նախախնամության տնօրինությամբ հասկեր հավաքելու ժամանակ Բոոսի արտը մտնելով` Բոոսը տեսնում է նրան և հարցնում, թե ով է,  և երբ իմանում է, որ Նոոմինի հարսն է, պատվիրում է, որ այլ տեղ հասկ հավաքելու չգնա և օրհնելով մխիթարական խոսքեր է ասում նրան, քանի որ լսել էր նրա հավատարմության մասին, մանավանդ հորը և մորը թողել էր և հույս դրել Իսրայելի Աստծու վրա: Ուստի ծառաներին պատվիրում է օգնել Հռութին և երբեք չնեղել: Հռութը, Բոոսի մարդասիրության համար անչափ շնորհակալ լինելով, խոնարհությամբ երկրպագում է նրա առջև և հավաքած գարին, ինչպես նաև այնտեղ կերած հացից երեկոյան տանում է Նոեմինին:

Քանի որ Բոոսը հիշյալ Եղիմելեքի ազգականն էր, Նոեմին մտադրվում է Հռութին ամուսնացնել նրա հետ: Հռութը Նոեմիի կարգադրությամբ և խորհրդով հագուստները փոխելուց հետո գիշերը գնում է Բոոսի ննջած վայրը և գիշերում նրա ոտքերի մոտ: Թեև Բոոսը նրա ներկայությունից շփոթվում և վախենում է, սակայն երբ իմանում է նրա մտադրությունը, քաջալերում և մխիթարական խոսքեր ասելուց հետո վեց բաժին գարի տալով և օրհնելով՝ հետ է ուղարկում:

Երբ Հռութը Բոոսի խոսքերն և հուսադրող վարվելաձևը պատմում է Նոեմիին, սա պատասխանում է. «Այժմ հանգի´ստ նստիր, Բոոսն ինչ  խոստացել է, անպատճառ կանի»: Արդ, թեև Բոոսը ցանկանում է ըստ օրենքի  Հռութին կնության առնել, սակայն Եղիմելեքի մերձավորագույն մի բարեկամ էլ կար. այս է պատճառը, որ Բոոսը, ժողովելով ժողովրդի ծերերին, նրանց ներկայությամբ այդ մերձավոր ազգականին առաջարկում է ըստ օրենքի Հռութի հետ ամուսնանալ, սակայն նա հոժարակամ հրաժարվում է իր օրինական իրավունքից, ուստի Բոոսը բոլորի գիտությամբ և օրենքով ամուսնանում է Հռութի հետ:

Այն ժամանակ վերոհիշյալ ծերերը ուրախությամբ իրենց սրտագին մաղթանքներն և խնդակցական օրհնություններն են նվիրում այդ պատվական ամոլին: Սույն ամուսնությունից մի զավակ է ծնվում, որի անունը Ովբեդ են դնում, սույն Ովբեդից ծնվում է Հեսսեն՝ Դավթի հայրը (Մատթ. Ա:5):


 
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․