Հարց 44 – Սուրբ Երրորդության երեք անձինք միմյանցից անբաժանելի են: Ապա ինչո՞ւ էր Միածին Որդին խաչի վրա աղաղակում Հորը. «Աստված ի՛մ, Աստված ի՛մ, ինչո՞ւ ինձ թողեցիր»:

Պատասխան – Սովորաբար Քրիստոս Իր կատարած բոլոր գործերը Հայր Աստծուն էր վերագրում և շատ անգամ մեր բերանով, իբրև միջնորդ, Հայր Աստծուն էր աղաչում: Ինչպես Սուրբ Ներսես Շնորհալին է ասում. «Փարելի բարբառով Էլի Էլի էր կանչում Հայր Աստծուն»: Ուրեմն, այդ «ինչո՞ւ ինձ թողեցիր» ասվածն Իր համար արված աղաչանք չէր, այլ՝ մեզ համար: Ուստի Գրիգոր Աստվածաբանը Որդու այս խոսքի մասին ասում է. «Աստված ի՛մ, Աստված ի՛մ, ինչո՞ւ ինձ թողեցիր». Քանզի Նա չթողնվեց Հորից կամ Իր աստվածությունից, ինչպես թվում է ոմանց, թե չարչարանքներից զարհուրեց և որի համար չարչարողից քաշվեց: Որովհետև ո՞վ հարկադրեց Նրան ցած իջնել և խաչ ելնել. Այլ Ինքն Իրեն, ինչպես ասացինք, օրինակ ցույց տվեց մեզ, որովհետև մենք՝ բարձիթողիներս ու անտեսվածներս, չարչարանքներից փրկվեցինք Նրա չարչարանքներով: Ինչպես որ մեր հիմարությունն ու մեղքերը Իր վրա է վերցնում՝ ասելով. «Հեռացա իմ փրկությունից՝ իմ հանցավոր խոսքերի պատճառով»: Եվ ուսանելով Նրանից հնազանդություն, աղաղակել, արտասվել, աղաչել և լսելի լինել ու զարհուրել, սքանչելապես համապատասխանեցնում ենք մեզ: Կոռնելիոսն այս մասին ասում է. «Քրիստոս խոսում էր մարդկային բնության բերանով, որի երաշխավորն էր»: Իսկ եթե ասես, թե Քրիստոս մեր բնությամբ մեզ համար էր աղաչում, չես սխալվի, քանզի Շնորհալին այսպես է ասում. «Էլի Էլի էր աղաղակում, իմ փոխարեն Իր Հորն էր աղաչում»:

Դարձյալ »ինչո՞ւ թողեցիր ինձ» խոսքով իբր կամենում է ասել, թե «այս համառ ու խստասիրտ հրեաների համար ինչո՞ւ թողեցիր Ինձ չարչարվել, որովհետև Իմ փրկական չարչարանքով օգուտ չկա սրանց, այլ ընդհակառակը՝ ավելի պիտի խստանան»:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․