Հարց 73 – Եսայու մարգարեության մեջ գրված է. «Այն օրը յոթը կին պիտի բռնեն մի տղամարդու և ասեն. «Մեր հացը կ՚ուտենք և մեր զգեստը կհագնենք, միայն թե քո անունը լինի մեզ վրա. մեր այրիության նախատինքը վերացրո՛ւ մեզնից» (Եսայի 4:1): Մենք այս խոսքից ի՞նչ պետք է հասկանանք:

Պատասխան – Քանի որ երրորդ գլխում հռոմեացիների ձեռքով Երուսաղեմի կործանման մասին է մարգարեանում և այս չորրորդ գլխից հետո՝ մարգարեանում է այն, ինչ պիտի հետևի կործանմանը. ուստի ցույց է տալիս, որ այնքան մարդ պիտի կոտորվի թե՛ սղությամբ, թե՛ պատերազմով և թե՛ մեկ այլ նեղությամբ, որ յոթը կնոջը հազիվ մեկ տղամարդ բաժին ընկնի: Այսպես են մեկնում Հերոնիմոսն ու Կյուրեղը՝ ըստ նկարագրական մեկնության:

Իսկ սուրբ Բարսեղը գտնում է, որ յոթը կանայք մատնանշում են Հին Օրենքի բոլոր ժողովուրդները: Իր հացով, այսինքն՝ իր օրենքով մեկ մարդ են բռնում, որ է Քրիստոս: Նա կամենում է ազատել հոգևոր ամլության նախատինքից: Սա ևս ընդունելի մեկնություն է: Սակայն մեզ անհրաժեշտ է մտածված մեկնություն տալ: Այսինքն՝ յոթը կանայք ասելով այնչափ ժողովուրդ ենք հասկանում, որքան հեթանոսությունից դարձան քրիստոնեական հավատքին: Նրանք Քրիստոսի սիրով հաստատ ունենալով այդ հավատքը՝ ասում են. «Մենք մեր հացը կուտենք»: Այսինքն՝ եթե հավատք ես ուզում, ահա՛ քանանացու հավատքի նման հավատք: Եթե կամենում ես հավատքը բարի գործով զարդարել՝ ինչպես հանդերձով, ահա՛ քեզ Զակքեոսի գործի նման գործ, որ իր կարողության  կեսը աղքատներին բաշխեց, և ով զրկանք էր կրել, փոխարենը նրան չորս անգամ ավելին տվեց: «Միայն թե քրիստոնյայի անունը մեզ վրա լինի: Վերցրո՛ւ մեր վրայից նախատինքի արժանի անունը, այսինքն՝ հեթանոս բառը և մի՛ ասա, թե ո՞ւր ուղարկեցի, եթե ո՛չ Իսրայելի տան կորուսյալ ոչխարների հետևից»:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․