12 Հոկտեմբեր, Շբ
Աստվածաշունչը մեզ տալիս է բազմաթիվ խորհուրդներ, թե ինչպես աղոթել: Այսպես, Սուրբ Գիրքն ասում է. «արդարի աղօթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է» (Հակ. 5:16), «Տիրոջ աչքերն ուղղուած են արդարներին, իսկ ականջները՝ նրանց աղօթքին» (Սաղմ. 33:16): Անշուշտ, Աստված լսում է մեր աղոթքները։ Սակայն պետք է համոզվենք, որ մեր աղոթքները համապատասխանում են Աստծո կամքին։ Աղոթողն ունի այն վստահությունը, որ ինչ էլ խնդրի, ըստ Տիրոջ բարեսեր կամքի, նրա աղոթքը կլսվի (Ա Հովհ. 5:14): Եթե մեկն ուզում է, որ Աստված լսի իր աղոթքները, թող նախ ճիշտ ապրի: Նախ պետք է, որ աղոթքով փնտրենք Աստծո արքայությունը և արդարությունը, և ինչպես Տերունական աղոթքում ենք ասում, թող կատարվի Աստծո կամքը: «Աղոթք անելիս շատախոս մի եղեք, ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի համար լսելի կլինեն» (Մատթ. 6:7): Տերունական աղոթքը լավագույնս ցույց է տալիս ինչպես աղոթելու կերպը և միակ աղոթքն է, որ ավանդված է Քրիստոսի կողմից: Կարող ենք նաև աղոթել մեր իսկ բառերով՝ մեր հավատքի համաձայն: