Հիսուսն ինչո՞ւ լվաց առաքյալների ոտքերը:

Իր անսահման սերն աշխարհին հայտնելու համար, որովհետև այնքան սիրեց մարդկանց, որ նրանց փրկության համար մարմին առնելով՝ մարդ եղավ: Երեք տարի ու չորս ամսվա չափ շատ հրաշքներ գործելով՝ ժողովրդին առաքինական տարբեր ճանապարհներ ուսուցանելուց զատ աշակերտների ոտքերն էլ է լվանում, որպեսզի նրանց և բոլոր մարդկանց խոնարհություն սովորեցնի: Այդ պատճառով պատվիրեց աշակերտներին՝ ասելով. «Ինչպես որ ես ձեզ արեցի, դուք էլ պարտավոր եք միմյանց նույնն անել»:

Հիսուսը նախապես արդեն բերանացի հայտնել էր, որ ինքը հեզ է և սրտով խոնարհ (տե՛ս Լ. հարցը): Այս մասին լա՛վ խորհիր, որովհետև քանի որ  խոնարհությունը բոլոր առաքինությունների հիմքն է, ամբարտավան մարդը, որքան էլ բարի գործեր ունենա, չի կարող առաքինի համարվել: Հպարտության պատճառով հրեշտակները երկնքից արտաքսվեցին, խոնարհությամբ մարդիկ երկինք կգնան:

Բացի դրանից, որովհետև այդ ժամանակ Հիսուսը սուրբ պատարագի կենարար խորհուրդը պետք է հաստատեր, որպեսզի բոլոր հավատացյալները նրա պատիվը պահեն, նախ առաքյալների ոտքերը լվաց, որ մեղքի աղտերից մաքրվելով՝ արժանի լինեն այդ կենարար հոգևոր կերակուրին: Արդ, ով առանց զղջման և ապաշխարության ու խոստովանահոր առջև սրտագին ու անկեղծ արտասուք թափելու, առանց մեղքերի աղտը սրտից հանելու այդ երկյուղալի խորհրդին կմոտենա, մատնիչ Հուդային նման կլինի:

Ինչպես վերևում հիշատակվեց, երբ Հիսուսը հին օրենքի պատվիրանը կատարեց, հաց և գինի ձեռքն առնելով՝ օրհնեց և այդպես հաստատեց սուրբ պատարագի խորհուրդը՝ պատվեր տալով  աշակերտներին, որ իր անվամբ միշտ գործադրեն այն: Եվ որովհետև ըստ օրենքի՝ Բաղաջակերաց տոնին գառան խորովածը ուտելուց հետո ուրիշ կերակուր էլ էին ուտում, Հիսուսն էլ, առաքյալների հետ նորից սեղան նստելով, ասում է. «Ձեզնից մեկը ինձ պիտի մատնի»: Այս խոսքը լսելով՝ ամենքը (բացի Հուդայից) սաստիկ տրտմեցին:

Ճիշտ է, գիտեին, որ իրենք այդպիսի չար միտք չունեին, բայց իմանալով նաև, որ Հիսուսը զուր խոսք չի ասում, յուրաքանչյուրն իրեն կասկածելով՝ սկսում է հարցնել, թե  արդյոք ի՞նքն է: Հիսուսը պատասխանում է, թե՝ նա է, ով ինձ հետ ձեռքը կմեկնի դեպի պնակը: Եվ իսկապես, ճիշտ այդ պահին Հուդան ձեռքը երկարել էր նրա հետ. նրան մատնելու փափագով և այլևս առանց նրա պատիվը պահելու՝ հավասարի պես ձեռքը պարզել էր նրա հետ միասին: Բարսեղ Ճոնն ասում է, թե սեղանի վրա երկու պնակ կար, և առաքյալներից վեցը Հիսուսի հետ մի ամանից էր ուտում, իսկ վեցը՝ մյուս: Հիսուսը ինչպես որ նախ Հուդայի ոտքերը լվաց, այնպես էլ նրան իր ամանից ուտելու ևս արժանացրեց, որպեսզի ուղղվի, բայց նա ապերախտությամբ ոչ մի ուղղում բնավ չընդունեց:

Հիրավի, ըստ Սուրբ Գրքի՝ Հիսուսը խաչը ելնելով պիտի մեռներ, և նա, որի ձեռքով մատնվեր, սաստիկ պատժի պետք է ենթարկվեր, բայց չնայած դրան՝ վայ տվեց այդ մարդուն: Այս խոսքով Հիսուսը կամեցավ Հուդային զղջման հրավիրել, որպեսզի գոնե պատժից վախենալով՝ զգաստանա: Բայց նա իր չար մտադրությունից երբեք հետ չկանգնեց: Առաքյալները չիմացան, թե Հիսուսը ո՛ւմ մասին ասաց այդ խոսքը, որովհետև ուշադրություն չէին դարձրել, որ Հիսուսի հետ Հուդան էր ձեռքը դեպի պնակը երկարացրել: Այդ պատճառով մինչ իրար նայելով խորհում էին, Պետրոսն ակնարկում է Հիսուսի մոտ նստած Հովհաննեսին, որ հարցնի, թե ո՛վ է մատնիչը:

Երբ Հովհաննեսը, Հիսուսի կրծքին փարվելով, հարցնում է, պատասխան է ստանում, թե՝ «Պատառը թաթախելով ում որ տամ, նա է մատնիչը»: Սակայն ցածր ձայնով ասելու պատճառով Հովհաննեսից բացի ոչ ոք չի լսում, և պատառը թաթախելով՝ Հուդային է տալիս ու ասում. «Ինչ որ պետք է անես, շո՛ւտ արա»: Առաքյալները դարձյալ չհասկացան, թե Հիսուսը այս խոսքն ի՛նչ մտքով ասաց. կարծեցին, թե տոնի համար հարկավոր եղածը գնելու կամ աղքատներին ողորմություն տալու համար ասաց, որովհետև աղքատների արկղը Հուդայի մոտ էր:

Հուդան, այս խոսքը լսելով, հասկանում է, որ իր արարքը Հիսուսին հայտնի է: Դրանով հանդերձ՝ ոչ միայն դարձյալ չի զղջում, այլև ավելի չարանալով՝ հարցնում է. «Մի՞թե ես եմ, վարդապե՛տ» : Եվ երբ Հիսուսը պատասխանում է՝ «Դո՛ւ ասացիր», իսկույն գիշերով դուրս է գալիս, որ գնա և իր վարդապետին մատնի: Ահա այդ ժամանակ սատանան էլ մտնում է նրա մեջ: Թեպետև սատանան նախապես արդեն մտած էր (տե՛ս ԽԵ. հարցը), բայց այս անգամ՝ պատառը վերցնելու ժամանակ, ամբողջությամբ տիրեց նրա սրտին: Հիրավի, անիրավ և ագահ լինելու պատճառով Հուդան այդ սոսկալի մատնությունն արեց, սակայն այս պարագայում իսկ Հիսուսի մասին Սուրբ Գրքում  Դավիթ մարգարեի գրածը կատարվեց, թե՝ «Նա, որ ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ խաբեություն գործեց»:

Նայի՛ր դու Հիսուսի մարդասիրությանը. իրեն արդեն հայտնի էր Հուդայի միտքը, բայց իր մոտից չէր հեռացնում նրան, որպեսզի ուղղվի, սակայն նա, հաստատ մնալով իր չարախորհուրդ դիտավորության մեջ, չճանաչեց իրեն ցույց տրված ողորմությունը և իր կորստյան պատճառը դարձավ: Վերնատնից Հուդայի գնալուց հետո Հիսուսն առաքյալներին դարձյալ հայտնում է, որ ինքը պետք է չարչարվի, խաչվի և մեռնի, որ պիտի գայթակղվեն, և յուրաքանչյուրը մի-մի կողմ ցրվելով՝ իրեն միայնակ պիտի թողնեն: Սակայն որպեսզի չհուսահատվեն, նախապես նաև հայտնում է նրանց, թե հարություն պիտի առնի և իրենցից առաջ Գալիլեա պետք է գնա: Այդ ժամանակ Պետրոսը, ինքն իրեն վստահելով, համարձակությամբ ասում է. «Եթե նույնիսկ բոլորը գայթակղվեն, ես չեմ գայթակղվի»: Հիսուսը պատասխանում է. «Այս գիշեր, աքաղաղը չկանչած, երեք անգամ պիտի ուրանաս ինձ»: Բայց նա նորից պնդում է՝ ասելով. «Եթե հարկ լինի քեզ հետ մեռնել, քեզ չեմ ուրանա»: Նույնը բոլոր աշակերտներն էին ասում:

 Հայտնի է, որ Հիսուսը մինչև այդ ժամանակ բազում տարբեր խրատներ  ու պատվերներ ավանդեց առաքյալներին: Այս անգամ եղբայրական սիրո վերաբերյալ դարձյալ նոր պատվեր տալով՝ ասում է. «Ինչպես որ ես ձեզ սիրեցի, դուք էլ նույն կերպ իրար սիրե՛ք, որ բոլորն իմանան, որ իմ աշակերտներն եք»: Նաև հայտնում է նրանց, որ երկրի վրա իր անվան համար շատ նեղություն պիտի կրեն, բայց հետո երկնքում հավիտենապես ուրախ պետք է լինեն, որ ինքը, իր օգնությունը երբևէ չխնայելով, պետք է պահպանի նրանց, որ ինչ որ իր անվամբ խնդրեն, պիտի կատարվի, որ Հայր Աստծուն ևս կաղաչի, որ նրանց և բոլոր հավատացյալներին պահպանի և Սուրբ Հոգուն ուղարկի, որը գալով՝  նրանց հիշեցնի և սովորեցնի, ինչ որ ինքը քարոզեց: Բացի այդ, որտեղ ինքն է, իրենք ևս այնտեղ պիտի լինեն: Չկատարված ուրիշ շատ բաների մասին ևս խոսեց, որպեսզի երբ կատարվեն, առաքյալները հասկանալով հավատան, ինչպես  որ գրված է (Հովհ. 13, 14, 15, 16, 17):

Վերնատանն առաքյալների սիրտն այսպիսի խոսքերով ամեն կերպ հանգստացնելուց հետո Հիսուսը նրանց հետ Ձիթենյաց լեռն է գնում և այնտեղից Կեդրոնի ձորի դիմաց գտնվող Գեթսեմանի կոչված գյուղը գալով՝ մի պարտեզ է մտնում՝ առաքյալներին ասելով. «Դուք այստեղ նստե՛ք, մինչև ես աղոթեմ»: Եվ իր հետ վերցնելով Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալներին՝ վերին աստիճանի տխրությամբ ասում է նրանց. «Այստեղ արթո՛ւն կացեք ինձ հետ»: Եվ նրանցից մի քարընկեց հեռանալով՝ երեսի վրա գետնամած աղերսում է Հայր Աստծուն, որ եթե հնարավոր է, այդ ժամն անցնի: Ապա ելնելով՝ առաքյալների մոտ է գալիս:

Սակայն նրանք, այդ իրավիճակում սաստիկ տրտմությունից ընկճված, քուն էին մտել, ուստի Պետրոսին արթնացնելով՝ ասում է. «Մի ժամ ինձ հետ չկարողացա՞ք արթուն մնալ: Արթո՛ւն կացեք և աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք: Հոգիս հոժար է, բայց մարմինս՝ տկար»: Այնժամ երկնքից մի հրեշտակ է երևում և զորացնում է նրան: Սակայն հոգեկան մեծ տագնապով և մտատանջությամբ աղոթքի կանգնելու պատճառով քրտինքը արյան նման հատիկ-հատիկ (կաթիլ-կաթիլ) գետնին էր թափվում: Հիսուսը, երեք անգամ այսպես աղոթքի կանգնելով, գործի կատարումը դարձյալ Հայր Աստծու կամքին է հանձնում, որպեսզի այնպես լինի, ինչպես որ նա է կամենում:

Հիրավի, Հիսուսը նախապես բազմիցս հայտնել էր, որ ինքը խաչվելով պիտի մեռնի և հոժարակամ այնտեղ էր եկել նույն նպատակով, սակայն որպեսզի բոլորին հայտնի լինի, որ ինքը կատարյալ մարդ է, այս կերպ աղոթել հանձն առավ, որովհետև  բնական է, որ մարդ չարչարանքից ու մահից վախենա: Երբ որ նորից առաքյալների մոտ գալով՝ նրանց քնած գտավ, ասաց. «Այսուհետև քնե՛ք և հանգստացե՛ք, որովհետև ահավասիկ ժամանակը եկավ, որ Մարդու Որդին մեղավորների ձեռքով մատնվի: Եկե՛ք այստեղից գնանք, որովհետև ահա ինձ մատնողը մոտեցավ»:

Մինչ Հիսուսը խոսում էր, ահա քահանայապետների, փարիսեցիների, օրենսգետների և ծերերի ծառաները,  ինչպես նաև հռոմեացի դատավորի կողմից ուղարկված զորքն ու հազարապետը ահագին բազմությամբ այդ պարտեզն են գալիս սրերով ու բրիչներով, ջահերով ու լապտերներով:  Այդ բազմությունը առաջնորդում էր նույն ինքը Հուդան, որ գիտեր այդ տեղը, քանի որ Հիսուսը առաքյալների հետ շատ անգամ էր այնտեղ եկել: Սակայն քանի որ հռոմեացի զինվորները Հիսուսին չէին ճանաչում, Հուդան  նշան էր տվել նրանց, որ ում համբույր տա, նրան բռնելով՝ զգուշությամբ տանեն: Այս պատճառով նա, Հիսուսին մոտենալով, համբուրում է նրան՝ ասելով. «Ո՛ղջ եղիր, վարդապե՛տ»:

Հիսուսի համբերությո՛ւնը տես. չնայած Հուդան ծանր պատժի էր արժանի, բայց նա ոչ մի ծանր խոսք չասաց մատնիչին: Ավելին, նրան զղջալ տալու համար, նույնիսկ նրան ընկեր է կոչում՝ ասելով.  «Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում Մարդու Որդուն»: Երբ առաքյալներն այդ ահագին ամբոխը տեսան, Հիսուսին հարցրին, թե՝ «Սրով դիմադրե՞նք նրանց»: Բայց Պետրոսը, անկարող լինելով համբերել, իր մոտ եղած թուրը քաշելով՝ քահանայապետի Մաղքոս անունով ծառայի աջ ականջն է կտրում:  Սակայն Հիսուսը նրա ականջը բժշկելուց բացի, առաքյալներին հանդիմանում է, որ հանգիստ մնան, և ինքը անիրավ բազմությանը համարձակորեն դիմելով՝ հարցնում է. «Ո՞ւմ եք  ուզում»: Եվ նրանք պատասխանում են. «Նազովրեցի Հիսուսին ենք ուզում»: «Ահա ես եմ»,- ասում է հեզահոգի և մարդասեր Հիսուսը:

Սակայն հենց որ այս պատասխանը դուրս է գալիս Հիսուսի բերանից, ամենքը, Հուդան էլ  նրանց հետ, իսկույն հետ-հետ գնալով՝  գետին են ընկնում: Հիսուսը դարձյալ հարցնում է, թե ում են փնտրում: Եվ նրանք դարձյալ պատասխանում են. «Հիսուս Նազովրեցուն»: Այս անգամ մեղմ հանդիմանությամբ ասում է. «Ասացի ձեզ, որ ես եմ»: Եվ ավելացնում է. «Եթե ինձ եք փնտրում, թողե՛ք նրանց (առաքյալներին), որ գնան», որովհետև աշակերտներին նույնպես բռնել էին ուզում:

Ճիշտ է, որ Հիսուսը մինչև այդ ժամանակ բազմիցս զանազան հրաշագործություններ էր կատարել իր անհուն զորությունը նրանց հայտնելու համար: Ահա այս անգամ ևս հայտնեց, որպեսզի իմանալով՝ ուղղվեն: Բացի այդ, բազմությամբ եկող քահանայապետներին, տաճարի մեծերին և ծերերին ասում է. «Սրերով ու բրիչներով ելաք իմ դեմ՝ իբրև ավազակի: Մինչ տաճարում միշտ ձեզ հետ էի, ձեռք չբարձրացրիք ինձ վրա: Սակայն սա է ձեր ժամն ու խավարի իշխանությունը»: Այս խոսքով Հիսուսը ցույց տվեց, որ ինքն իր կամքով է անձնատուր լինում նրանց, որպեսզի մարգարեների գրքերը կատարվեն: Բայց նրանք, ոչ մի կերպ չհամոզվելով, բռնում ու կապում են Հիսուսին: Այդ ժամանակ բոլոր առաքյալները փախչում են: Իհարկե, նրանք վախից փախան, բայց այս մասին էլ Զաքարիա մարգարեի բերանով Սուրբ Գրքի մեջ գրվածը կատարվեց, որն ասում է. «Հովվին զարկեմ, և ոչխարները ցրվեն»: Այս մասին Հիսուսն արդեն ասել էր նրանց:

Երբ Հիսուսին բռնած տանում էին, այդ ժամանակ մի երիտասարդ, իր մերկ մարմնի վրա կտավ փաթաթած, նրա հետևից գնում էր: Զինվորները, կարծելով, թե նա Հիսուսի աշակերտներից է, նրան բռնել են ուզում: Նա իսկույն վրայի կտավը թողնելով՝ այդպես մերկ փախչում է: Ենթադրվում է, որ այդ անձը պարտեզի տերն էր կամ նրա որդին, որովհետև պարտեզում քնած ժամանակ հանկարծ աղմուկ և գոռում-գոչյուն լսելով՝ պատճառը հասկանալու համար շտապելով և առանց հանդերձ հագնելու, միայն մի կտոր կտավով փաթաթված՝ բազմության մեջ հետևում էր Հիսուսին:

Վերոհիշյալ ապերախտ ու անիրավ ժողովուրդը, որ նախանձի պատճառով թշնամի էր Հիսուսին, հարմար պահ գտնելով՝ Հիսուսին կապելուց հետո մեծ ուրախությամբ նրան տանում է Երուսաղեմ՝ Աննա քահանայապետի մոտ, որ Կայիափա քահանայապետի աներն էր: Սա այն Կայիափան էր, որ նույն տարի քահանայապետ լինելու համար նախապես Հիսուսի մասին աստվածային ներշնչանքով ասել էր. «Փոխանակ մի ամբողջ ազգ կոտորվի, լավ է, որ մի մարդ մեռնի  ժողովրդի համար» (ինչպես որ ԽԴ. հարցում հիշատակվեց):

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․