3 Դեկտեմբեր, Գշ
Հովհաննեսը ոչ թե Հիսուսի ով լինելը հասկանալու համար հարց տվեց, այլ որպեսզի իր աշակերտներին և ուրիշներին նորից զգուշացնի, որ նա է Մեսիան, և բոլորը նրան հավատան ու հնազանդվեն ի փրկություն իրենց հոգիների: Քանի որ նրա այս մտադրությունը Հիսուսին հայտնի էր, երբ Հովհաննեսի ուղարկած երկու աշակերտները եկան ու վերոհիշյալ հարցը տվեցին, այդ ժամանակ բազմաթիվ հիվանդ, դիվահար և կույր մարդկանց բժշկելով՝ Հիսուսն ասում է նրանց. «Գնացե՛ք և պատմե՛ք Հովհաննեսին, ինչ որ տեսաք և լսեցիք, թե կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, խուլերը լսում են, մեռելները հարություն են առնում, և աղքատներին ավետիս է տրվում»: Եվ ապա երանի է տալիս նրանց, ովքեր նրա՝ Մեսիան լինելու հարցում տարակուսանքներով չեն գայթակղվում, ինչպես որ այս մասին Եսայի մարգարեի ձեռքով գրված էր Սուրբ Գրքում:
Բացի սրանից, Հովհաննեսի ուղարկած աշակերտների գնալուց հետո Հիսուսը սկսում է գովել նրան՝ ցույց տալու համար, որ նրա հավատը երբեք չի խախտվել, որպեսզի նրան չհամարեն իբրև մի եղեգ, որ հողմերից տարուբերվում է, կամ չընդունեն որպես մի մարդու, որ արքայական պալատում զբոսանքների և պերճության անձնատուր եղած կեղծավոր մարդկանց նման է կամ ուրիշ հասարակ մարգարեներից մեկն է: Քանի որ թեև այլ մարգարեներ, որ Հովհաննեսից առաջ էին եկել, մարդկանց կանխապես հայտնեցին, որ Հիսուսն աշխարհ պիտի գա, բայց Հովհաննեսը նրանցից և բոլոր մարդկանցից շատ ավելի մեծ է, որովհետև հայտնեց նրա գալուստը և մկրտեց նրան:
Այս պատճառով նրա վկայությանը չհավատացող և մանավանդ իր գործած հրաշքները տեսնելուց հետո իրենց անհավատության մեջ համառող մարդկանց համար Հիսուսը վճռեց, որ դատաստանի օրը նրանք կռապաշտներից ավելի սաստիկ և ծանր պատիժ պետք է կրեն: Այդ անհավատներին նմանեցրեց այն մանուկներին, որոնք չկամեցան պարել, երբ ընկերները փողոցում նվագում էին, և չկամեցան սգալ ու կոծել, երբ նրանք տխրությամբ լալիս էին:
Որովհետև երբ Հովհաննեսը, երբևէ ուտել և խմել չհոժարելով, միշտ սգավոր կերպարանքով քարոզում և ապաշխարության էր հրավիրում ամենքին, փոխանակ նրա հրավերն ընդունելու՝ ասացին, թե դև կա նրա մեջ, իսկ երբ Հիսուսն իր անսահման ողորմությամբ բոլորին Աստծու արքայության անվախճան ուրախությանն արժանացնելու նպատակով մեղավորների հետ սեղան էր նստում, առարկեցին, թե ինչո՛ւ է մեղավորների ու մաքսավորների հետ նստում, ուտում ու խմում: Այսպիսին է ահա ապերախտ մարդկանց չար սովորությունը. նրանց ուղղվելու համար ինչպիսի ջանք էլ որ թափվի, նրանք չհամոզվելու պատրվակ կփնտրեն:
Անհավատ հրեաների համար վերապահված պատիժը հայտնելուց հետո Յիսուսը բոլորին հրավիրում է, որ շտապեն ընդունել իր օրենքը, որ քաղցր է ու թեթև, մանավանդ հայտնում է, որ ինքն էլ հեզ է ու սրտով խոնարհ, և դա ընդունելով՝ մարդիկ կկարողանան երկնային արքայության մեջ հավիտենական հանգստի արժանանալ, կյանք, ուրախություն և անվախճան փառք գտնել:
Հիրավի, մարդիկ միշտ փափագում են հանգիստ, երջանիկ և շատ ապրել, սակայն չիմանալով, թե այդ հանգիստն ու երջանկությունն ինչի՛ մեջ են, հույս են փայփայում նյութական բաների մեջ գտնել դրանք: Եվ երբ չեն գտնում, տարբեր նեղությունների ենթարկվելուց բացի, շատերն էլ սկսում են անարժան ընթացի հետևել և մեղանչել: Մինչդեռ պետք էր իմանալ, որ այս երկրի վրա մարդու համար անկարելի է միշտ անվնաս, առանց նեղության և սրտի բոլոր ցանկությունների համաձայն ապրելը: Այդ պատճառով որքան մտահոգվի, այնքան ավելի անհանգիստ կլինի: Ուրեմն երկնային հավիտենական կյանքում անխռով հանգստի և անասելի երանության հասնելու ձգտող անձը պետք է Հիսուսի հրամանի համաձայն հեզ լինի ու սրտով խոնարհ և սիրով հնազանդվի նրա քաղցր օրինակին:
Այս պարագայում Հիսուսն իր մեծ ողորմությունը ցույց տվեց մարդկանց, որպեսզի նրանք, ովքեր չեն հավատում, ստույգ իմանալով, որ անպատճառ պիտի պատժվեն, ապաշխարությամբ և զղջմամբ կարողանան պատժից ազատվել, իսկ նրանք, ովքեր հավատում են, ստույգ իմանալով, որ արքայության մեջ մշտնջենապես ուրախ և երջանիկ պիտի լինեն, այժմվանից հույս, քաջալերություն և անպատմելի մխիթարություն ձեռք բերեն:
Ինչպես որ երբ Հիսուսը դեռ Նային քաղաքում էր, Սիմոն անունով մի փարիսեցի նրան ճաշի է հրավիրում իր տուն, որտեղ մի մեղավոր կին, իր մեղքերի համար զղջալով, կատարյալ հավատով Հիսուսի ոտքերն է ընկնում արտասվելով: Նա թանկարժեք յուղով լի մի շիշ բերելով՝ նրա օրհնյալ ոտքերն օծելուց բացի, արտասուքով թրջում և մազերով սրբում էր դրանք և շարունակ համբուրում: Սիմոնը, սրանով գայթակղվելով, մտքում այսպես էր խորհում. «Եթե սա մարգարե լիներ, պիտի իմանար, թե այս կինն ով է, որովհետև նա մեղավոր է»:
Թեպետև Սիմոնն այս մասին բարձրաձայն ոչինչ չասաց, բայց քանի որ Հիսուսը գիտեր նրա սիրտը, ասում է նրան. «Սիմո՛ն, քեզ մի բան պետք է ասեմ»: Նա էլ պատասխանում է. «Ասա՛, վարդապե՛տ»: Հիսուսն ասում է. «Երկու մարդ պարտք էին մի մարդու, մեկը՝ 500 դահեկան, մյուսը՝ 50 դահեկան: Քանի որ երկուսն էլ անկարող էին իրենց պարտքը վճարել, պարտատերը երկուսին էլ պարտքը ներեց: Արդ, այդ երկուսից ո՞րն ավելի շատ կսիրի պարտատիրոջը»: Սիմոնը պատասխանում է. «Ինձ թվում է՝ նա, որին ավելին ներվեց»: Նրա բերանից այս խոստովանությունը լսելով՝ Հիսուսը հաստատում է, որ ասածը ճիշտ է, ապա հավելում է. «Երբ որ տունդ մտա, ոտքերս ջրով չլվացիր. այս կինը, իր արտասուքով թրջեց ու մազերով սրբեց: Դու չհամբուրեցիր, իսկ սա քո տուն գալուցս ի վեր անդադար ոտքերս է համբուրում: Դու գլուխս չօծեցիր, սա անուշահոտ յուղով օծեց»:
Այս դեպքում Հիսուսը, հիշյալ կնոջ մեծ սերը ցույց տալուց բացի, կնոջ կողմը դառնալով՝ ասաց. «Թող ներվեն բազում մեղքերդ»: Հիշի՛ր, որ մարդու մտքով անցածն իմանալը և մեղքը ներելը միայն Աստծուն է բնորոշ: Ասել է թե՝ Հիսուսն այս անգամ ևս իր աստվածությունը հայտնեց, իսկ երբ ներկաները սկսեցին խորհել, թե՝ «Սա ո՞վ է, որ մեղքերին թողություն է տալիս», Հիսուսը նորից ասում է կնոջը. «Հավատդ ապրեցրեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»:
Թող օրինակ վերցնեն նրանք, ովքեր թողության արժանի լինելու իղձ են փափագում: Հիշյալ կինը նախկինում մեղսալից կյանք էր վարում, բայց Հիսուսի քարոզությունը լսելուց հետո մեծ սիրով և արտասվելով զղջում հայտնեց և ապաշխարությամբ ներման արժանացավ: Թող ուրեմն իրենք էլ նույն կնոջ նման կատարյալ սրտով և արտասուքով զղջան իրենց մեղքերի համար և ապաշխարեն. այն ժամանակ իրենք էլ, անտարակույս, Հիսուսի ներմանը կարժանանան, քանի որ Տերը ներում է շնորհում մարդու ունեցած հավատին և սիրուն համապատասխան:
Այնուհետև Հիսուսն առաքյալների հետ քաղաքից քաղաք և գյուղից գյուղ շրջելով քարոզում էր: Նույնիսկ կանանցից ոմանք, որոնց բժշկել էր իրենց հիվանդություններից, նրա հետ միասին շրջելով՝ անհրաժեշտ ծախսերն իրենց անձնական քսակից էին հոգում: Եվ երբ Գալիլեայի ծովեզրն են գնում, որտեղ մարդկանց խուռն բազմություն էր հավաքվել նրա քարոզությունը լսելու փափագով, Հիսուսը նավակ մտավ և այնտեղից սկսեց քարոզել առակով, որով հոգևոր խոսքերը նմանեցնում է ցորենի, իսկ այդ խոսքերը քարոզողներին՝ սերմանող հողագործի:
Հիսուսն ասում է. «Երբ սերմնացանը սերմանում էր ցորենը, մի քանիսը ճանապարհի վրա ընկան, և թռչունները կերան, մի քանիսը քարերին ընկան, ու թեև ծլարձակեցին, բայց արևը ծագելուն պես չորացան, մի քանիսը փշերի մեջ ընկան և չծլեցին, իսկ մյուսները, որ լավ ու պարարտ հողի վրա ընկան, մի հատիկի փոխարեն հարյուր, վաթսուն և երեսուն անգամ ավելի պտուղ տվեցին:
Սրա մեղավորը ոչ թե սերմնացանը կամ ցորենն էր, այլ այն տեղը, ուր ընկել էին սերմերը: Հիրավի, շատերն են հոգևոր խոսքեր լսում, բայց քանի որ իրենց մտքում չեն պահում, նրանց սրտում սերմանված աստվածային խոսքերն էլ ճանապարհի վրա ընկած ցորենի հատիկների նման, որ թռչունների կեր դարձան, սատանան է խլում ու հանում: Ոմանք էլ, Աստծու խոսքերը լսելով, իսկույն ընդունում են, բայց քանի որ դրանք քարի վրա ընկած սերմի նման արմատ չունեն, երբ այդ մարդիկ հոգևոր խնդիրների պատճառով նեղությունների են հանդիպում, սկսում են տարակուսել և իրենց միտքը փոխելով՝ պտուղ չեն տալիս: Ոմանք էլ, փշերի մեջ ընկած սերմերի նման, աշխարհի հոգսերով զբաղված և փառասիրական մտադրություններով տարված, չեն կարող առաքինության պտուղ տալ:
Սակայն նրանք, ովքեր իրենց լսած հոգևոր խոսքերն իրենց մտքից ոչ մի վայրկյան չհանելով՝ դրանք կատարելու ջանքեր են գործադրում, ինչ նեղության էլ հանդիպեն, իրենց հավատից չի խախտվի, և մարմնավոր շահերին խաբվելով՝ դրանց չեն հակվի և Աստծու շնորհով մեկի փոխարեն հարյուր, վաթսուն և կամ երեսուն անգամ ավելի պտուղ կտան, ինչպես որ այս իմաստով Հիսուսը մեկնեց առակը: Ուրեմն վախեցի՛ր, որ կորուսյալների շարքում չլինես:
Այս առակը բոլոր մարդկանց համար մեծ մխիթարություն է, որպեսզի յուրաքանչյուրն իր կարողության համեմատ առաքինական գործ ունենալու համար ոչ մի րոպե չծուլանա, որովհետև ոչ թե միայն հարյուր, այլև վաթսուն և երեսուն անգամ արդյունք տվողի ընդունված լինելն էլ է կանխավ հայտնում:
Աստծու խոսքը լսողների տարբերությունը ցույց տալուց հետո, որպեսզի հայտնի նաև, թե այդ խոսքն ինչպես պետք է գործադրվի, Հիսուսը դարձյալ առակով երկնքի արքայությունը նմանեցնում է բարի սերմի, որ մի մարդ սերմանեց իր արտում, և երբ քնեց, թշնամին եկավ ու ցորենի մեջ որոմ ցանեց: Երբ երկուսն էլ բուսնում են, ծառաները հարցնում են արտի տիրոջը. «Չէ՞ որ արտում իսկապես լավ սերմ սերմանեցիր. ուրեմն որոմը որտեղի՞ց բուսավ»: Նա պատասխանում է. «Դա թշնամու գործն է»: Նրանք ասում են. «Կուզե՞ս, որ գնանք, քաղենք որոմն ու դեն նետենք»: Բայց տերը չի ընդունում ծառաների առաջարկը՝ ասելով. «Մի՛ դիպչեք, քանի որ հնարավոր է՝ որոմը քաղելու ժամանակ ցորենն էլ նրա հետ պոկեք: Թողե՛ք, որ միասին մեծանան: Հունձքի ժամանակ հնձողներին կպատվիրեմ նախ որոմը քաղել ու կրակը նետել, հետո ցորենը շտեմարանում հավաքել»:
Հիսուսը այս առակով սուրբ եկեղեցին արտի նմանեցնելուց հետո այն դարձյալ նմանեցնում է մանանեխի հատիկի և խմորի. քանի որ ինչպես մանանեխը բոլոր սերմերից փոքրագույնն է, բայց երբ արտում սերմանվելով աճում է և բոլոր բանջարներից ավելի մեծ ծառ է դառնում, որի ճյուղերին թռչուններն իրենց բույնն են հյուսում, նույն կերպ էլ թթխմորը ալյուրի հետ խառնվելով հունցվում է և ամբողջ խմորն իր բնույթի դարձնում, այդպես էլ կռապաշտները, սուրբ ավետարանի քարոզությամբ հավատալով, սուրբ եկեղեցու հոգևոր իշխանությանն են ենթարկվում և պայծառորեն զարդարվում աստվածային շնորհով:
Այս մտքով Հիսուսը մի ուրիշ տեղում (Ղուկ. 12:49) երկնքի արքայությունը նմանեցնում է կրակի, որովհետև ինչպես որ կրակը բոց ու կայծ է արձակում, և եթե ոսկու և արծաթի հետ այլ նյութեր են խառնվում, դրանք կարելի է լինում կրակով զատել և տարրալուծել, այդպես էլ սուրբ ավետարանի քարոզությունը Սուրբ Հոգու շնորհի զորությամբ մարդկանց հոգիներից զատում ու մաքրում է մեղքերի աղտերը, և նրանք հոգևոր լույսով ու սիրով այն աստիճան են զարդարվում ու խանդավառվում, որ մինչև իսկ հայր, մայր, որդի, աղջիկ, հարս և սկեսուր իրարից հեռանում ու բաժանվում են Հիսուսի սիրո համար:
Իրոք, մարդ պարտավոր է բաժանվել նույնիսկ իր ամենասիրելի անձից, եթե նա մեղքի պատճառ է դառնում իր համար (այս մասին տե՛ս ԻԳ. հարցը): Եվ որովհետև սուրբ ավետարանը Հիսուսի խաչելությունից հետո պետք է քարոզվեր բովանդակ աշխարհին, այդ պատճառով մկրտություն անվամբ այն հիշելով՝ նա շտապում է հայտնել, թե օր առաջ նրա կատարումն է փափագում, որպեսզի հայտնի դառնա, որ իր հոժար կամքով է հանձն առնում խաչի վրա մեռնել:
Հիսուսի խոսքերից արդեն երևաց, որ նրա խաչելությունից ու հարությունից հետո հեթանոս ազգերն ավետարանի քարոզությամբ պիտի հավատային իրեն, բայց որպեսզի հավատալ չցանկացող հրեաները, իրենց հանցանքը ճանաչելով, դարձի գան, Փրկիչը հանդիմանական եղանակով ասում է նրանց. «Երբ արևմուտքից ամպ է ծագում, իսկույն ասում եք, թե անձրև պիտի գա: Երբ հարավի կողմից քամի է փչում, ասում եք, թե խորշակ պիտի լինի, և այդպես էլ լինում է: Արդ, երկնքի ու երկրի երեսը կարող եք փորձել և երևույթները գուշակել. ուրեմն ինչո՞ւ չեք ուզում ժամանակը քննել և արժանին իմանալ»:
Թեպետ Մեսիայի գալստյան ժամանակի նշանները Սուրբ Գրքում գրվածի համաձայն կատարված էին (տե՛ս ԼԸ. հարցը), սակայն հրեաները, ուշադրություն չդարձնելով Գրքի բովանդակությանը, անկարող եղան այն ճանաչելու: Այդ պատճառով որքան էլ կշտամբեց նրանց անհավատությունը, այդուհանդերձ իր ողորմությամբ դարձյալ խրատելով ասում է նրանց. «Երբ հակառակորդիդ հետ դատավորի մոտ գնաս, քանի դեռ ճանապարհին ես, նրա հետ հաշիվդ մաքրի՛ր, որպեսզի ազատվես: Քանի որ հնարավոր է, որ քեզ դատավորի առջև բերի, իսկ նա էլ քեզ դահիճին հանձնի, և բանտ նետվես, այնպես որ դրանից հետո չկարողանաս ազատվել, մինչև վերջին բնիոնը չվճարես»: