12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Այս հարցի շուրջ շատ վիճաբանություններ են առաջանում մեկնիչների ու աստվածաբանների միջև: Ոմանք այս խոսքը պարզապես կարդալով` Նեեմանի գործը դատապարտելի են համարում, իսկ մարգարեի տված պատասխանը` կեղծավորություն հավատի հանդեպ, այսինքն` մտովի Աստծուն պաշտել, իսկ մարդկանց աչքին բացահայտ կռապաշտ ձևանալ:
Ոմանք կամենում են, որ երկուսին էլ բամբասանքից ազատեն: Ասված խոսքը համարում են անցյալի մեղք: Իբր մարգարեն աղոթում է Նեեմանի համար, որպեսզի նրա անցյալի կռապաշտական մեղքերին թողություն տրվի կամ թերևս այդ չար սովորությունը նրանից վերցվի, քանի որ սովորություն էր դարձրել` իր թագավորի հետ Ռեմանի կուռքին երկրպագել:
Այդ միտքը բնագրին չի համապատասխանում: Ուրեմն` ըստ ողջամիտ մեկնիչների ու աստվածաբանների մեծագույն մասի, Նեեմանի խոսքն իր անցյալ կռապաշտության մասին չէր և ոչ էլ համաձայնություն էր խնդրել` մարդկանց աչքին կուռքերին երկրպագելու: Եղիսեն նույնպես այդ առիթով թողտվություն չարեց: Այլ թույլ տվեց լոկ կռատուն գնալ թագավորի հետ և թագավորիէ երկրպագություն արած ժամանակ նրան իր ձեռքը տալ, որի պատճառով ինքը ևս ստիպված էր խոնարհվել:
Նեեմանի այս գործողությունն արտաքնապես պարզ ու քաղաքական պաշտոն էր, որ մատուցում էր թագավորին ոչ միայն կռատանը, այլ` ամենուր, ուր գնում էր թագավորը: Եվ Նեեմանն իր միտքը լիովին հայտնեց Եղիսեին ոչ ծածկաբար, այլ հայտնապես, բոլոր ասորիների առջև, որոնք այնտեղ էին նրա հետ. քանզի ճշմարտապես համոզվեց, որ չկա Աստված երկրի վրա: Եվ խոստացավ հետայդու զոհեր չմատուցել օտար աստվածների, այլ միայն երկնքի ու երկրի Աստծուն: Ուստի Իսրայելի երկրից հող ուզեց, որ հետը Դամասկոս տանի, այնտեղ առանձին սեղան կանգնեցնի` Աստծուն հայտնապես պաշտելու համար:
Արդ` օտար չաստվածներին այսպես բացահայտ դուրս գցելը և բոլորի առջև Իսրայելի Աստծուն պաշտոն մատուցելը բավական էր` ցանկացած կասկած ու կեղծավորության մեղադրանք իրենից վերցնելու համար, ինչը բոլորին հայտնապես ցույց տվեց, որ այն գործըիր թագավորին մատուցած քաղաքական պաշտոն էր միայն: Սակայն խիղճը հանգստացնելու համար Եղիսեից ներողություն խնդրեց: Ամեն ինչի այսպես լինելը և Նեեմանի մտքի շիտակությունը Եղիսեն իմացավ աստվածային շնորհով և թողություն տվեց Նեեմանին ոչ թե մարդկային կարծիքի հիման վրա, այլ` Երկնավոր Լույսով: Այսինքն` այդ պաշտոնին մնալով` Նեեմանը չի վնասում իր աստվածապաշտությանը: