3 Դեկտեմբեր, Գշ
Ջուրը գինի դարձնելը: Որովհետև, ինչպես վերևում հիշատակվեց, Փիլիպոսին կանչելուց հետո, երբ Գալիլեա գնաց, երրորդ օրը Գալիլեայի Կանա քաղաքում հարսանիք կար, և սուրբ Աստվածածինը, Հիսուսն ու նրա աշակերտները ևս հրավիրվեցին այդ հարսանիքին. ենթադրվում է, թե հարսանիքի տերը սուրբ Աստվածածնի ազգականն էր: Սակայն Հիսուսը ոչ միայն ազգական լինելու պատճառով հարսանիք գնաց, այլև իր աստվածային զորությունն այնտեղ ցույց տալու համար: Մանավանդ առաջին հրաշքը սուրբ Աստվածածնի միջնորդությամբ պիտի իրականացներ, որպեսզի ամեն մարդ, նրա հարգը ճանաչելով, նրա բարեխոսությունը խնդրի և այդ կերպ իր փափագների կատարմանը հասնի:
Արդարև, երբ հարսանիքի ժամանակ գինին պակասում է, սուրբ Աստվածածինը հարսանիքի տիրոջ մտատանջությունն իմանալուն պես Հիսուսին հայտնում է, թե գինի չունեն: Ու թեպետ նա առարկում է, թե իր ժամանակը դեռ չի հասել, սակայն սուրբ կույսը ծառաներին ասում է. «Հիսուսն ինչ որ կպատվիրի ձեզ, ճշտությամբ գործադրե՛ք»: Այնտեղ քարե վեց կարասներ կային, որոնցից ամեն մեկը երկու կամ երեք մար ջուր էր պարունակում, որ ըստ օրենքի՝ ճաշի ժամանակ ձեռքերը լվալու համար էր հատկացված:
Երբ Հիսուսի հրամանով կարասները ջրով լցվեցին, հրամայեց դրանք բերել տաճարապետին, որը գինին ճաշակելուց հետո խոսեց փեսայի հետ՝ ասելով. «Ամեն մարդ նախ լավ գինին է հրամցնում, ապա վատը. դու, ընդհակառակը, լավագույն գինին վերջում պահեցիր», քանի որ չգիտեր, թե որտեղի՛ց է այն: Բայց կարասները լցնող ծառաները գիտեին:
Ապա Հիսուսը գալիս է Կափառնայում քաղաքը, բայց որովհետև Զատկի տոնը մոտ էր, այնտեղ երկար ժամանակ չի մնում, իսկ երբ Երուսաղեմ է գալիս, տեսնում է, որ մարդիկ, Աստծու տաճարում արջառ, ոչխար և աղավնի վաճառելով շահ ստանալով էին զբաղված: Տե՛ս շահասեր հրեաների անպատկառ վարքագիծը. նրանք փոխանակ Աստծու տան պատիվն ամեն կերպ պահելու, ինչպես որ պարտավոր էին, իրենց անձնական շահի համար հանդգնում էին անասուն գնել ու վաճառել ասես մի հասարակ տեղում:
Ահա այս պատճառով իրավացիորեն սաստիկ զայրացած՝ Հիսուսը պարանից մի խարազան է շինում և բոլոր արջառներն ու ոչխարները տաճարից դուրս հանելուց բացի դրամափոխների դրամներն էլ ցրելով՝ նրանց սեղանները քանդում է և աղավնեվաճառներին ասում է. «Վերցրե՛ք դրանք սյստեղից, և իմ հոր տունը վաճառանոց մի՛ դարձրեք»: Այս խոսքով ոչ միայն ինքն իրեն Աստծու Որդի է անվանում, այլև այս մասին և այս պարագայում նրա վերաբերյալ մարգարեական մի պատգամն էլ է կատարվում, որ է՝ «Քո տան համար ունեցածս նախանձախնդրությունն ինձ ուտում է»:
Թեպետև հրեաները Հիսուսի այսպիսի իշխանական վարմունքի համար բարկացան, բայց վախենալով՝ չկարողացան արգելել, այլ միայն առարկեցին՝ ասելով, թե՝ «Ի՞նչ նշան ցույց կտաս մեզ, որ այդ բանն անում ես»: Հիսուսը պատասխանում է նրանց. «Քանդե՛ք այս տաճարը և ես երեք օրում կշինեմ այն»: Նա այդ խոսքն այլաբանորեն ասաց իր անձի մասին, քանի որ հրեաների ձեռքով պիտի մեռներ և երեք օրից պետք է հարություն առներ: Բայց նրանք, մտածելով, թե խոսքը Սողոմոնի կառուցած տաճարի մասին է, Հիսուսին պատասխանում են, թե՝ «Այս տաճարը քառասունվեց տարում է կառուցվել, դու երեք օրո՞ւմ պետք է կառուցես այն»: (Այս մասին տե՛ս չորրորդ դարի ԽԵ-րդ հարցը, որտեղ հիշատակվել է, թե տաճարի շինությունը քանի տարի է տևել):
Հիրավի, Հիսուսի բոլոր խոսքերը ճշմարտություն են, բայց երբ որ հրեաների ձեռքով մեռնելով՝ երեք օրից հարություն առավ, առաքյալները հիշեցին այդ խոսքը և հավատացին նրա խոսքերինև նրա մասին գրվածներին: