12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Ոմանք գտնում են, թե քահանա չէր և հրաման չուներ, որ ձեռք դիպցներ տապանակին: Դրա համար պատժվեց: Սակայն եթե քահանա չլիներ, ապա այնտեղ գտնվող քահանաները թույլ չէին տա, որ մոտենար տապանակին: Ոմանք նաև ասում են, թե նա հնարեց տապանակը սայլին դնելը, որ անկանոն էր: Քահանաներն այն լծակներով ուսերի վրա կվերցնեին: Դրա համար և պատժվեց: Իսկ ոմանք էլ ասում են, թե Օզան, ձեռք գցելով, թերահավատություն պատճառեց ժողովրդին, իբր թե Աստված չէր կարող պահպանել, եթե ինքը չբռներ: Ուստի հենց այդ պատճառով պատժվեց: Ուրիշները կարծում են, թե առանց մտածելու, անսպասելիորեն տապանակը թեքված տեսնելով, ապշեց և անմիջապես շտկեց, որի պատճառով հանկարծակի պատժվելն իր մեղքի քավությունը համարվեց:
Սակայն Գրիգոր Նարեկացին «Ի խորհուրդ սուրբ եկեղեցւոյ» շարադրյալ ճառում, տապանակը համարելով սուրբ եկեղեցու օրինակը, Օզայի պատժվելը բարոյապես այսպես է մեկնում. «Օզիելն այնտեղ մահացավ, որովհետև խաչյալ հոգի չունենալով` անմիջապես սպանվեց նույն պահին, քանի որ սայլին լծված անասունների նման երկրասեր էր, ուստի չպետք է սայլի վրայի տապանակին ձեռքով դիպչեր»: Սրանով մեզ ուսուցանում է, որ Օզիելը, առանց անհրաժեշտ ողջախոհության ու մաքրության, չունենալով խաչյալ մարմին` մոտեցավ Տիրոջ տապանակին: Եվ կամ քանի որ այն տապանակը քաշող սայլի կենդանիների նման երկրասեր ու հեշտասեր էր, պատժվեց Աստվածային Աջով: Սուրբ վարդապետը օրինակ է բերում այս միջադեպը` փաստելով, որ եթե մեկն այսպիսի անզգուշությամբ` առանց սրբության ու մաքրության, մտնի սուրբ եկեղեցի կամ մանավանդ սրբազան խորհրդին մոտենա, Աստծո արդար իրավունքով, հոգով կմեռնի և կդատապարտվի, ինչպես պատահեց Օզիելի հետ` Հին Օրենքում: