Ֆեստոսն ո՞ւմ հանձնարարեց Պողոսին Հռոմ տանել:

Հուլիոս անունով մի հարյուրապետի: Սակայն Պողոսից բացի ուրիշ բանտարկյալներ ևս պետք է Հռոմի կայսրի ներկայությամբ դատվելու գնային, ուստի բոլորին շղթայված հանձնեցին Հուլիոսին՝ Իտալիա տանելու համար: Պողոսի աշակերտներից Ղուկասը և թեսաղոնիկեցի Արիստարքոսը ևս գնում են նրա հետ:

Երբ Կեսարիայից դուրս գալով՝ հասան Սիդոն, Հուլիոսը մարդասիրաբար հրաման տվեց, որ Պողոսը,  իր բարեկամների մոտ գնալով, պետք եղածը վերցնի: Այնտեղից մեկնելուց հետո քամին սկսեց հակառակ փչել, այդ պատճառով Սմիռա կոչված տեղը եկան, որտեղ ուրիշ նավ տեղափոխվեցին, որովհետև հարյուրապետը նավից գոհ չէր:  Բայց քանի որ ձմեռ էր, ճանապարհին մոլորվում են  և երբ Կրետեի Գեղեցիկ կոչված նավահանգիստն են հասնում, թեև Պողոսը հարյուրապետին առաջարկում է այնտեղ ձմեռել, բայց նրա առաջարկը չի ընդունվում, և ճանապարհ են ելնում: Իսկ փոթորիկը հետզհետե սաստկանում է, այնպես որ երկար ժամանակ  արև կամ աստղ չեն տեսնում: Ալեկոծության պատճառով նավի բեռները ծովն են թափում և առագաստներն իջեցնելով՝ ամբողջովին հուսահատ կացության մատնվում: Սակայն ինչպես վերևում հիշվեց, առաքյալն Աստծու կամքով անպատճառ Հռոմ պիտի գնար, ուստի այդ գիշեր հրեշտակն ասում է նրան. «Մի՛ վախեցիր, Աստված նավում գտնվող բոլորին քեզ պարգևեց»: Իսկ նրանք երկու հարյուր յոթանասուն հոգի էին:

Այդ ժամանակ Պողոսը, ամենքին քաջալերելով, ասում է. «Մի՛ վախեցեք նավից բացի ոչ ոք չի վնասվելու»: Եվ նրանց պատմում է հրեշտակի իրեն ասած խոսքերը: Սակայն տասնչորս գիշեր բաց ծովում նավը ծփում էր, և նավաստիները, կարծելով, թե մոտեցել են ափին, գունդը (խորաչափ գործիքը) ջուրն են գցում և քսան գրկաչափ ջուր են գտնում, իսկ երբ քիչ ժամանակ անց նորից են գցում, տասնհինգ գրկաչափ է լինում: Վախենալով, թե մի ժայռի կբախվեն, նավի հետևից չորս խարիսխ են նետում ծովը և  սպասում, որ լույսը բացվի:

Այդ ժամանակ նավաստիները, փրկության հույսը կորցրած, փախչելու մտադրությամբ նավակը ծովն են իջեցնում իբր թե նավի առջևի կողմից խարիսխ գցելու համար: Պողոսը, նրանց փախչելու մտադրությունը հասկանալով, հարյուրապետին ու զինվորներին ասում է. «Եթե սրանք նավի մեջ չմնան, դուք չեք կարող ազատվել»: Հիրավի, Պողոսը գիտեր, որ ըստ հրեշտակի՝ նավում գտնվողները պետք է ազատվեն, բայց քանի որ պարտավոր էր գործադրել նաև մարդկորեն հարկ եղածը, չէր ուզում, որ  նավաստիները փախչեն:

Եվ որովհետև տասնչորս օր էր, ինչ քաղցած էին, Պողոսն ամենքին կանչում է՝ ասելով. «Կերակո՛ւր կերեք, քանի որ ձեր մեկ մազը չպիտի վնասվի»:  Ինքն էլ Աստծուն գոհություն մատուցելուց հետո սկսում է ուտել, իսկ մյուսները նրա օրինակին են հետևում և զորանում են: Առավոտյան խարիսխների պարանները կտրելով՝ առանց ղեկի և առագաստի, քամու ուժով դեպի ափը քշվեցին, որով նավի առաջամասը ավազի մեջ խրվեց, իսկ հետևի կողմը քամու սաստկության պատճառով սկսեց քայքայվել: Սա տեսնելով՝ զինվորները կամեցան կապվածներին սպանել, որպեսզի նրանցից ոչ ոք չփախչի: Սակայն հարյուրապետը, Պողոսին ազատելու ցանկությունից մղված, զինվորներին արգելեց դա անել և հրամայեց, որ լողալ իմացողները լողալով, իսկ չիմացողները տախտակի կամ այլ բեկորների միջոցով մի կղզի հասնեն: Բոլորն այս ձևով ազատվեցին ու մի կղզի հասան, որի անունը Մելիտինե էր:

Որովհետև այդ ժամանակ սաստիկ ցուրտ էր ու անձրև, տեղացիները նրանց համար խարույկ  են վառում: Երբ Պողոսը կրակի վար ցախ էր դնում, մի իժ խայթում է նրա ձեռքն ու այդպես կախված մնում, և տեղի բնակիչները, այդ տեսնելով, ասում են իրար. «Ուրեմն այս մարդը մարդասպան է, որ  ծովից ազատվեց, բայց արդարությունը թույլ չի տալիս, որ ապրի»: Որովհետև իժին նրա թևից կախված տեսնելով՝ սպասում էին, որ նա ուռչելով իսկույն կմեռնի: Բայց երբ Պողոսը իժը կրակի մեջ նետեց, և շատ ժամանակ անց նրան ոչինչ չպատահեց, իրենց խոսքը փոխելով՝ ասացին. «Մի աստված է սա», որովհետև կռապաշտ լինելով՝ կարծեցին, թե կուռքերից մեկն է այդ հրաշքը գործողը:

Երբ այս հրաշքի լուրը տարածվեց, Պոպղիոս անունով անձը, որ տեղի գլխավորն էր, Պողոսին երաշխավոր եղավ և իր տունը տանելով՝  երեք օր մեծ պատիվ ցույց տվեց: Բացի այդ, քանի որ նրա հայրը արյունալուծով պառկած էր, Պողոսն աղոթեց, և հիվանդի գլխին ձեռքը դնելուն պես նա իսկույն առողջացավ: Ուրիշ շատ հիվանդներ ևս գալիս են և առաքյալի շնորհիվ բժշկվում: Այս պատճառով տանտերը մեծ հյուրասիրություն ցույց տալուց բացի ճանապարհի համար հարկ եղածն էլ է տալիս նրանց:

Երեք ամիս հետո Մելիտինե կղզուց նավ են նստում և ճանապարհին մի քանի տեղ մտնելուց հետո Հռոմ են հասնում, որտեղ տեղի հավատացյալները մեծ պատվով  դիմավորում են Պողոսին, որը նրանց տեսնելով՝ գոհություն և փառք է տալիս Աստծուն: Եվ որովհետև նրա հետ ուրիշ բանտարկյալներ ևս կային, կառավարության հրամանով նրանց ուրիշ տեղ են բանտարկում,  իսկ Պողոսին պատվիրում են մինչև կայսրին ներկայանալը մի տան մեջ՝ իբրև ազատ բանտում բնակվել իր պահպանության համար հատկացված մարդու հետ: Բայց նրա մոտ այցելությունները չէին արգելել: Ահա այս կերպ Պողոսը երկու տարի մնաց բանտում, և իր մոտ եկող-գնացող հրեաներին ու հեթանոսներին քարոզելով՝ շատերին Քրիստոսի հավատին դարձրեց: Մանավանդ կայսրին ներկայանալուց հետո ազատություն ստանալով՝ շատ մեծ համարձակությամբ քարոզում էր Աստծու խոսքը:

 

Այստեղ վերջանում էԱռաքյալների գործերը գիրքը: Նրանք, ովքեր ցանկանում են տեղեկանալ թե՛ Պողոսի, թե՛ ուրիշ առաքյալների և յոթանասուներկու աշակերտների մասին եղած գրվածքներին, պետք է դիմեն եկեղեցու պատմությանը, որովհետև Հիսուսի պատվիրանի համաձայն (տե՛ս ԾԶ. հարցը) ամբողջ աշխարհում շրջելով՝ նրանք քարոզեցին և հրաշքներ գործեցին, միաժամանակ առաքինության օրինակ տալով բոլորին՝ մարդկանց հոգիները Սուրբ Հոգու շնորհով այնպես լուսավորեցին, որ հավատացողներն աշխարհի զվարճությունները, ունեցվածքն ու մեծությունը արհամարհելով՝ ի սեր Հիսուսի զանազան  տանջանքներ հոժարակամ կրեցին, շատերն էլ իրենց արյունը հեղելով՝ նահատակ եղան, որպեսզի երկնքի անվախճան հոգևոր թագավորության մեջ ուրախ ու երջանիկ լինեն:

Արդարև, կատարվեց Հիսուսի այն խոսքը (տե՛ս ԻԹ. հարցը), որով ավետարանի քարոզությունը նմանեցված էր մանանեխի հատիկին, խմորին և հրին, որովհետև քրիստոնեական հավատի ճշմարտությունը արևի լույսի պես հայտնի դարձավ, և դա ոչ թե մարդկային զորությամբ և բազկի ուժով, այլ միմիայն Աստծու շնորհի ու նրա գերագույն կարողության զորությամբ հաստատվեց: Այս պատճառով Սուրբ Գիրքը գրում է, որ նա, ով կհավատա, որ Հիսուսն է Մեսիան (Քրիստոսը) և Աստծու Որդին, աշխարհին կհաղթի Աստծու շնորհներով:

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․