22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Պատասխան – Եթե ուշադիր ընկալեր Սուրբ Գրքի ներքին իմաստը, կարող էր հասկանալ: Սակայն Աստված արգելք եղավ այդ շնորհների լուսափայլատակմանը: Այդ պատճառով էլ տարակուսանքի մեջ էր մնացել: Իր ամբարտավանությունից ելնելով՝ անհավանակն էր համարում Աստծո մարդեղությունը: Մանավանդ գտնում էր, թե նախատինք է մարգարեների գուշակած չարչարանքները հանձն առնելը: Եսայու մարգարեությունից չար սատանան գիտեր, որ Հիսուս մեծամեծ հրաշքներ պիտի գործի, սակայն տեսնում էր, որ մինչ այդ պահն այդպիսի բան չպատահեց:
Ծննդյան ժամանակ եղած սքանչելիքների ականատեսն էր. տեսել էր օտար թագավորների՝ նորատեսիլ աստղի առաջնորդությամբ երկրպագության գալը: Բայց երբ մանկակոտոր Հերովդեսի ահից Եգիպտոս փախավ, տարակուսեց՝ մտածելով, թե արդյո՞ք վայելում է Աստծուն այսչափ նվաստանալ: Իմացավ Աստծո Որդի լինելը, երբ տեսավ տասներկու տարեկանում Տաճարում նստելը, հրեաների վարդապետների հետ խոսելը և այնպիսի գերիմաստությամբ տրամաբանելը: Սակայն հետո տեսնելով Հովսեփին որդիական խոնարհություն դրսևորելը՝ վերստին տարակուսեց:
Մկրտության օրը երկնքի բացվելը, Սուրբ Հոգու աղավնակերպ էջքը, Հայր Աստծո վկայելը. «Դա է իմ սիրելի որդին» ասելը գիտեր, սակայն արդյո՞ք էական Որդի է, թե շնորհական, չհասկացավ: Տեսավ, որ անապատում քառասուն օր ծոմ պահեց, ենթադրեց Աստծո Որդի լինելը, բայց հետո երբ քաղց զգաց, վերստին տարակուսեց՝ ասելով, թե Նա սոսկ մարդ է՝ Մովսեսի ու Եղիայի նման, որովհետև նրանք ևս քառասուն օր ծոմ պահեցին:
Վերջապես ստույգ չկարողացավ իմանալ, թե Նա՞ է իսկապես Աստծո Որդին: Պողոս Առաքյալը վկայում է. «Եվ այս աշխարհի իշխաններից ոչ մեկը չճանաչեց այն, որովհետև, եթե ճանաչված լիներ, արդարև փառքի Տիրոջը չէին խաչի» (Ա Կորնթ. 2:8): Այսինքն՝ եթե սատանան կամ նրան հետևողները հասկանային, թե Հիսուս է Աստծո Որդին, Հուդային և հրեաներին չէին թելադրի, որ խաչեն: Անտեղյակության պատճառով հենց սկսեց անապատում փորձաքննության ենթարկել Նրան: