22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Չհանդարտվեցին, քանի որ մեծ աղմուկով նրա հետևից գնալով՝ աղաղակում էին. «Վերացրո՛ւ դրան»: Եվ այն աստիճանի աղմուկ էին բարձրացրել, որ զինվորները հազիվ կարողացան նրան զորանոց մտցնել: Այդ ժամանակ Պողոսն ուզում է խոսել հազարապետի հետ և հարցնում է. «Թույլ կտա՞ք, որ ձեզ մի քանի բան ասեմ»: Նա պատասխանում է. «Դո՞ւ ես այն եգիպտացին, որ սրանից առաջ չորս հազար անարժան մարդկանց ապստամբեցնելով՝ անապատ տարար»:
Պողոսը հազարապետին հայտնում է, որ ինքը հրեա է և տարսոնացի և խնդրում է, որ թույլ տա ժողովրդի հետ խոսել: Երբ խոսելու հրաման է ստանում,Պողոսը ձեռքերով լռելու նշան է անում ու սկսում է եբրայերեն խոսել՝ ասելով. «Ո՛վ եղբայրներ ու հայրեր, լսե՛ք ինձ»: Եվ հայտնում է, որ ինքը ազգությամբ հրեա է, Տարսոն քաղաքից, Երուսաղեմում աշակերտել է Գամաղիելին և մահու չափ ատել ու հալածել է Քրիստոսին հավատացողներին, և նրանց հալածելու նպատակով Դամասկոս գնալու ճանապարհին Հիսուսը երևացել է իրեն: Ապա հիշում է նրա ասած խոսքերը (ինչպես որ ԿԱ. հարցում է հիշատակված), նաև ինչպես նրա հրամանով մկրտվելուց հետո Երուսաղեմ գալով՝ տաճարում աղոթում է, ու մտահափշտակության ժամանակ Հիսուսը դարձյալ երևում է իրեն՝ ասելով. «Շուտ դո՛ւրս ել Երուսաղեմից, քանի որ քո վկայությունը չեն ընդունում: Քեզ պիտի ուղարկեմ հեռու տեղերում գտնվող հեթանոսների մոտ»: Այսպես Պողոսը հերթով մեկ առ մեկ պատմում է անցյալի դեպքերը:
Ամբոխը, որ մինչև այդ ժամանակ լուռ ունկնդրում էր, վերջին խոսքերը լսելով՝ այն աստիճան է զայրանում, որ ամենքը միաբերան սկսում են գոռալ. «Վերացրո՛ւ նրան, ապրելու արժանի չէ»»: Բացի այդ, իրենց հագուստներն էլ հանում են ու գետնին զարկում, որից փոշին օդ է բարձրանում: Մոլեգնող ամբոխի այս կատաղի շարժումներին նայելով՝ հազարապետը շատ է հետաքրքրվում, թե ո՛րն է Պողոսի հանցանքը, որ նրա դեմ այսքան բորբոքված աղաղակում են: Ուստի երբ նրան խոսել տալու համար պատրաստվում է կապել և ծեծել, Պողոսն ասում է. «Մի՞թե պատշաճ է մի անմեղ հռոմեացու ծեծելը»: Երբ հազարապետն իմանում է, որ նա հռոմեացի է, թեև վախենալով չի ծեծում Պողոսին, բայց հաջորդ օրը կանչում է քահանայապետներին ու հրեաների ծերերին, առաքյալին էլ ատյանի առջև է բերում, որպեսզի դեմ առ դեմ քննություն անցկացնի և ճշմարտությունն իմանա:
Մինչ Պողոսի թշնամիները կխոսեին, նա, ատյանում եղած բազմությանը նայելով, ասում է. «Եղբայրնե՛ր, մինչև այսօր ես ուղիղ մտքով եմ ընթացել Աստծու առջև»: Այս խոսքի վրա Անանիա քահանայապետը, նրա համարձակությունը չհանդուրժելով, իր սպասավորներին հրամայում է Պողոսի բերանին խփել: Սակայն որովհետև օրենքի առջև մարդու հանցանքը չհաստատած՝ նրան խփելը ապօրինություն էր, ուստի առաքյալն ասում է քահանայապետին. «Աստված էլ քեզ պիտի խփի, կրով ծեփված պատ, դու նստած ես, որ ինձ օրենքի համաձայն դատես, և օրենքին հակառակ հրամայում ես ինձ խփել»:
Այս պարագայում Անանիան արժանի էր իր ապօրինի վարմունքի համար հանդիմանության, այդ պատճառով չհամարձակվեց պատասխանել, բայց շուրջը գտնվողներն ուզում են առաքյալին ամբաստանել և նրան հանցավոր ցույց տալու համար ասում են. «Քահանայապետին ես անարգում»: Պողոսը պատասխանում է նրանց. «Քահանայապետ լինելը չգիտեի, եղբայրնե՛ր, որովհետև գրված է, որ ժողովրդի առաջնորդին չպիտի անարգես» (Ելք 22:28): Այս մասին Սուրբ Գրքի պատգամն է հիշում, որ չասեն, թե Գիրքը չգիտի:
Բացի այդ, տեսնելով, որ իր հակառակորդներից ոմանք փարիսեցի էին, իսկ ոմանք՝ սադուկեցի, որոնք թեև միմյանց հակառակ էին, բայց միաբանվել էին իր դեմ, կամենում է նրանց մեջ պառակտում մտցնել և բարձրաձայն ասում է. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ և փարիսեցու որդի: Ահա մեռելների հարության վրա հույս ունենալուս պատճառով է, որ այստեղ դատվում եմ»: Այդ ժամանակ փարիսեցիներն ու սադուկեցիները բաժանվեցին իրարից, որով ոչ միան բազմությունը երկու մասի բաժանվեց, այլև փարիսեցիներին Պողոսի խոսքն այնքան դուր եկավ, որ նրանցից ոմանք, ոտքի ելնելով, սկսեցին ընդդիմանալ սադուկեցիներին՝ ասելով. «Մենք այս մարդու մեջ հանցանք չեն գտնում. նրա բերանով Հոգին կամ հրեշտակը խոսեց»:
Սակայն սադուկեցիները դրանից ավելի կատաղեցին: Այդ պատճառով հազարապետը, վախենալով, որ միգուցե նրանք Պողոսին պատառ-պատառ անեն, զինվորներին հրամայում է, որ անմիջապես նրան վերցնեն ու զորանոց տանեն: Հաջորդ գիշեր Հիսուսը, նրան երևալով, ասում է. «Քաջալերվի՛ր, Պողո՛ս, ինչպես որ Երուսաղեմում ինձ համար վկայեցիր, այնպես էլ Հռոմում պետք է վկայես»: Իսկապես, այդ օրը Աստծու ողորմությամբ Պողոսն ազատվեց, բայց առավոտյան սադուկեցիներից ավելի քան քառասուն մարդ, միաբանվելով և իրենց նզովքի տակ դնելով, երդվում են չուտել ու չխմել, մինչև որ Պողոսին չսպանեն:
Սրանք իրենց ուխտն ու մտադրությունը հայտնում են քահանայապետներին, որպեսզի նրանք հազարապետին խնդրեն Պողոսին երկրորդ անգամ ատյան բերել՝ իբր թե գործն ավելի լավ քննելու համար, իսկ իրենք նրան սպանեն դեռ ատյան չհասած: Թեպետ նրանք հույս ունեին, որ այսպիսի խորամանկ հնարքով իրենց նպատակին կհասնեն, բայց որովհետև Աստված որոշել էր Պողոսի կյանքը դեռևս պահպանել, նրանք խայտառակ կերպով նզովքի տակ մնացին հավիտյան:
Պողոսի քրոջ որդին, նրանց խարդախ նենգությունն իմանալով, հայտնում է Պողոսին, նրա խորհրդով էլ՝ հազարապետին: Վերջինս մտածում է, թե միգուցե Պողոսին նենգությամբ սպանեն, ու իր մասին ասեն, թե կաշառք է ստացել, այդ պատճառով նամակ է գրում Կեսարիայում բնակվող Ֆելիքս կառավարչին և այդ գիշեր Պողոսին զինվորների հետ ուղարկում է Ֆելիքսի մոտ, որպեսզի նա դատի, քանի որ հռոմեացիների կողմից ինքն է կառավարիչ նշանակված: Երբ Ֆելիքսն իմացավ գործի էությունը, Պողոսին ասաց. «Երբ հակառակորդներդ գան, կլսեմ քեզ»: Այս խոստումը նրան տալուց հետո հրամայեց, որ Հերովդեսի ապարանքում պահեն նրան:
Երբ հազարապետը հրեաներին տեղեկացրեց, որ Պողոսին Կեսարիա է ուղարկել, հինգ օր հետո հիշյալ Անանիա քահանայապետը մի քանի ծերերի և Տերտյուղոս անունով ճարտարախոս մարդու հետ գնում է այնտեղ, որպեսզի Պողոսի դեմ գանգատ ներկայացնի նաև Ֆելիքս կառավարչին: Երկու կողմերը ներկայանում են ատյան, որտեղ Տերտյուղոսը Պողոսի դեմ այլևայլ զրպարտություններ առաջ քաշելուց հետո Լյուսիաս հազարապետի դեմ ևս բողոքում է՝ ասելով. «Մինչ մեր ազգի մեջ խռովություն բորբոքելու համար այս մարդուն (Պողոսին) տաճարում բռնելով պետք է դատեինք մեր օրենքի համաձայն, հազարապետը եկավ և բռնությամբ նրան առավ մեր ձեռքից»: Ներկա բոլոր հրեաները ևս նրա ասածը հաստատում են՝ ասելով. «Իրոք այդպես է»: Ուստի Ֆելիքսը նշան է անում առաքյալին, որ խոսի:
Այդ ժամանակ Պողոսը, խոսել սկսելով, հայտնում է, որ նրանց ասածը ամբողջապես հեռու է ճշմարտությունից, որ ինքը երբեք օրենքին հակառակ չի գործել, երկրպագելու համար տաճար գնալու օրից դեռ տասներկու օր չի անցել, և վերջապես մարգարեների գրքերում բոլոր գրվածներին և հանդերձյալ կյանքին ու մեռելների հարությանը հավատում է և հույսով սպասում: Ահա այս պատճառով սադուկեցիները թշնամություն են բորբոքում իր դեմ: Երբ Ֆելիքսը լսում է առաքյալի բերած պատճառաբանությունները, հասկանում է, որ նրանց վեճը կրոնական մի խնդրի է վերաբերում միայն, և ինքն էլ, դրա մասին բավական տեղեկություններ ունենալով, հայտնում է. «Երբ Լյուսիաս հազարապետն այստեղ գա, կորոշեմ ձեր հարցը»: Այս ասելով՝ արձակում է ժողովը, բայց հարյուրապետին հրամայում է Պողոսին բանտում ազատ պահել և նրա մոտ գնալ ցանկացողներին չարգելել:
Մի քանի օր հետո Ֆելիքսն իր հրեա կնոջ՝ Դրուսիղայի հետ գալիս է և Պողոսին իր մոտ կանչելով՝ քրիստոնեական հավատի մասին տեղեկություններ է ուզում ստանալ: Ուստի առաքյալը, առիթից օգտվելով, խոսում է արդարության, ժուժկալության և հանդերձյալ դատաստանի մասին: Թեպետ Ֆելիքսը նրա խոսքերի ազդեցությամբ սկսում է վախենալ, բայց որովհետև ուղղվելու նպատակով չէ որ այդ հարցով հետաքրքրվում էր, այլ շահասիրական դիտավորությամբ, ուստի առաքյալինասում է. «Դու այժմ գնա՛, երբ ժամանակ լինի, քեզ կկանչեմ»: Եվ իրոք, ժամանակ առ ժամանակ կանչում է ու նրա հետ խոսում:
Հիշյալ կառավարչի չարությո՛ւնը տես. նա թեև հաստատ համոզվեց, որ Պողոսը որևէ հանցանք չունի, բայց կեղծավոր ու ագահ լինելու պատճառով հրեաներից կաշառք վերցնելով՝ նրան երկու տարի բանտից չարձակեց՝ նրանց հաճոյանալու համար, մինչև որ ինքը պաշտոնանկ եղավ, և նրա փոխարեն կառավարիչ նշանակվեց Պորկիոս Ֆեստոսը: