Հիսուսն ինչո՞ւ մաքսավորների և մեղավորների հետ սեղան նստեց:

Ապաշխարության հորդորելով՝ նրանց դարձի բերելու համար: Թեպետև այս պարագայում նա իր մեծ ողորմությունն ու մարդասիրությունը բացահայտեց, բայց որովհետև փարիսեցիները նրան հակառակորդ ու թշնամի էին, այս առիթով էլ պատրվակ որոնելով՝ մեղադրանքի ու գանգատի ձևով աշակերտներին ասում են. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսավոների ու մեղավորների հետ ճաշում»: Հիսուսը, նրանց անիրավությունը ցույց տալու համար, առակով խոսելով, ասում  է նրանց. «Առողջ մարդկանց բժիշկ հարկավոր չէ, այլ հիվանդներին»:

          Նույն կերպ էլ,  նրանց հասկացնելու համար, թե որքան մեծ է Աստծու գթությունը մեղավորների հանդեպ, Օսեե մարգարեի ձեռքով Սուրբ Գրքում գրված պատգամի համաձայն հայտնում է, որ Աստծու աչքին  ավելի ընդունելի է կարոտյալներին գթածությամբ օգնելը և մանավանդ մեղավորներին ապաշխարության կոչելով՝ ուղղվելու համար նրանց խրատներ տալը, քան թե զոհ ու պատարագ մատուցելը: «Որովհետև,- հավելում  է նա,- ես եկա ոչ թե արդարներին, այլ մեղավորներին ապաշխարության կոչելու»:

          Այս պատասխանը իրենց արդար կարծողներին պետք է երկյուղ ներշնչի, իսկ իրենց մեղավոր համարողների համար մեծ մխիթարություն է, որովհետև մարդ ոչ թե ինքն իրեն արդար համարելով արքայություն կգնա, այլ խոնարհությամբ մեղավոր համարելով և զղջմամբ ապաշխարելով կարող է արժանանալ Աստծու արքայության: Օրինակ՝ փարիսեցիները, իրենց արդար կարծելով, հպարտացան և գթության արժանի չեղան, իսկ մեղավորները, Հիսուսի քարոզությունը լսելով, անկեղծորեն  ապաշխարելու համար արժանացան աստվածային անհուն ողորմության: Փարիսեցիների հպարտությունը, իրենց անհավատության հետևանք լինելով, պատճառ եղավ նրանց կորստյան, իսկ մեղավորների խոնարհ դարձը արդյունք էր իրենց հավատի, որով փրկվեցին:

          Թեպետև ամբարտավան փարիսեցիները չկարողացան պատասխան տալ այս հարցին, այդուհանդերձ դարձյալ Հիսուսի և նրա աշակերտների ընթացքը քննադատելու բաղձանքով ասացին. «Ինչո՞ւ են Հովհաննեսի աշակերտներն ու փարիսեցիները հաճախ ծոմ պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»: Հիսուսը, որ եկել էր նոր օրենքը հաստատելու, պատասխանում է. «Երբ նոր օրենքը հաստատվի, նրանք ևս ծոմ պետք է պահեն»:

          Մինչ Հիսուսը Մատթեոսի տանը փարիսեցիների հետ այսպես խոսում էր, հրեա ժողովրդի գլխավորներից Հայրոս անունով մի պատվավոր մարդ, որի տասներկու տարեկան դուստրը ծանր հիվանդ էր և նրա մինուճար զավակն էր, Հիսուսի ոտքն ընկնելով, աղաչում էր, որ բարեհաճի իր տուն գնալ և բժշկել նրան: Նա, որ պալատականի որդուն (տե՛ս ԺԸ. հարցը) հեռվից սոսկ խոսքով էր բժշկել,  առանց նրա տուն գնալու, այս անգամ կամենում է անձամբ հրեա իշխանի տուն գնալ, որովհետև իմանալով, որ նրա դուստրը արդեն մեռած է, գնում է, որ մեռյալին հարություն տա:

          Բացի սրանից, ճանապարհին բժշկելու էր նաև մի խեղճ ու տառապյալ կնոջ, որ տասներկու տարուց ի վեր տառապում էր արյունահոսությունից, շատ արյուն էր կորցրել  և ունեցվածքը ծախսել էր բժիշների վրա, բայց փոխանակ օգուտ ստանալու, ընդհակառակը, ավելի էր տկարացել: Երբ Հիսուսն ու նրա աշակերտները Հայրոսի տուն էին գնում, հիշյալ կինը կատարյալ հավատով մտքում խորհում էր, որ եթե մի անգամ Հիսուսի հագուստին դիպչի, անպատճառ կփրկվի իր տկարությունից:

          Արդ, քանի որ Հիսուսի հետևից խուռն բազմություն էր գնում, այդ ահագին բազմության մեջ մտնելով՝ հետևից մի կերպ նրա հանդերձին դիպչելուն պես իսկույն բժշկվում է: Այս բանն իրոք գաղտնապես արեց, բայց քանի որ նրա մտադրությունն ու կատարված բժշկությունը Հիսուսին հայտնի դարձան, նա շրջվեց դեպի ժողովուրդն ու հարցրեց, թե ո՛վ մերձեցավ իրեն: Եվ նրանք պատասխանում են, թե չգիտեն, իսկ աշակերտները շտապում են ասել, թե՝ «Բազմությունն է, որ նեղում է քեզ»: Այդ ժամանակ Հիսուսը, շուրջը նայելով, ասաց. «Մեկը դիպավ ինձ, որովհետև իմացա, որ զորություն ելավ ինձնից»:

          Խեղճ կինը, տեսնելով, որ տեղի ունեցածը հայտնի է Հիսուսին, ահով ու դողով  գալով փարվում է նրա ոտքերին և ի լուր ամենքի պատմում, թե ինչ պատճառով էր ինքը համարձակվել նրա հանդերձին հպվել: Այդ ժամանակ Հիսուսն ասում է կնոջը. «Հավատդ քեզ փրկեց, գնա՛ խաղաղությամբ»: Այդ միջոցին Հայրոսի տնից ոմանք ասում են նրան. «Վարդապետին նեղություն մի՛ պատճառիր, որովհետև աղջիկդ մեռավ»: Իհարկե, Հիսուսն արդեն գիտեր աղջկա մահը, բայց որովհետև գնում էր նրան կենդանացնելու, ուստի հուսադրում է ժողովրդապետին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, միայն հավատա՛, և աղջիկդ կկենդանանա»: Երբ նրա տուն է գալիս, տեսնում է հավաքված բազմությունը, որ փողահարությամբ հանդերձ բարձրաձայն լալիս էր:

          Հիսուսն ասում է այդ աղմկալից բազմությանը. «Ինչո՞ւ եք լալիս և աղմուկ բաձրացնում. աղջիկը մեռած չէ, այլ ննջում է»: Եվ որովհետև նրանք գիտեին, որ մեռած է, ծիծաղում ու ծաղրում են: Հիսուսը, այդ բազմությանը դուրս հանելով, միայն աղջկա ծնողների և իր աշակերտներից երեքի՝ Պետրոսի, Հակոբոսի ու Հովհաննեսի հետ աղջկա գտնված սենյակն է գնում ու նրա ձեռքից բռնելով՝ ասում է. «Տալիթա կումի», այսինքն՝ «Աղջի՛կ, ե՛լ»: Հենց  մեռյալն իսկույն ելնում և սկսում է քայլել, ծնողներն ապշում են, իսկ Հիսուսը պատվիրում է, որ ոչ ոքի ոչինչ չասեն և աղջկան կերակուր տան ուտելու: Այս մեծ հրաշագործությունը, իհարկե, խոր տպավորություն թողեց ներկաների վրա:

          Ապա, երբ այդտեղից մեկնելով, Կափառնայում էր գնում, ճանապարհին երկու կույրեր բժշկվելու փափագով նրա հետևից աղաղակում են. «Ողորմի՛ր մեզ, Դավթի՛ որդի»: Հիսուսը նրանց պատասխան չի տալիս, և երբ տուն է գալիս, կույրերը նրա դիմաց են ելնում: Հիսուսը հարցնում է նրանց. «Հավատո՞ւմ եք, որ կարող եմ ձեզ բժշկել»: Եվ որովհետև նրանք, կատարված հրաշագործությունների մասին լսած լինելով, հավատացած էին, որ կարող է իրենց բժշկել, պատասխանում են՝ այո՛: Այդ ժամանակ ձեռքը նրանց աչքերին մոտեցնելով՝ ասում է. «Ձեր հավատի համեմատ թող տրվի ձեզ»: Հենց որ այս խոսքը ելնում է Հիսուսի բերանից, նրանց աչքերն իսկույն բացվում են, և նա պատվիրում է նրանց ոչ ոքի չհայտնել: Բայց դուրս գալով՝ նրանք այդ կողմերում բոլորին պատմում են:

           Իրավամբ, հիշյալ կույրերի կատարյալ հավատը Հիսուսին հայտնի էր, բայց նա հատկապես հարցրեց՝ այդ մասին բոլորին հայտնելու համար, քանի որ Աստված ամեն բան կարող է, սակայն թերահավատ  մարդը չի կարող իր խնդրանքի կատարումը տեսնել:

 

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․