Պատժից հետո Կայենը ի՞նչ եղավ:

Վերին աստիճանի վատթար վիճակի էր մատնվել, քանի որ Աստված Ադամի հանցանքի ժամանակ անիծելիս ոչ թե Ադամի անձին, այլ երկրին էր այն ուղղված. միայն Կայենին տրված անեծքը նրա անձի վրա թափելով (Ծննդ. Դ 11), թե Աստծո շնորհներից, թե երկրային և երկնային օրհնություններից զրկվեց, և ինչպես որ անմշակ և խոպան մնացած արտը փշերով է լցվում, այդպես էլ Կայենի մեջ ամեն տեսակ չարությունների սերմեր ծլեցին և աճեցին: Վերջ ի վերջո Նայիդ կոչված գավառում բնակվելով, նրա սերունդը բազմացավ և այնտեղ մի քաղաք կառուցելով, իր որդու անունով կոչեց այն, քանի որ իր անունը բոլորի համար ատելի էր:

Կայենի կողմից երկրի վրա առաջին անգամ քաղաք կառուցելուց կարող ենք ենթադրել, որ երկնային արքայության հույսը ամբողջությամբ կտրած՝ միայն մարմնական ցանկություններին էր անձնատուր եղել: Այսպես թշվառականը, բոլոր առումներով, Աստծո բարության հիշատակն անգամ մոռանալով, օր օրի չարության մեջ այնքան առաջ գնաց, որ, ասվում է թե, վերջապես իր թոռի թոռ Ղամեքի ձեռքով անասունի նման մահացավ: Որովհետև հիշյալ Ղամեքը մի օր իր ծառայի հետ անտառում որս փնտրելու ժամանակ, Կայենն էլ այնտեղ ծառերի մեջ էր գտնվում, և ծառան կարծելով, որ այնտեղ ինչ որ կենդանի կա, Ղամեքին տեղեկացրեց և նա էլ չիմանալով՝ նետահարեց և սպանեց նրան, սակայն կարծեցյալ որսի Կայենը լինելը հայտնի դառնալուն պես, Ղամեքը բարկանալով ծառային էլ սպանեց (Ծննդ. Դ 23):

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․