Հարց 99 – Երրորդ՝ «Սատանան նորից նրան առավ տարավ մի շատ բարձր լեռան վրա և ցույց տվեց նրան աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը և նրան ասաց. «Այս բոլորը քեզ կտամ, եթե գետին ընկնելով ինձ պաշտես» (Մատթ. 4:8,9):

Պատասխան – Առաջին և երկրորդ հարցերը նպատակին չծառայելուց հետո, բանսարկուն աշխատեց բարկացնող բան ասել: Տարավ մի բարձր լեռան վրա և սկսեց մատնացույց անել, թե «այնտեղ ասորիների թագավորությունն է, այսինչ տեղը՝ քաղդեացիներինը և այլն. ահա այս ամենը Քեզ կտամ, եթե ինձ երկրպագես»: Ինքն իր հպարտությունից ելնելով էր ասում, որ եթե Աստծու Որդի է, պետք է այս խոսքից առավել ևս բարկանա՝ ասելով. «Ի՞նչ ես ասում, ո՛վ չար բանսարկու, ես, մարդացյալ Աստված լինելով, քեզ երկրպագե՞մ. ես Ճշմարիտ Աստծո Որդի լինելով՝ քեզ նման չար ծառայի՞ն երկրպագեմ»:

Բայց այս անգամ ևս իր փափագին չհասավ և խայտառակվեց առաջիններից ավելի, քանզի սատանան մարդկային կերպարանքով էր երևացել Հիսուսին: Մինչ այս հարցը Հիսուս այնպես ձևացրեց, իբր թե չգիտեր սատանա լինելը: Սակայն այժմ մեծ խայտառակությամբ հալածեց նրան՝ ասելով. «Ետևս գնա, սատանա՛, որովհետև գրված է՝ պիտի երկրպագես քո Տեր Աստծո՛ւն և միայն նրա՛ն պիտի պաշտես» (Մատթ. 4:10): Եվ իսկույն հալածեց պիղծ բանսարկուին, որ չկարողացավ իր փափագին գոնե որևէ ձևով հասնել և իմանալ Աստծո Որդի լինելը:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․