Հարց 61 – Երբ Մովսեսը ծնվում է մորից, մայրը շինված արկղ է առնում, ծեփում կպրաձյութով, զավակին դնում մեջը և գցում գետի մի կողմը՝ վախենալով Եգիպտոսի մանկակոտոր թագավորից: Այս մոր արարքն արդյոք որդեսպանություն չի՞ համարվում:

Պատասխան - Ո՛չ, քանզի Հովսեփիոսը պատմում է, թե մանկակոտոր եգիպտացիների իշխանության ժամանակ Մովսեսի հայրը՝ Ամրամը, իմանում է, որ իր Հովաքեբել կինը հղի է: Նա անհնարին նեղության մեջ է ընկնում՝ ապավինելով Աստծո օգնությանը: Տեսիլքով Աստված երևում է նրան և սիրտ տալով՝ մխիթարում: Տերն ասում է, որ նրա ժողովուրդը պիտի ազատվի ծանր ծառայությունից այն տղայի միջնորդությամբ, որ իր կինն է ծնելու: Սրանով զորանում են Մովսեսի ծնողները: Երբ մանուկը ծնվում է, որոշում են գաղտնի տան մեջ սնուցել: Բայց երեք ամսից հետո շատ են վախենում, որ հանկարծ չլինի, թե տղայի հետ իրենց ևս սպանեն: Աստծուն հանձնելով մանկան ազատվելը, որոշում են արկղի մեջ դնել և գետը գցել:

Որ այս արարքը մարդասպանություն չէր և որ Աստծուն ապավինելով մանկանը գետը գցեցին, վկայում է Պողոս առաքյալը. «Հավատո՛վ է, որ երբ Մովսեսին ծնեցին, նրա ծնողները երեք ամիս թաքցրեցին նրան, քանզի տեսան կայտառ մանկանը և չվախեցան թագավորի հրամանից» (Եբր. 11:23): Ուրեմն որդեսպանություն չէ, քանզի գիտեին, որ Աստծո նախախնամությամբ պիտի ապրի: Եվ ապրեց՝ թագավորի Թերմութիս անունով դստեր միջնորդությամբ:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․