12 Հոկտեմբեր, Շբ
Չխոսեց: Իսկապես մաքուր սիրտ ունեցողները, այս պարագայում շատ ուրախանալով, դեմ չխոսեցին, սակայն քահանայապետներն ու օրենսգետները և ժողովրդի մեծամեծները, որոնք իրենց անձնական շահերի համար տաճարի պատիվը չէին պահում և մանավանդ Հիսուսի փառքին էին նախանձում, նրա այդպիսի տիրական վարմունքը տեսնելով՝ ուզում են սպանել նրան: Բայց նրանից վախենալով՝ չեն համարձակվում իրենց չար մտադրությունն իրագործել, որովհետև ամբողջ ժողովուրդը փափագում էր նրա քարոզը լսել և զարմացած էր նրա ուսուցումների վրա:
Միևնույն օրը Հիսուսն առաքյալների հետ նորից Բեթանիա է գնում, և երբ առավոտյան վերստին Երուսաղեմ էր գալիս, առաքյալները, վերոհիշյալ թզենին արմատից չորացած տեսնելով, զարմանում են, թե ինչպես այդքան շուտ չորացավ: Պետրոսն ասում է. «Տե՛ր, ահա այն թզենին, որ անիծեցիր, չորացավ»: Հիսուսը պատասխանում է. «Եթե Աստծու հանդեպ կատարյալ հավատ ունենաք և բնավ չերկմտեք, ոչ միայն թզենուն, այլև այս լեռանն էլ եթե ասելու լինեք, թե՝ «Ե՛լ և ծովն ընկի՛ր», և ինչ որ արժանավոր աղոթքով ու կատարյալ հավատով խնդրեք, վստա՛հ եղեք, որ պիտի կատարվի»:
Այսպես աղոթքի կարևորությունն ու զորությունը հայտնելուց հետո դարձյալ ասում է աշակերտներին. «Երբ աղոթքի եք կանգնում, եթե դառնացած եք ինչ-որ մեկից, ներե՛ք նրան, որպեսզի Աստված էլ ձեր թերությունները ների, քանի որ եթե դուք չեք ներում, Աստված էլ ձեզ չի ների: Ուրեմն եթե քո մեղքի համար թողություն գտնել ես ուզում, պարտավոր ես դու էլ եղբորդ թերությունները ներել»:
Երբ Հիսուսը, ճանապարհին աշակերտներին այսպիսի խոսքեր ասելով, Երուսաղեմ է գալիս և տաճարն է մտնում քարոզելու համար, քարոզի ժամանակ քահանայապետները, օրենսգետները և ժողովրդի գլխավորները նրան ասում են. «Ի՞նչ իշխանությամբ ես այս բաներն անում, ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»: Արդարև, ինչպես որ սրանից առաջ հիշվեց, այդպիսի մեծ փառքով Երուսաղեմ մտնելը և առևտրականներին տաճարից տիրաբար վռնդելով քարոզելն անպատճառ կարիք ուներ մի մեծ իշխանության: Այդ պատճառով այս հարցն ուղղեցին նրան, քանի որ նրա Մեսիա լինելուն չհավատալով՝ մի հասարակ մարդ էին համարում նրան:
Հիսուսը պատասխանում է նրանց. «Ես էլ մի բան հարցնեմ ձեզ: Պատասխա՛ն տվեք ինձ, որպեսզի ես էլ ձեզ ասեմ, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում արածներս: Հովհաննեսի մկրտությունը երկնայի՞ն հրամանով էր, թե՞ մարդկային»: Այս պարզ հարցից նրանք շփոթվեցին, որովհետև Հովհաննեսը բազմիցս վկայել էր Հիսուսի մասին, թե նա է Մեսիան, և իրենք գիտեին դա: Ուստի խորհում են. «Եթե ասենք, թե երկնային հրամանով էր, մեզ կասի՝ ինչո՞ւ ուրեմն չհավատացիք նրան: Իսկ եթե ասենք, որ մարդկանց հրամանով էր, այն ժամանակ ժողովուրդը մեզ կքարկոծի», որովհետև բոլորը ճանաչում էին Հովհաննես մարգարեին: Այդպես չիմանալով, թե ի՛նչ պատասխանեն, նրանք ասում են՝ չգիտենք: Եվ երբ իբր թե իրենց ազատելու համար հայտնապես սուտ խոսեցին, Հիսուսն ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թե ում իշխանությամբ ու հրամանով եմ անում այս բաները»:
Տեր Հիսուսն այս պատասխանով նրանց հարցմանը լիովին պատասխանեց և իր իշխանության՝ երկնքից լինելը հայտնեց: Բայց փարիսեցիները ոչ միայն չկամեցան ընդունել, այլև ընդհակառակը, ավելի չարացան, քանի որ Աստծուց չերկնչելով՝ մարդկանցից էին վախենում: Չնայած Հովհաննեսի մարգարե լինելը հայտնի էր, սակայն ստեցին՝ ասելով, թե նրա որտեղից լինելը չգիտենք: Ավելին, Հիսուսի գործած հրաշքները վկայում էին, որ Սուրբ Գրքի համաձայն՝ նա Մեսիան է կամ Աստծու Որդին: Ուստի Գրքին ուշադիր լինելու փոխարեն «Ո՞ւմ հրամանով և իշխանությամբ ես այս բաներն անում» ասելը խիստ անօրեն էր և նշան էր նրանց անհավատության:
Այս պատճառով Հիսուսը նրանց ստորությունն իրենց հայտնելու համար առակ է պատմում մի մարդու մասին, որը երկու որդի ուներ: Առաջինին ասում է. «Այսօր գնա՛, այգում աշխատի՛ր»: Եվ նա, «կգնամ» ասելով, խոստանում է, բայց չի գնում: Իսկ երբ մյուսին է ասում՝ գնա՛, նա չի ուզում գնալ, բայց հետո զղջալով գնում է: Այս առակը ցույց է տալիս Աստծու պատվիրաններին հնազանդվողներին ու անհնազանդներին, մասնավորապես Իսրայելի ժողովրդին ու հեթանոսներին: Ուստի Հիսուսը հարցնում է, թե այդ երկուսից ո՛րն իր հոր պատվերը կատարեց, և նրանք պատասխանում են, թե վերջինը:
Այն ժամանակ Հիսուսն ասում է. «Մաքսավորներն ու պոռնիկները ձեզնից առաջ Աստծու արքայությունը պետք է մտնեն, որովհետև Հովհաննեսը եկավ և ըստ արդարության ձեզ քարոզեց, բայց դուք չհավատացիք, իսկ մաքսավորներն ու պոռնիկները հավատացին, և դուք, տեսնելով հանդերձ, չզղջացիք»: Արդարև (ինչպես որ չորրորդ դարի Բ. հարցում հիշվեց), թեպետ Իսրայելի ժողովուրդը խոստացել էր հնազանդվել Աստծու օրենքին, բայց հակառակ ընթացքի հետևելով՝ անհնազանդ գտնվեց: Հեթանոսները, ընդհակառակը, Աստծու օրենքին ներհակ լինելով, ապա Հիսուս Քրիստոսին հավատալով՝ ողորմության արժանացան, իսկ հրեաները զրկվեցին:
Այս առակը թեև ծանր հանդիմանություն էր նրանց, բայց մի ուրիշ առակ ևս պատմեց՝ ցույց տալու համար, որ նրանք պետք է պատժվեն իրենց խստասրտության պատճառով, որպեսզի խելքի գալով ուղղվեն և զգաստանան: Ահա առակը: Մի մեծատուն մարդ, այգի տնկելով, շուրջը պարսպում է և ներսում հնձան ու աշտարակ շինելուց հետո այն հանձնում է մշակներին, և ինքը գնում է օտար երկիր: Հունձքի ժամանակ երեք անգամ մարդ ուղարկելով՝ այգու պտուղներից է պահանջում, բայց մշակները մի քանիսին սպանում են, ուրիշներին՝ քարկոծում: Այնուհետև իր միակ սիրելի որդուն է ուղարկում՝ մտածելով, որ գուցե կամաչեն նրանից: Սակայն երբ նրանք տեսնում են նրան, «Սա է ժառանգը, եկե՛ք սպանենք նրան և նրա ժառանգությանը տիրանանք» ասելով՝ այգուց դուրս են հանում նրան ու սպանում:
Այս առակը Հիսուսը պատմեց Իսրայելի ժողովրդի մասին, որին Աստված իր սեփական ժողովուրդ ընտրելով՝ իբրև մի այգի տնկեց երկրի վրա (Ես. 5:1, Երեմ. 2:21), և ապա օրենք ու զանազան պատվերներ տալով՝ ժողովրդի հոգևոր կառավարումը հատուկ սպասավորների հանձնեց, որպեսզի նրանք նույն պատվերները գործադրելով՝ առաքինության պտուղներ տան:
Բացի այդ, երբ հրամանին հակառակ են գործում, ժամանակ առ ժամանակ իր բազում ողորմությամբ մարգարեներ է ուղարկում նրանց ուղղելու համար, բայց նրանք, ոչ մի կերպ չուղղվելով, սպանում էին մարգարեներին: Ապա թեև իր սիրելի որդուն՝ մեր Փրկիչ Տեր Հիսուսին, ուղարկեց, սակայն նրանք մտածեցին նրան ևս սպանել և այգին իրենց վերցնել: «Ուրեմն,- հարցնում է Հիսուսը,- երբ այգու տերը գա, ի՞նչ պետք է անի այդ մշակներին»: Հակառակորդները ստիպված պատասխանում են, թե՝ «Այգու տերը նախ ամենախիստ պատժով կպատժի մշակներին և ապա այգին կհանձնի ուրիշներին, որ ժամանակին այգու պտուղը տան»:
Իհարկե, նրանց կողմից արված վճիռը իրավացի էր, և Հիսուսն այն հաստատելու համար հայտնում է, թե այգին իրենց ձեռքից վերցվելով՝ ուրիշներին պետք է տրվի: Ահա այդ ժամանակ հասկանում են, որ այդ առակը իրենց մասին էր պատմել, այդ պատճառով իրենց խոսքը փոխելով՝ ասում են. «Քա՛վ լիցի»: Կեղծավորների անարդար պատասխա՛նը տես. անիրավ մշակների պատժի վերաբերյալ իրավացի վճիռ կայացնելով հանդերձ, երբ տեսնում են, որ այդ պատժին իրենք կարժանանան, դժկամորեն իսկույն փոխում են իրենց վճիռը և հետ վերցնում իրենց խոսքը:
Թեև Հիսուսը վերոհիշյալ առակով հայտնեց, որ հրեաները պետք է պատժվեն, բայց շտապեց նաև Սուրբ Գրքից վկայություն բերել՝ հաստատելու համար, որ ինքն է Մեսիան, որպեսզի հասկանալով հավատան և պատժից ազատվեն: Որովհետև, ինչպես որ Դավիթ մարգարեի բերանով գրված է սաղմոսների մեջ (Սաղմ. 117:21), Հիսուսը, հին օրենքի լրումը և նոր օրենքի սկիզբը լինելով, երկուսի միջև իբրև անկյունաքար եղավ, որին պետք է բոլորը կապվեին: Արդ, հրեաներն իրենց չարասրտության պատճառով և նախանձից նրան արհամարհելով՝ մինչև անգամ նրա մահվան համար ջանացին, որի պատճառով իրավամբ Աստծու ողորմությանն անարժան համարվեցին:
Այս պատճառով Հիսուսը վճռեց, որ Աստծու արքայությունը պիտի վերցվի նրանցից և տրվի այլ ազգերի, որպեսզի չկարծեն, թե իրեն սպանելով՝ կարող են իրեն վնաս հասցնել: Ընդհակառակը, իրենք անդարմանելի վնասների կենթարկվեն և հավիտենական պատիժ կկրեն: Սա նախապես հայտնում է նրանց, որպեսզի ուղղվեն, որովհետև ինչպես որ քարի վրա ընկնողը չի կարող նրան վնասել, այլ ինքը կվնասվի, և կամ քարը, ում վրա որ ընկնի, նրան կճմլի, այդպես էլ Հիսուսին վնասել ուզողը պետք է ստույգ իմանա, որ ինքը կվնասվի, կամ թե նրա պատվիրաններին անսալ չցանկացողն անպատճառ կպատժվի ամենայն արդարացիությամբ:
Զայրանալով, որ Հիսուսն այս խոսքերն իրենց մասին ասաց, քահանայապետներն ու օրենսգետները կամեցան նրան բռնել, բայց ժողովրդից վախենալով՝ իրենց մտադրությունն իրականացնել չկարողացան: Թեև նրանք այդ վիճակով էլ պատժի արժանի էին, բայց որպեսզի իմանալով զգաստանան, Հիսուսը նորից մի առակ մեջբերեց մի թագավորի մասին, որն իր որդու հարսանիքն է անում, և երբ մարդ ուղարկելով՝ կանչում է հրավիրվածներին, նրանք չեն ուզում գալ: Դարձյալ հրավիրակներ ուղարկելով՝ ասում է. «Ասե՛ք հրավիրվածներին, որ ճաշը պատրաստ է, եկե՛ք հարսանիքի»: Սակայն ոմանք անհոգաբար իրենց ագարակներն են գնում, մյուսները՝ իրենց առևտրին, մի քանիսն էլ ծեծելով սպանում են նրա ուղարկած մարդկանց:
Թագավորը, այս լսելով, բարկանում է և զորք ուղարկելով՝ ոչ միայն հիշյալ մարդասպաններին է սպանել տալիս, այլև նրանց քաղաքներն այրելով՝ իր ծառաներին ասում է. «Հարսանիքս պատրաստ է, հրավիրյալներն արժանի չէին: Գնացե՛ք և ճանապարհի վրա ում գտնեք, հրավիրե՛ք հարսանիքի»: Նրանք գնում ու հավաքում են բոլորին, ում գտնում են, չար ու բարի անխտիր, մինչև որ հարսանյաց տունը լցվում է: Սակայն հարսանիքի եկողները, իրենց հանդերձներն ի պատիվ թագավորի փոխելով, իրենց կարողության համեմատ նոր հանդերձներ էին հագել: Միայն մեկը հարսանյաց հանդերձ չէր հագել:
Երբ թագավորը հրավիրվածներին տեսնելու համար ներս մտավ, տեսնելով նրան, որ հին հանդերձներով էր, ասաց. «Ինչպե՞ս մտար այստեղ, քանի որ հարսանիքին պատշաճ հանդերձ չունեիր»: Եվ նա պապանձվեց, որովհետև ոչ մի արդարացուցիչ առարկություն կամ պատրվակ չուներ: Այնժամ թագավորն ասում է ծառաներին. «Կապե՛ք նրա ձեռքերն ու ոտքերը և հանե՛ք նրան դրսի խավարը, որտեղ պետք է լա և ատամները կրճտացնի, որովհետև հրավիրվածները շատ են, իսկ ընտրվածները՝ սակավ»:
Ոմանք ասում են, թե թագավորը հարսանիք եկածներից յուրաքանչյուրին մեկական ձեռք նոր հանդերձ էր տալիս իր մեծությունն ու հարստությունը հայտնելու համար, բայց վերոհիշյալ պապանձված անձը, թագավորի պատիվը չպահելու և իր հին հանդերձով գալու համար պատժի արժանացավ:
Հիրավի, Աստված իր բազում ողորմությամբ ամենքին հրավիրում է երկնային հարսանիքի, այն է՝ արքայության անվախճան փառքին, և դրա համար հարկ եղած շնորհը ոչ ոքի չխնայելով՝ ձրիաբար պարգևում է: Սակայն շատերը, նրա պարգևը չընդունելով,պատժվում են: Արդ, եթե ուզում ես պատժից զերծ մնալ, կեղտոտ հանդերձը փոխելու նման՝ օր առաջ զղջա՛ և ապաշխարի՛ր ու մեղքի աղտերը սրտիցդ մաքրելով՝ աստվածային շնորհներով առաքինության հանդերձը հագնելու ջա՛նք գործադրիր, որպեսզի հին հանդերձով հարսանիք գնացող անձի նման պատժի չարժանանաս: