Ինչպես որ բարձր վայրում կանգնածը ավելի է վախենում, որ չընկնի, նույնպես էլ Աբրահամի փառքը, որքան ավելանում էր, նույնքան էլ խոնարհ սրտով երկնչում էր, որ Աստծուն չբարկացնի: Որքան Աբրահամը խոնարհվում է, այդքան Աստծո օգնությունն է հայտնվում (Ղուկ. 13:11): Որի համար էլ Աստված մխիթարում և քաջալերում է նրան, որ չերկնչի (Ծննդ. 15:1): Մինչ այդ Աբրահամը Աստծուց ոչինչ չէր խնդրել, և դեռևս որդի չունենալու համար այս անգամ խնդրում է, որ գոնե իր հավատարիմ ծառա Եղիազարը իր ժառանգը լինի, (հիշյալը նրա տան վերակացուն էր և մանկությունից ի վեր իր մոտ մեծացած լինելով զավակի նման սիրում էր):
Սակայն Աստված, Եղիազարին նրան ժառանգ կարգելու փոխարեն, հայտնում է, որ նրա զավակները երկնքի աստղերի նման անհաշիվ պիտի լինեն (Ծննդ. 15:5): Կարծես թե ասելու լիներ Աստված. «Ո՛վ Աբրահամ, դու բավականանում ես քո ծառայի քեզ ժառանգ լինելով, սակայն քո ժառանգը պիտի քո որդին լինի և ոչ թե միայն աշխարհի հարստության և ստացվածքի, այլ մանավանդ երկնքի արքայության, որովհետև ով որ քեզ նման կատարյալ հավատով և սիրով Աստծուն հնազանդվելով Մեսիային հավատա՝ նա քո հոգևոր որդին համարվելով՝ աստղի նման պիտի փայլի երկնքում»: Ինչպես որ քրիստոնյաները՝ Աբրահամի հոգևոր զավակները լինելով, երկնքի աստղերին են նմանեցվել, իսկ հրեաները՝ մարմնավոր որդիներ լինելով, երկրի ավազին են նմանվում:
Հիրավի, Աբրահամը Աստծո խոստմանը հավատալով՝ իր արդարությունը հայտնի դարձավ (Ծննդ. 15:6), սակայն իր սրտի խնդությունից միանգամայն շտապում է հարցնել Աստծուն, թե ինչպես պիտի խոստացած երկիրը գրավի և տիրանա դրան (Ծննդ. 15:8): Մի կարծիր, թե Աստծո խոստմանը տարակուսելով է այս հարցը տալիս, այլ ձևի և կերպի մասին տեղեկություն ստանալու համար է խնդրում, որպեսզի Աստված մի նշանով հայտնի, թե երբ և ինչ եղանակով պիտի գործադրի իր խոստումը:
Արդ, թե ե՞րբ և ինչպե՞ս Աբրահամի սերնդին խոստացված երկիրը ժառանգելը հայտնելու համար հրաման է տրվում նրան, որ երեք տարեկան մի երինջ, մեկ արու այծ և մեկ խոյ վերցնի և դրանց երկու մասի բաժանելով իրար դեմ դիմաց դնի, նույնպես մեկ տատրակ և մեկ աղավնի վերցնի, սակայն դրանց ձեռք չտա: Երբ Աբրահամն ամեն ինչ ըստ հրամանի արեց, թռչունները այդ մսերի վրա էին իջնում և արևը մայր մտնելիս հիշյալի (Աբրահամի) վրա մի թմրություն, երկյուղ և խավար իջավ, և կրակի բոցախառը ծուխը այդ մսերի միջով անցնում էր:
Երբ Աբրահամը այս վիճակի մեջ էր, նրան ասվեց. «Իմացի՛ր, որ քո զավակները օտար երկրում և պանդխտության մեջ 400 տարի պիտի չարչարվեն (Ծննդ. 15:13) և իրենց չարչարող ազգը պիտի պատժվի, հետո բազում ստացվածքներով Քանանի երկիրը պիտի վերադառնան»: Արդարև այսպիսով Աստված Աբրահամի հետ ուխտ կապեց (Ծննդ. 15:18), որով հայտնի դարձավ, որ նրա սերունդը Եգիպտոսում պիտի չարչարվի և հետո ազատվելով Քանանի երկրին պիտի տիրանան: Ինչպես որ Մովսեսի միջոցով Իսրայելի ժողովրդի Եգիպտոսից դուրս գալը և չորրորդ դարում Հեսուի առաջնորդությամբ Երուսաղեմի կողմերում տիրապետելը Ս. Գրքի մեջ ընդարձակորեն պատմվում է:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902