Երբ հավատացյալները բազմացան, ինչպե՞ս էին կառավարվում:

Շատ լավ, որովհետև բոլորը՝ որպես մի սիրտ ու մի մարմին, եղբայրական սիրով օգնում էին միմյանց, իսկ կարիքավորներին օրական ապրուստ կամ թոշակ տալու համար առաքյալների հաստատած կարգով նաև սպասավոր էր նշանակված: Թեև սրա հետ կապված՝ ոմանք արդարությանը հակառակ գործեցին, բայց երբ դա իմացվեց, իսկույն ըստ կարգի մուծեցին:

Այդ օրերում եբրայեցիների նկատմամբ դժգոհության ձայն բարձրացրին հելլենացիները, որոնց այրիներն օրական ապրուստի հարցում անտեսված էին: Այդ պատճառով առաքյալները, հավատացյալներին կանչելով, ասում են. «Ցանկալի չէ, որ մենք Աստծու խոսքը թողնենք ու սեղանին ծառայենք: Ընտրե՛ք Սուրբ Հոգով և իմաստությամբ լի յոթ մարդ, որոնց այս գործը հանձնարարելով՝ մենք աղոթքով և Աստծու խոսքը քարոզելով կզբաղվենք»:

Այս առաջարկը բոլորին դուր եկավ, և ընտրեցին Ստեփանոսին, որ լի էր Սուրբ Հոգով և հավատով, Փիլիպպոսին, Պրոքորոնին, Նիկանորին, Տիմոնին և անտիոքցի Նիկողայոսին: Առաքյալները, սրանց վրա ձեռքերը դնելով, աղոթում են ու սարկավագ ձեռնադրում: Այս կարգի հաստատումով հավատացյալների միջից դժգոհությունը վերացավ, և Աստծու խոսքը աճեց ու հավատացյալների թիվը Երուսաղեմում այնքան շատացավ, որ բազում քահանաներ ևս հավատացին Հիսուսին:

Հավատացյալները հատկապես շատ ուրախ էին այն մեծամեծ հրաշքների համար, որ սուրբ Ստեփանոսը ժողովրդի մեջ գործում էր Սուրբ Հոգու շնորհի զորությամբ: Որքան Հիսուսին հավատացողներն ուրախանում էին դրանով, անհավատ հրեաները, մանավանդ ուրիշ երկրներից եկող և Երուսաղեմում բնակություն հաստատողներից ոմանք, դրանից այն աստիճան են նեղսրտում, որ սկսում են թշնամաբար վիճել նրա հետ: Բայց երբ անկարող են լինում պատասխանելու, ստախոս մարդիկ դրդում են նրան զրպարտելու և վկայելու, թե Ստեփանոսը անարգեց Մովսեսին և Աստծուն:

Այսպիսի չար ու անիրավ դիտավորությամբ ժողովուրդը, քահանաներն ու օրենսգետները  բորբոքվելով իսկույն հարձակվում են նրա վրա և բռնի ուժով ատյան են բերում, որտեղ ստախոս անձինք վկայություն են տալիս, թե՝ «Այս մարդը չի դադարում սուրբ տեղում և օրենքի դեմ հայհոյություն անելուց: Մենք նրանից լսեցինք, որ ասում էր. “Նազովրեցի Հիսուսն այս տեղը քանդելով՝ Մովսեսի տված Օրենքը պիտի փոխի”»: Այս կերպ սուտ վկայություն տալով՝ սրանք զրպատեցին Ստեփանոսին, բայց նա այն աստիճան անվախ ու հանգիստ սրտով  էր կանգնած, որ բոլոր ժողովականները, նրան նայելով, տեսնում են նրա դեմքն իբրև «հրեշտակի դեմք»:

Արդարև, նրա հոգին զարդարված էր աստվածային շնորհով, և ի նշան դրա՝ դեմքը ևս հրեշտականման երևաց նույնիսկ իր հակառակորդներին, որպեսզի հասկանան և ուղղվեն: Բայց նրանք, արդարություն չճանաչող, համառ և անգութ մարդիկ լինելով, նրան հանիրավի քարկոծելով սպանեցին: Ուստի երբ քահանայապետը սուտ վկայի ասածները լսելուց հետո  հարցնում է, թե՝ «Ճշմարի՞տ է», Ստեփանոսը պատասխանում է. «Լսե՛ք ինձ, հայրե՛ր և եղբայրնե՛ր»: Եվ հայր Աբրահամի ժամանակից սկսած Սուրբ գրքում գրվածները պատմելով՝ հաստատում է, որ Հիսուսն է Մեսիան և Աստծու Որդին, և որպեսզի զղջան, նրանց թերություններն էլ է հայտնում: Որովհետև ինչպես իրենց հայրերը, այնպես էլ իրենք, միշտ Սուրբ Հոգուն հակառակ են ապրել. հայրերը՝ մարգարեներին սպանեցին, որոնք նախապես գրեցին Մեսիայի գալստյան մասին, իսկ իրենք, Մեսիային մատնելով, խաչի վրա սպանեցին նրան:

Նրա այս խոսքերը լսելով՝ ամենքը սաստիկ զայրանում են և ատամները կրճտացնում, բայց Ստեփանոսը, որ լցված էր Սուրբ Հոգով, դեպի երկինք է նայում և տեսնում Աստծու փառքն ու Հիսուսին՝ Աստծու աջ կողմում նստած, ուստի ասում է նրանց. «Ահա տեսնում եմ երկինքը բացված և Մարդու Որդուն, որ Աստծու աջ կողմում է կանգնած»: Այդ ժամանակ հիշյալ նախանձոտները, բարձրաձայն աղաղակ բարձրացնելով, փակում են իրենց ականջները և բոլորը միասին նրա վրա հարձակվելով՝ քաղաքից դուրս են հանում և այնտեղ քարկոծում նրան:

Ստախոս վկաները, որոնք Ստեփանոսի ոխերիմ թշնամիներն էին, թեթևաշարժ լինելու և ուրիշներից ավելի շատ քար նետելու նպատակով իրենց հագուսները հանում դնում են մի երիտասարդի մոտ, որ պահպանի դրանք: Այս երիտասարդի անունը Սավուղ էր (սա Սողոսն է, որ հետո առաքյալ դառնալով՝ Պողոս անվանվեց. թե սա ինչպես  հավատաց Հիսուսին և առաքյալ դարձավ, որտեղ և ինչու Պողոս անվանվեց, հետո պիտի հիշատակենք):

Հիսուսի հավատարիմ աշակերտ Ստեփանոսի՛ն նայիր. որովհետև ինչպես որ Հիսուսն ինքը աղոթեց իրեն խաչը հանողների համար, այնպես էլ սա իրեն քարկոծողների համար ներում է խնդրում՝ ասելով. «Ո՛վ հայր, սա նրանց համար մեղք մի՛ համարիր»: Եվ ապա ծնկի եկած,  «Ո՛վ Տեր Հիսուս, ընդունի՛ր հոգիս» ասելով՝ ննջում է: Արդարև, արդար մարդը որքան էլ տանջանքների մեջ լինի, նրա համար մահը քաղցր քուն է համարվում: Սողոսը կողմնակից էր Ստեփանոսի սպանողներին  և ըստ ամենայնի համակարծիք էր նրանց:

Այնուհետև հավատացյալները, նահատակի մարմինը թաղելով, մեծ սուգ ու կոծ արեցին նրա վրա:

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․