Բարև Ձեզ, խնդրում եմ կսրո՞ղ եք ասել, թե ինչ ուժ կամ նշանակություն ունի ընկերոջ աղոթքը: Ես երբմն ընկերներիս ասում եմ, ինձ էլ հիշեն իրենց ացոթքներում կամ ինձ համար աղոթեն, շատերը լուրջ չեն վերաբերում և ասում են, որ ամն ոք իր համար պիտի աղոթի: Շնորհակալություն

Առհասարակ աղոթքը հարաբերություն է Աստծու հետ։ Երբ որևէ մեկն աղոթում է Տիրոջը, այդպիսով նա բացում է իր սիրտն Արարչի առաջ։ Աղոթքներն, ըստ բովանդակության, տարատեսակ են։ Գոհաբանական, երբ մեր երախտիքն ենք հայտնում Աստծուն, փառաբանական, երբ գովերգում ենք Բարձչյալի անսահման փառքը, հայցողական, երբ խնդրում են Տիրոջ զորակցությունը մեր կյանքի ճանապրհին, և այլն, և այլն։ Աղոթքի ամենադասական օրինակը մեզ տալիս է Սաղմոսաց գիրքը, որն, իդեպ ևս բովանդակային առումով բաղկացած է խիստ տարաբնույթ աղոթքներից։ Հակոբոս Առաքյալն իր ընդհանրական նամակում գրում է․ «Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցեք և միմյանց համար աղոթք արեք, որպեսզի բժշկվեք․քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է» (Հակ․5․16)։ Ահա թե ինչու պետք է մենք շարունակաբար աղոթենք Աստծուն ոչ միայն ինքներս մեր, այլ մեր մերձավորների և, առհասարակ, բոլորի համար։ Որովհետև, ի վերջո, բոլոր մարդիկս էլ արատավոր ենք մեր կենցաղավարության, ուստի և սրբության ճանապարհին, սակայն, ինչպես վերստին Սուրբ Գիրքն է ուսուցանում․ «Աստված այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ․ մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին» (Ա Թագ 16․7)։ Եվ ով գիտե, գուցե մեր՝ մեղավորներիս մի անկեղծ աղոթքը լսելի լինի Ողորմած Աստծուն և անարժանաբար արդարություն համարվի այն մեզ համար և մխիթարություն մեր սիրելիների հոգիներին։

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․