Քանի՞ տարեկան էր Իսահակը, երբ ամուսնացավ:

Քառասուն տարեկան էր: Սակայն Աստված այնպես կամեցավ, որ ինչպես Աբրահամը երկար տարիներ զավակ չէր ունենում, նույնպես 19 տարի անցավ առանց Իսահակի համար զավակ լինելու և սակայն նա, առանց հուսահատվելու, աղոթում էր առ Աստված, որ իրեն որդի պարգևի (Ծննդ. 25:21):

Հիրավի, ինչպես վերը նշեցինք, Աբրահամին տրված խոստումը Իսահակով էր կատարվելու, և, հետևաբար, նա շատ զավակներ պիտի ունենար, քանի որ Աստված հավատարիմ է Իր տված խոստմանը, սակայն խոստման գործադրության համար ցանկանում է, որ մարդը իր կողմից կատարյալ հավատով խնդրի, որպեսզի նրա հույսը միշտ Աստծո վրա լինի և Աստծո բարերար և շնորհատու լինելը հայտնի դառնա (ինչպես որ ասվում է՝ նախասահմանությունը աղոթքով է կատարվում): Եվ ահա Աստծո ողորմությունը և Իսահակի հավատը հայտնի դարձան, քանի որ այդքան ժամանակ Իսահակը, Աստծուց հույսը չկտրելով, աղաչում և խնդրում էր:

Ամուսնության քսաներորդ տարում Ռեբեկան հղացավ: Պտուղը երկվորյակ էր և մայրը շատ է անհանգստանում, քանի որ մանուկները, մոր արգանդի մեջ, իրար հետ պատերազմ մդելու նման շարժումներ էին անում: Նա սեղանի առջև է գնում և Աստծուն հարցնելով՝ պատասխան է ստանում, որ երկու ազգ կա նրա արգանդի մեջ և երկու ժողովուրդները բաժանվելով՝ երեցը կրտսերին պիտի ծառայի (Ծննդ. 25:22): Արդարև, ժամանակը լրանալով, նախ Եսավը և ապա Հակոբն է ծնվում: Եվ ինչպես որ դեռ չծնված միմյանց հակառակ էին, այդպես էլ ծնվելու ժամանակ՝ մեկը մյուսից առաջ ծնվելու փափագով Հակոբը Եսավի կրունկից է բռնում, որպեսզի նրան հետ պահելով՝ առաջինը ինքը ինքը ծնվի (Ծննդ. 25:25): Այսպես նրանք կռվի հիմքը մոր արգանդի մեջ դնելով, թե՛ իրենց և թե՛ հետո իրենց ցեղերի միջև թշնամությունը միշտ անպակաս եղավ: Քանի որ Հակոբը, որ Եսավից հետո ծնվեց, անդրանկության պատիվը գրավելու համար Եսավի բարկությունը իր վրա հրավիրեց: Սակայն նայիր, թե գործը ինչպես տեղի ունեցավ:

Քանի որ Եսավը մի վայրագ և մազոտ անձնավորություն էր, միշտ դաշտերում որսորդությամբ էր զբաղվում, սրան հակառակ Հակոբը տունը մնալով, մի օր ոսպով ապուր է եփում և ուտելու ժամանակ Եսավը դաշտից սաստիկ սոված գալով՝ Հակոբից ապուր է խնդրում, նա էլ հանձն է առնում տալ, բայց միայն պայմանով, որ անդրանկության իրավունքը իրեն պիտի վաճառի: Եսավը խոստանում է վաճառել, քանի որ շատ սոված լինելով կարծում էր, թե եթե չուտի՝ իսկույն մահանալու է, ուստի Հակոբը նաև երդումով է սույն առևտուրը հաստատել տալիս և հաց ու ապուր է տալով՝ փոխարենը անդրանկությունը ծախու է առնում:

Խրատ առ Եսավի թշվառ վիճակից. անդրանկությունը բնության պարգևը լինելով, ոչ ոք չէր կարող դա նրա ձեռքից խլել, սակայն իր որկրամոլության և անհամբերության, և առավել ևս, Աստծո պարգևը չհասկանալու պատճառով կորցրեց այն (Ծննդ. 25:34): Մի կարծիր, թե այս առումով Հակոբը անիրավություն գործեց, քանի որ, երբ ապուրի հարցը կար,Եսավը հայտնապես երդումով, դաշինքով, իր հավանությամբ և կամքով վաճառեց անդրանկությունը: Թեև նա չցանկացավ կարևորություն տալ այս սակարկությանը, բայց երդվելու համար Աստված արդարության տոմարում արձանագրեց նրա դաշինքը, որով Եսավը իրավացիորեն կորցնելով անդրանկության իրավունքը՝ հոր օրհնությունից զրկվեց:

Քանի որ այն ժամանակի պահանջների համեմատ, անդրանիկ զավակը հինգ կետերով իր եղբայրների համեմատ առավելություն ուներ: Առաջին՝ կարող էր իշխել և հրամայել եղբայրներին՝ որպես հայրական իշխանության ներկայացուցիչ, երկրորդ՝ հոր ունեցվածքից կրկնապատիկ ժառանգություն էր ստանում, ինչպես որ մինչ այժմ հրեաների սովորությունն է, երրորդ՝ իր տան մեջ քահանայի նման էր, չորրորդ՝ հայրը մահանալիս անդրանիկ զավակին հատուկ օրհնություն էր տալիս, որը մեծ հարգանք էր իրենց մեջ և վերջապես հինգերորդ՝ հագուկապով էլ էր տարբերվում մյուս եղբայրներից: Սրա համար է, որ Ռեբեկան Եսավի զգեստները հագցրեց Հակոբին:

Հարկ է իմանալ, որ Հակոբը ոչ թե նյութական հարստության համար արեց այս բանը, այլ հայրական օրհնությանը արժանի դառնալու համար: Քանի որ, որպես օրինակ, մարմինը հացով է սնվում, իսկ հոգին՝ հոր և մոր օրհնությունով: Այս պատճառով մարմնավոր սնունդ է տալիս, որի փոխարեն հոգևոր սնունդն է առնում: Իրավ է, որ Եսավը հետո զղջալով լացեց և շատ ողբաց իր կորստյան համար, սակայն այլևս ի՜նչ օգուտ, չկարողացավ նորից կորցրածը գտնել:

Այս ընթացքում սով պատահեց, թեև Իսահակը ցանկացավ գնալ Եգիպտոս, սակայն Աստված նրան երևալով ասաց՝ մի՛ գնա Եգիպտոս, այս վայրերը քեզ և քո զավակներին պիտի տամ, և նրան օրհնելով՝ խոստանում է երկնքի աստղերի նման բազմացնել նրա զավակներին: Իսահակը Աստծո հրամանը իմանալով չգնաց Եգիպտոս, այլ իր ողջ ընտանիքով Գերարայի թագավոր Աբիմելեքի երկիրը գնալով՝ բնակվեց այնտեղ: Ժողովրդի Ռեբեկայի մասին հարցնելու ժամանակ ասում էր՝ քույրս է:

Որովհետև Ռեբեկան շատ գեղեցիկ էր և միգուցե նրա համար իրեն սպանեին, այս պատճառով էր, որ սույն պատասխանն էր տալիս Իսահակը: ԱպաԱբիմելեքը լսելով, որ նրա կինն է, թեև նրան մեղադրեց, սակայն իր մարդկանց պատվիրեց, որ նրան չարիք չպատճառեն, այլապես՝ մահվամբ կպատժվեն: Իսահակը որոշ ժամանակ Գերարայում մնալով սկսեց հող մշակել և Աստծո օրհնությամբ այնքան առատ արդյունք եղավ, որ մեկի փոխարեն հարյուրը ստացավ: Իր անասունները նույնպես այնքան բազմացան, որ բնակիչները նախանձելով՝ նրա հոր՝ Աբրահամի, փորել տված ջրահորները հողով լցրեցին:

Աբիմելեք թագավորն էլ Իսահակի ունեցվածքի շատանալը տեսնելով՝ խնդրում է, որ այդ կողմերից հեռանա՝ ասելով. «Քանի որ դու մեզնից զորավոր եղար»: Նա էլ գնում և մի ձորում փորելով ջուր է գտնում, սակայն բնակիչները նախանձելով նրա փորել տված բոլոր հորերը գրավում են: Իսահակը չցանկանալով վիճել, նրանց այս անիրավությանը համբերում է, մինչև որ ինքնին այլևս դադարում են նրան վնասելուց: Աստված նրա համբերությունը վարձատրելու և նրան մխիթարելու համար քաջալերում է, որ չվախենա և նախապես արված խոստումը կրկնում է, որի համար Իսահակը սեղան կանգնեցնելով՝ շնորհակալություն է մատուցում Աստծուն: Իսահակը օր օրի համբավի և փառքի տեր դառնալով, Աբիմելեք թագավորը իր մեծամեծերով նրա մոտ է գալիս, որպեսզի դաշնակցելով՝ միշտ իրար հետ բարեկամներ լինեն: Իսահակը պատասխանում է. «Դուք ինձ չընդունեցիք, հիմա ինչո՞ւ համար եկաք», նրանք խոնարհաբար ասում են. «Տեսանք, որ Աստված քեզ հետ է, սրա համար ցանկանում ենք ուխտ և դաշինք կնքել քեզ հետ, որ մեզ որևէ չարիք, կամ վնաս չհասցնես, ինչպես որ մենք քեզ չարիք չհասցնելով արձակեցինք»:

Այդ առթիվ Իսահակը նրանց համար ճաշկերույթ պատրաստելով՝ հաջորդ օրը ուխտ է կապում, որից հետո էլ Աբիմելեքը գնում է իր տեղը: Իսահակը այնտեղ հոր փորելով ջուր է գտնում և տեղը անվանում «երդման ջրհոր»: Կարծիք կա, որ այս Աբիմելեքը Աբրահամի ժամանակվա Աբիմելեք թագավորը չէ, քանի որ Աբիմելեք բառը, որպես տիտղոս, հատուկ էր Գերարայի թագավորներին, ով այնտեղ թագավորում էր Աբիմելեք տիտղոսն էր ստանում՝ համաձայն այդ ժամանակվա իրավունքի և սովորույթի: 

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․