Հիսուսը քանի՞ ժամ մնաց խաչի վրա:

Վեց ժամ, որովհետև ժամը երեքին խաչը ելավ և իննին մեռավ: Սակայն երբ ժամը վեցը եղավ, արեգակը խավարեց, և ամբողջ աշխարհն ընկղմվեց մթության մեջ, իսկ ժամը իննին, երբ հոգին ավանդեց, խավարը ցրվեց, և նորից լույս եղավ:  Այստեղ կատարվեց Ավագ ուրբաթ օրվա մասին մարգարեական պատգամը, թե՝ «Մի օր պիտի լինի, որ հայտնի է Աստծուն,  որ ո՛չ ցերեկ է և ո՛չ գիշեր, ու երեկոյան լույս պետք է լինի»:

  Հիրավի, իրեն Մեսիա և Աստծու Որդի կոչելու համար հրեաները Հիսուսին խաչեցին, բայց որպեսզի նրա Մեսիա և Աստծու Որդի լինելը բոլորին հայտնի դառնար, Աստված հատուկ խավարեցրեց արևի լույսը, որ մարդիկ խելամուտ լինելով հավատան նրան և աստվածային ողորմության արժանանան: Այսպես ուրեմն, Հիսուսի մահվան ժամանակ խավարի ցրվելն ու նորից լուսանալը նշան էր, որ նրա շնորհի լույսով մարդկային հոգիները պետք է պայծառապես լուսավորվեն:

Բացի այդ,  տաճարի վարագույրը, որ կախված էր Սրբություն Սրբոցի առջև, իսկույն վերից վար պատռվելով՝ երկու մասի բաժանվեց, երկիրը շարժվելով տատանվեց, վեմ քարերը ճեղքելով՝ գերեզմանները բացվեցին, և շատ սրբեր Հիսուսի հարությունից հետո  կենդանացան ու Երուսաղեմ գալով՝ շատերին երևացին և այդպիսով Հիսուսի հարությունը  հաստատեցին իրենց հրաշալի ներկայությամբ:

Լա՛վ խորհիր. որովհետև հին օրենքը նոր օրենքի ստվերն էր (ինչպես որ չորրորդ դարի Բ. հարցում հիշվեց), այդ պատճառով Հիսուսի մահվամբ տաճարի վարագույրը պատռվեց, որպեսզի բոլորին հայտնի լինի, որ հին օրենքը վերջացավ և նոր օրենքը հայտնվեց: Նմանապես, երբ Հիսուսը Ծաղկազարդի օրը մեծ փառքով Երուսաղեմ էր գալիս, և ժողովուրդը օվսաննա էր աղաղակում, փարիսեցիները նախանձելով ասացին. «Սաստի՛ր աշակերտներիդ, որ լռեն»,  իսկ Հիսուսը պատասխանեց. «Եթե դրանք լռեն, քարերը կաղաղակեն» (տե՛ս ԽԵ. հարցում): Ահա այստեղ այդ խոսքը կատարվեց: Իհարկե, երբ Հիսուսը խաչի վրա էր, մարդիկ օվսաննա ասելով չփառավորեցին նրան, բայց անշունչ արարածները,  աստվածային հրամանով շարժվելով, վկայեցին նրա՝ Աստծու Որդի լինելը և սքանչելապես փառավորեցին նրան:

Որպեսզի անշունչ արարածների այսպիսի շարժումը բնական երևույթ չհամարվեր, մեռյալները  ևս հարություն առնելով՝ մարդկանց ազդարարեցին կենդանի խոսքով: Այս մասին ոչ միայն մեռելները վկայեցին, այլև ժամանակակից գիտնականները, այդ հրաշալի երևույթները կամ նշանները տեսնելով, պատմական տարեգրություններում արձանագրեցին: Ինչպես որ Դիոնեսիոս Աթենացի անունով  գիտնական, փիլիսոփա և աստղագետ մի անձ, որ այդ նույն ժամանակ գործերով Աթենայից Արեգ քաղաքն էր եկել (Դամասկոսի մոտ), Հիսուսի մահվան ժամանակ պատահած խավարը տեսնելով և պատճառը հետազոտելով, իմացավ, որ դա բնական երևույթ չէր, ուստի զարմանախառն երկյուղով լցված՝ պատմության մեջ այսպես արձանագրեց. «Կա՛մ երկիրն է կործանվում, կա՛մ բնության Արարիչն է չարչարվում»: Այս պատճառով  ավելի ուշ, երբ Պողոս առաքյալը Աթենք գնալով Սուրբ Ավետարանն էր քարոզում, Դիոնեսիոսը ոչ միայն ինքը հավատաց (Գործ 17:34), այլև ուրիշներին էլ քարոզում էր, թե Հիսուսը Աստծու Որդի է, ինչպես որ հայտնի է նրա պատմությունից:

Եվ որովհետև այդ օրն ուրբաթ էր, հրեաները Պիղատոսին են դիմում խաչվածների ազդրերը կոտրելու և նրանց վայր իջեցնելու խնդրանքով, որ նրանց մարմինները խաչի վրա չմնան մինչև շաբաթ: Ուստի զինվորները եկան և կոտրեցին ավազակների ազդրերը, ու նրանք մեռան, և նրանց իջեցնելով՝ վերցրին: Սակայն որովհետև Հիսուսն արդեն մեռած էր, նրան չդիպան, բայց զինվորներից մեկը գեղարդով վիրավորեց նրա կողը, և իսկույն արյուն ու ջուր ելավ: Այսպես կատարվեց այն պատգամը, թե՝ «Նրա ոսկորը չպիտի փշրվի»: Կատարվեց նաև մարգարեական այն խոսքը, թե՝ «Պիտի նայեն նրան, ում խոցեցին»:

Հիսուսի կողքից արյան և ջրի ելնելը նրա կատարյալ Աստված և կատարյալ մարդ լինելու նշան էր, քանի որ նա, իր աստվածությամբ անմահ լինելով, մարմնով մեռավ: Նաև արյունը սուրբ պատարագի, իսկ ջուրը մկրտության խորհուրդը հայտնելու համար էր: Հարյուրապետը, որ զինվորների հետ Հիսուսին էր պահպանում, վերոհիշյալ հրաշքները տեսնելով, խոստովանում է, թե նա արդարև Աստծու որդի էր, և փառք է տալիս Աստծուն: Ժողովրդից ոմանք ևս, որ չարասիրտ մարդիկ չէին և միայն տեսարանը դիտելու էին եկել, կուրծք ծեծելով տրտմությամբ հետ էին  դառնում:

          Այդպես էլ Հիսուսի բոլոր ծանոթներն ու շատ կանայք, որ Գալիլեայից եկել էին նրա հետևից, հեռվից նայելով՝ լալիս էին ու կոծում: Այստեղ կատարվեց Մովսես մարգարեի ձեռքով Սուրբ Գրքում գրված այն պատգամը, թե՝ «Քո կյանքը աչքերիդ առջև կախված կլինի»: Արդարև, Հիսուսը, որ հավիտենական կյանք է և ամենքին կենդանություն տվող, մարդկային ցեղը մեղքից փրկելով՝ երկնավոր կյանքի արժանացնելու համար խաչի վրա մեխված կախվեց:

          Հովսեփ Արեմաթացու առաքինությո՛ւնը տես: Սա մի արդար և բարեգործ անձ էր, որ նաև Աստծու արքայության հույսն ուներ և Հիսուսին աշակերտած լինելով՝ նրա թշնամիների մտադրություններին երբեք հավանություն չէր տվել: Այս անձը, թեև նախանձոտներից երկնչելով, չհայտնեց, որ աշակերտել է Հիսուսին, բայց նրա մահից հետո այլևս ոչ մեկից չքաշվելով՝ ամենայն համարձակությամբ դիմեց Պիղատոսին ու խնդրեց Հիսուսի մարմինը՝ պատվով թաղելու համար: Պիղատոսը զարմանում է, որ Հիսուսն այդքան շուտ մեռել է, և երբ հարյուրապետին կանչելով ճշտում է նրա մահը, մարմինը տալիս է Հովսեփին:

Այդ ժամանակ Նիկոդեմոսը ևս, որ նախկինում գիշերով Հիսուսի մոտ էր եկել (ինչպես ԺԷ. հարցում հիշեցինք) հարյուր լիտրի չափ զմռսախառն հալվե է բերում (մեկ լիտրը 96 տիրեմ է) և Հիսուսի մարմինը խաչից իջեցնելով՝ հրեաների սովորության համեմատ (ինչպես սովոր էին անել մեծ մարդկանց) պատանում են խնկով հանդերձ: Սակայն որովհետև ժամն ուշ էր, և Հովսեփն այդ վայրին մոտ մի պարտեզ ուներ, որտեղ քարե փորված մի մեծ այր կար, ահա այս քարայրում իր համար փորել տված մի կռածո նոր գերեզմանի մեջ  թաղում են Հիսուսին և վրան կափարիչ վեմ դնելով՝ փակում: Այս վեմը ցայսօր մեր  Սուրբ Փրկիչ վանքում է գտնվում:

Պատմվում է, որ այդ նույն տեղում Երուսաղեմի Եզեկիա թագավորի Սոմնաս անունով վերակացուն իր համար գերեզման էր փորել տվել: Այս մասին Եսայի մարգարեն, նրան հանդիմանելով, վճիռ արձակեց, որ նա պետք է ամայի անապատում մեռնի (Եսայի 22:15): Արդարև, հիշյալ Սոմնասը, մարգարեի վճռի համաձայն, Բաբելոնի անապատում մեռավ, որից հետո Հովսեփ Արեմաթիցին գնեց այդ տեղը: Դարձյալ, Հիսուսի գերեզմանի վրա դրված կափարիչ վեմի մասին պատմվում է, թե (հիշված է երրորդ դարի ԻԲ. հարցում) այն քարն է, որ Հակոբ նահապետը, Խառան գնալիս հրաշալի տեսիլքը տեսնելուց հետո, զարթնեց և յուղով օծեց իբրև նշանաքար:

Այդ ժամանակ Մարիամ Մագդաղենացին և առաքինի այլ կանայք, գերեզմանի մոտ լինելով, տեսան, թե Հիսուսի մարմինը որտե՛ղ և ինչպե՛ս թաղեցին: Սրանք փափագեցին նորից զմռսելով օծել նրա մարմինը, և նրանցից ոմանք իսկույն գնացին ու պատրաստեցին  անուշահոտ յուղեր ու խունկ, իսկ Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը գերեզմանի առջև նստում են մի կարճ ժամանակ, բայց ժամանակը ուշանում է, ուստի այդ երեկո իրենց մտադրությունն ի կատար ածել չկարողանալով՝ խորհում են, որ շաբաթն անցնելուց հետո՝ կիրակի օրը գան և Հիսուսի մարմինը նորից օծեն, ինչպես իրենք էին փափագում:

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․