30 Նոյեմբեր, Շբ
1 Դրանից յետոյ Յիսուս շրջում էր Գալիլիայում, քանի որ չէր կամենում Հրէաստանում շրջել, որովհետեւ հրեայ առաջնորդներն ուզում էին սպանել նրան: 2 Հրեաների Տաղաւարահարաց տօնը մօտ էր: 3 Եւ նրա եղբայրներն ասացին նրան. «Այստեղից անցիր գնա Հրէաստան, որպէսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես. 4 որովհետեւ չկայ մէկը, որ թաքուն գործի եւ դեռ ուզի իրեն համարձակ ներկայացնել. եթէ այդ գործերն անում ես, ուրեմն յայտնի՛ր քեզ աշխարհին». 5 քանի որ եղբայրներն իսկ դեռեւս չէին հաւատացել նրան: 6 Յիսուս նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է: 7 Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց ինձ ատում է, որովհետեւ ես վկայում եմ աշխարհի մասին, թէ մարդկանց գործերը չար են: 8 Դուք գնացէ՛ք այդ տօնին, ես այդ տօնին չեմ գնում, որովհետեւ իմ ժամանակը դեռ չի լրացել»: 9 Երբ այս ասաց, ինքը մնաց այնտեղ՝ Գալիլիայում: 10 Երբ նրա եղբայրները գնացին, ապա ինքն էլ գնաց տօնին, բայց ոչ՝ յայտնապէս, այլ թաքուն: 11 Իսկ հրեաները նրան փնտրում էին այդ տօնի ժամանակ ու ասում էին՝ ո՞ւր է նա: 12 Եւ ժողովրդի բազմութեան մէջ նրա մասին քրթմնջիւն կար. ոմանք ասում էին. «Լաւն է», ուրիշներն ասում էին. «Չէ, ընդհակառակը, ժողովրդին մոլորեցնում է»: 13 Եւ հրեայ առաջնորդների վախի պատճառով ոչ ոք նրա մասին համարձակ չէր խօսում: