Հիսուսը վերոհիշյալ մարդուն ինչո՞ւ թույլ չտվեց իր տուն գնալ և ընտանիքից հրաժարվել:

Որպեսզի ընտանիքն ու ազգականները, նրա միտքը փոխելով, հոգևոր ճանապարհից հետ չպահեն: Ինչպես որ  (տե՛ս ԻԶ. հարցում) մի անձ իր հորը թաղելու համար թույլտվություն էր խնդրել, և Հիսուսը նույն պատճառով մերժել էր նրան: Ուրեմն ով կամենում է Հիսուսին աշակերտել, թող մտքից հանի հոր, մոր, կնոջ, զավակի և ազգականի սերը: Հիրավի, նրանց սիրելու պարտականություն կա, և եթե կարիքի մեջ են, նրանց օգնելու, բայց նրանց պատճառով հոգին կորցնելը օրինավոր չէ: Ուստի Հիսուսն ասում է առաքյալներին. «Ոչ ոք մաճը կամ արորը ձեռքն առնելուց հետո հետ չի դառնում՝ նայելու, թե Աստծու արքայությունը հարմա՞ր է»:

Արդարև, ինչպես որ երկրագործը հողը մի անգամ հերկել սկսելուց հետո, առանց հետ նայելու, թե կարո՞ղ է արդյոք սկսած գործը գլուխ բերել, ջանում է ամբողջ զորությամբ իր պարտքը կատարել, այնպես էլ Հիսուսի հետևից գնալ կամեցողը, մարմնավոր իրերի սերը թողնելով, պետք է աշխատի միշտ առաքինություն գործել, որպեսզի Աստծու շնորհիվ ու ողորմությամբ կարողանա նպատակին հասնել:

Հիսուսը, որ Սամարիայի գյուղերից մեկում էր (տե՛ս ԼԶ. հարցում), երբ այնտեղից դուրս գալով՝ Հորդանանի դիմացի կողմն էր անցնում, նրա հետևից մարդկանց խուռն բազմություն սկսեց գնալ, և նա, ըստ իր սովորության քարոզելով, նրանց բոլոր հիվանդներին բժշկեց: Թեպետև ժողովուրդը շատ գոհ և ուրախ էր դրա համար, բայց փարիսեցիները, որոնք միշտ նախանձում էին նրան, այս անգամ ևս նրան փորձելու նպատակով հարցնում են. «Արդյոք որևէ անիրավ բանի համար կնոջը պե՞տք է արձակման թուղթ տալ», որպեսզի մի պատրվակ գտնելով՝ կարողանան նրան ամբաստանել ժողովրդի առաջ:

Որովհետև եթե ասի՝ պետք է, շատերը, որ ապօրեն վարքուբարք ունեին, Հիսուսի այդ պատասխանը պատրվակ բռնելով, իրենց կանանց արձակել պիտի ուզեին: Դրանով նրանք պետք է վատաբանեին նրան, թե ժողովրդի հուզումների առիթ տվող  բաներ է ուսուցանում: Իսկ եթե ասի՝ պետք չէ, այն ժամանակ պիտի ասեին, թե Մովսեսին հակառակ է սովորեցնում: Հիսուսը, որ նրանց միտքն ու դիտավորությունը գիտեր, հարցնում է նրանց, թե Մովսեսն ի՛նչ պատվեր է տվել այդ մասին: Նրանք պատասխանում են, որ նա պատվիրում է արձակման թուղթ տալ և արձակել:

Հիրավի, հրեաների անգթության պատճառով էր, որ Մովսեսը կնոջն արձակելու հրաման էր տվել, որպեսզի նրանց չմեռցնեն: Բայց ոչ թե ուրիշ որևէ պատճառով, այլ միայն պատվի դեմ անհավատարմություն տեսնելու պարագայում (Բ Օր. 24): Իսկ փարիսեցիները նենգությամբ հարցրին, թե որևէ պատճառ պատշա՞ճ է: Թեև դրա համար նրանք արժանի էին հանդիմանության, սակայն Հիսուսն առանց նրանց հանդիմանելու հայտնում է, որ Մովսեսն այդ հրամանը տվեց նրանց խստասրտության պատճառով, իսկ կնոջն արձակելը Աստծու հրամանին հակառակ է: Նա վճռում է, որ «Ով իր կնոջն արձակելով՝ ուրիշին առնի, շնություն կգործի»: Փարիսեցիները, այս պատասխանը լսելով, լռեցին, բայց առաքյալներն այս մասին տանն առանձին կրկին հարցրին, և նա դարձյալ հաստատեց, թե՝ «Ինչպես որ տղամարդը, իր կնոջը թողնելով, ուրիշին առնի, կշնանա, այնպես էլ կինը, եթե տղամարդուց բաժանվելով՝ ուրիշի հետ ամուսնանա, շնություն կգործի» (տե՛ս ԻԳ. հարցում): Առաքյալները, այս խոսքերը լսելով, ասում են. «Եթե տղամարդու և կնոջ միջև այսպիսի խնդիր կա, լավ է չամուսնանալ»:

Հիրավի, որքան էլ դժվարություն կա ամուսնական լուծը կրելու մեջ, բայց միևնույն ժամանակ քանի որ ամեն մարդ չի կարող լիովին հրաժարվել աշխարհից, յուրաքանչյուրին իր ազատ կամքին թողնելով՝ Հիսուսը խրատ է տալիս. «Նա, ով կարող է, թող համբերի: Որովհետև կա ներքինի, որ մորից է այդպես ծնվել, կա, որ մարդկանց ձեռքով է ներքինի դարձել, և ներքինի էլ կա, որ իր կամքով իր անձը զսպելով՝ կատարյալ սիրով Աստծուն ծառայելու բաղձանքով հանձն է առել համբերել»:

Երբ Հիսուսն այսպես խոսում էր, ոմանք իրենց մանուկներին բերեցին նրա մոտ, որպեսզի օրհնի նրանց, բայց առաքյալներն ուզում են արգելել նրանց՝ Հիսուսին նեղություն չտալու մտադրությամբ, իսկ նա հանդիմանական եղանակով պատվիրում է չարգելել: «Որովհետև,- ասում է,- երկնային թագավորությունն այդպիսիներին է պատկանում»: Ապա նրանց իր գիրկն առնելով՝ օրհնելուց բացի նորից վճռում է, որ (տե՛ս ԼԶ. հարցում) մանկան պես անմեղ, մաքրասիրտ և խոնարհամիտ չեղող մարդը չի կարող Աստծու արքայությունը ժառանգել:

Երբ Հիուսն այնտեղից մեկնում էր, ճանապարհին նրա առջև ելավ մի շատ հարուստ երիտասարդ, որ մանկությունից օրենքի բոլոր պատվիրաններն անթերի կատարել էր, և  հոգևոր շավղի մեջ ավելի կատարելություն ձեռք բերելու բաղձանքով Հիսուսի առջև հարգալից ծնկի է իջնելով՝ խոնարհաբար հարցնում է. «Ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»: Հիսուսը, նայելով երիտասարդին, հավանում է նրան ու պատասխանում. «Մի բան է միայն պակասում քեզ. եթե ցանկանում ես կատարելության հասնել, ինչ որ ունես, վաճառի՛ր և աղքատների՛ն տուր, որպեսզի գանձդ երկնքում լինի, և խաչդ առած՝ արի՛ իմ հետևից»:  Հիսուսի այս խոսքը նրա համար մեծ ողորմություն էր, բայց չափազանց հարուստ լինելու և մանավանդ հարստության սերը սրտից հանել չհամարձակվելու պատճառով չախորժեց և տրտմությամբ թողեց գնաց:

Այս առթիվ պարտավոր ենք մեծ ուշադրությամբ նկատի առնել, որ այն մարդիկ, որոնք մարմնավոր իրերի նկատմամբ սերը իրենց սրտից չեն հանում, որքա՛ն և ի՛նչ աստիճանի վտանգի են ենթարկում իրենց հոգին: Օրինակ՝ հիշյալ երիտասարդը, հոգևոր կատարելության հասնելու բաղձանքն ունենալով հանդերձ, իր հարստության վրա հույս դնելու պատճառով մեծապես տրտմեց: Այդ պատճառով Հիսուսն առաքյալներին ասում է. «Որքա՜ն դժվար է Աստծու արքայություն մտնելը այն մարդկանց համար, որոնք իրենց ունեցվածքի և մարմնավոր մեծության վրա են հույս դրել»:

Թեև առաքյալներն այս խոսքի վերաբերյալ զարմանք հայտնեցին, բայց Հիսուսը կրկնեց. «Պարանի համար ասեղի ծակով անցնելն ավելի հեշտ է, քան հարուստի համար՝ Աստծու արքայություն մտնելը»: Այդ ժամանակ առաքյալները, ավելի զարմանալով, միմյանց հետ սկսում են խոսել, թե ուրեմն ո՛վ կարող է ապրել (փրկվել): Հիսուսը, նրանց նայելով, ասում է. «Ինչ որ մարդկանց համար անհնարին է, Աստծու համար ամեն բան հնարավոր է»: Եվ այս վճիռն է տալիս, որ չհուսահատվեն:

Այս մասին թող չկարծվի, թե բոլոր հարուստ մարդիկ Աստծու արքայությունից պետք է զրկվեն, այլ միայն նրանք, որոնք իրենց հարստության պատճառով մարմնավոր զվարճություններով տարվելով՝ հպարտանում են և առաքինություն գործելու պարտավորությունից հեռանում: Արդ, հարստությանդ մեծությամբ մի՛ ուրախացիր, այլ վախեցի՛ր, որ չմեղանչես, քանի որ ինչպես աղքատությունը, այնպես էլ հարստությունը մարդու համար մեծ փորձություն են:

Ճշմարիտ է, որ հարստությունն ու առաքինությունը դժվարությամբ են համաձայնում, բայց աստվածային շնորհների ազդեցությամբ դա հնարավոր է, ինչպես որ մեծ հարստության տեր մարդիկ Աստծու արքայությունը ժառանգելու փափագով ամենայն խոնարհությամբ ջանադիր եղան առաքինություն գործելու և Աստծու հանդեպ ունեցած իրենց անթերի հնազանդությամբ հավիտենական կյանքի արժանացան:

Մինչ Հիսուսն այսպես ուսուցանում էր, Պետրոս առաքյալը հարցնում է. «Ահա մենք, ամեն բան թողնելով, եկանք քո հետևից: Մեզ ի՞նչ պետք է լինի»: Հիսուսը պատասխանում է, թե երբ ինքը հարության օրը մեծ փառքով դատաստանի գա, նրանք պիտի նստեն աթոռի վրա, և իր անվան համար ով թողել է տուն, եղբայր, քույր, հայր կամ մայր, կին կամ զավակ և կամ ագարակ, այս երկրում դրա փոխարեն հարյուրապատիկն ընդունելուց բացի՝ անվախճան կյանքի ևս արժանի պիտի լինի, և մանավանդ յուրաքանչյուրն իր սիրո, եռանդի ու գործած առաքինության համեմատ վարձ պիտի ստանա: Եվ ապա վճռում է՝ ասելով. «Շատերը, որ առաջինն էին, վերջինը պիտի լինեն, ինչպես նաև շատերը, որոնք վերջինն էին, առաջինը պիտի լինեն»:

Արդարև, հոգևոր կատարելության հասնելու բաղձանքով ոմանք մանկության, ոմանք՝ երիտասարդության, ուրիշներն էլ ծերության ժամանակ են սկսում առաքինություն գործել, սակայն վարձ կտրվի ոչ թե ժամանակի տևողության, այլ յուրաքանչյուրի եռանդին ու ցուցաբերած հավատարիմ սիրո մեծության համեմատ:

Ինչպես որ մի մարդ վարձով մշակ կամեցավ ուղարկել իր այգի. մի քանիսին՝ առավոտյան, մի քանիսին՝ ժամը երեքին, ուրիշներին՝ ժամը վեցին, իննին և մինչև իսկ տասնմեկին մարդ ուղարկեց: Երբ երեկո եղավ, բոլորին մեկական դահեկան տվեց, ինչպես որ սակարկել էր: Հատկապես ժամը տասնմեկին վարձված մարդկանց ամենից առաջ վճարեց: Իհարկե, նրանք ուշ եկան այգի, բայց մեծ սիրով ու եռանդով աշխատելով՝ իրենցից առաջ եկածների չափ ծառայություն մատուցեցին: Ուստի նրանց նման ու հավասար և նրանցից ավելի առաջ վարձատրվեցին:

Այստեղ հարկ է ուշադրությամբ խորհել: Արդարև, Աստված իր բազում ողորմությամբ հոգևոր կատարելության է հրավիրում բոլորին, որպեսզի արքայության փառքին արժանանան, բայց շատերը մի ժամանակ առաքինություն գործելու փափագ ունեն. միայն քչերն են, որ կատարյալ հավատարմությամբ և հարատև սիրով հանձն են առնում Աստծուն ծառայել: Այս պատճառով Հիսուսն ասում է, թե՝ «Շատերն են կոչված, սակայն ընտրյալները սակավաթիվ են»:

Բացի սրանից, որպեսզի նրանք էլ իրենց առաքինությամբ չհպարտանան, Հիսուսը մի առակ մեջբերելով՝ ասում է. «Մի հողագործ կամ հովիվ, երբ դաշտից վերադառնա, նրա տերը փոխանակ ասելու, թե՝ արի՛ և նստի՛ր, մի՞թե չի հրամայի, որ կերակուր պատրաստի, և առաջ տերն ուտի, հետո՝ նա: Երբ սա գործադրում է իր տիրոջ հրամանը, մի՞թե առավել առաքինություն է գործում: Ահա այսպես էլ,  երբ դուք ձեզ հրամայվածները կատարեք, պարտավոր եք ասել, թե՝ անպիտան ծառաներ ենք, արեցինք, ինչ որ պարտավոր էինք անել»:

Այս խոսքը երբեք չպետք է մոռանալ: Որքան էլ հավատարմությամբ ծառայես, բնավ մի՛ հպարտացիր, քանի որ մարդը պարտավոր է միշտ ծառայել Աստծուն, և երբ նրա հրամանի համեմատ է գործում, առաքինի չի համարվում, այլ միայն պարտքից է ազատվում, որովհետև առաքինի մարդը նա է, ով  առհասարակ բոլորի պատվերներն անթերի կատարելուց զատ Աստծու սիրո համար իր կարողության չափով ավելի բարեգործություններ է անում:

Արդարև, Աստծու ողորմությունը չափ  ու սահման չունի, և նա իր շնորհը տալիս է մարդկանց իբրև պարտք, իսկ նրանց պարտքն ընդունում է իբրև նվեր: Այս պատճառով ոչ միայն առաքինի մարդուն, այլ նաև պարտքը հատուցողին էլ է վարձատրում: Դրա համար պարտքը կատարող անձը, որևէ բան չարածի պես խոնարհությամբ ինքն իրեն անպիտան ծառա համարելով, պետք է օրըստօրե ձգտի ավելի առաքինի լինելու, որպեսզի իր վարձն էլ ավելանա:

Այնուհետև Հիսուսը յոթանասուներկու աշակերտներ ևս ընտրեց, որոնց պատվիրեց երկու-երկու գնալ որոշված քաղաքներ ու գյուղեր և այնտեղ քարոզել ժողովրդին ու նրանց հիվանդներին բժշկելով՝ ասել, որ Աստծու թագավորությունը մոտեցել է: Նաև հարկ եղած հրահանգն  է տալիս նրանց, թե ինչպե՛ս պետք է վարվեն՝ միաժամանակ հայտնելով, որ ողորմության արժանի պետք է լինեն նրանք, ովքեր կընդունեն իրենց, և պիտի դատապարտվեն այնպիսիք, ովքեր կմերժեն ընդունել իրենց, ինչպես որ (տե՛ս ԻԹ. հարցում) առաջին տասներկու առաքյալներին ուղարկելիս էլ նույնպիսի հրահանգ ու պատվեր էր տվել նրանց:

Երբ որ յոթանասուներկու աշակերտները գնացին քարոզելու, ինքը՝ Հիսուսը, մի գյուղ է գնում, որտեղ Մարթա անունով մի կին իր տուն է հրավիրում նրան (թեև այս գյուղի անունը հիշված չէ, ենթադրվում է, թե Բեթանիա էր, որ Երուսաղեմի մոտ է) և Հիսուսի մոտ նստելով՝  նրա քաղցր ու հոգևոր խոսքերն է լսում: Սակայն երբ նրա քույրը՝ Մարիամը, գալիս և սկսում է Հիսուսի խոսքերը լսել, Մարթան գնում է կերակուր պատրաստելու, իսկ Մարիամը շարունակում է լսել Հիսուսի քարոզությունը:

Հիրավի, Մարթան ևս ցանկանում էր միշտ լսել նրա խոսքերը, բայցևայնպես պատվասիրության մեջ չթերանալու համար, առանց ուրիշին թողնելու կերակուրի պատրաստումը, անձամբ ինքն է զբաղվում տնային այդ կարևոր ծառայությամբ: Բացի դրանից, ուզում է, որ Մարիամը ևս օգնի իրեն: Սակայն իմանալով, որ Մարիամը չէր ուզենա հոգևոր կերակուրը թողնելով՝ մարմնավոր ծառայությամբ զբաղվել, աղաչանքով ասում է Հիսուսին, թե՝ «Քույրս ինձ մենակ թողեց տնային գործերի մեջ, ասա՛ իրեն, որ գա ինձ օգնի»:

Հիսուսը, փոխանակ նրա խնդրանքը կատարելու, հանդիմանում է նրան՝ ասելով. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգում ես և շատ զբաղված ես, բայց դա քիչ կարևոր է»: Իսկ Մարիամը, որ մարմնավոր  բաները թողած՝ փափագում էր հոգևոր խոսքեր լսել, որոշեց, որ այդպիսի փափագը չպիտի վերանա իրենից:

Հիրավի, Մարթան հյուրասիրելու նախանձախնդրությամբ էր գործում, այդուհանդերձ, քանի որ նրա վարմունքն այս պարագայում աշխարհիկ բնույթ ուներ, նա հանդիմանություն լսեց: Իսկ Մարիամը, որ աշխարհային բոլոր հոգսերը թողնելով՝  միմիայն հոգևոր խոսքեր լսելու տենչն ուներ, Հիսուսի գովեստի խոսքերն է ընդունում արժանի կերպով: Ուստի հոգին առավել է, քան մարմինը, հետևաբար հոգևորի գերազանցությունը երբեք չպետք է կասկածի ենթարկվի, և կամ մարմնավորը հոգևորից առավել համարվի:

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․