Հիսուսը որքա՞ն ժամանակ մնաց Եգիպտոսում:

Մինչև Հերովդեսի մահը:  Քանի որ երբ Հերովդեսը մեռավ, հրեշտակը, հայր Հովսեփին երազում երևալով, ասաց. «Արի՛, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և գնա՛ Իսրայելի երկիրը, որովհետև մանկանն սպանել ցանկացողները մեռան»: Նա էլ ըստ հրամանի գնաց, բայց լսելով, որ Հրեաստանում թագավորում է Հերովդեսի որդի Արքեղայոսը, վախեցավ Երուսաղեմի կողմը գնալ, այլ կրկին հրեշտակի նախազգուշացմամբ գնաց Գալիլեայի Նազարեթ քաղաքը  և այնտեղ բնակվեց. այս պատճառով Հիսուսը նաև Նազովրեցի (ուխտավոր) կոչվեց, ինչպես նրա մասին գրել էին մարգարեները, թե՝ Նազովրեցի պիտի կոչվի:

Եվ որովհետև ըստ օրենքի ամեն տարի Զատկի տոնին Երուսաղեմ էին գնում, Հիսուսի տասներկու տարին լրանալուց հետո դարձյալ գնացին օրենքը գործադրելու և վերադառնալու:  Սակայն Հիսուսն առանց հայր Հովսեփի և սուրբ Աստվածածնի գիտության այս անգամ մնաց Երուսաղեմում: Նրանք, կարծելով, թե նազարեթցի հարևանների կամ ճանապարհորդակից  ծանոթների հետ  է գնացել, Երուսաղեմում չորոնեցին նրան, իսկ երբ  մեկ օրվա ճանապարհ գնալուց հետո չգտան, մեծ տխրությամբ վերադարձան Երուսաղեմ և երեք օր անց տաճարում գտան նրան. օրենքի ուսուցիչների հետ բանավիճում էր: Բոլոր ունկնդիրները զարմացած էին նրա գիտությամբ և իմաստությամբ, ու թեև նրանք էլ մեծապես հիացան, բայց սուրբ Աստվածածինը պատկառանքով ասաց. «Որդյա՛կ, այս ի՞նչ արիր մեզ հետ. ահա հայրդ և ես շատ նեղվեցինք և քեզ էինք փնտրում»: Հիսուսը պատասխանում է մորը, թե՝ «Ինչո՞ւ էիք ինձ որոնում. մի՞թե չգիտեիք, որ ես պետք է հորս տանը լինեի», որով Հիսուսը պարզապես հայտնում էր, որ ինքը Աստծու որդին է:

Սակայն նրանք չկարողացան հասկանալ այդ խոսքի իմաստը. միայն սուրբ Աստվածածինը այդ խոսքերը իր մտքում պահեց խորամուխ լինելու համար: Հետո Հիսուսը նրանց հետ գնաց Նազարեթ, որովհետև հնազանդ էր նրանց:  Մինչև երեսուն տարեկան հասակն այնտեղ ապրելով՝ թեև ո՛չ քարոզեց, ո՛չ հրաշագործեց, բայց նրա բարի վարքին, առաքինությանը և իմաստությանը նայելով՝ բոլոր մարդիկ հարգանքով մեծարում ու պատվում էին նրան իբրև կատարելության տիպարի և շնորհալի անձնավորության:

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․