30 Նոյեմբեր, Շբ
1 Որդեա՛կ իմ, մի՛ նախանձիր չար մարդկանց եւ մի՛ ցանկացիր ապրել նրանց հետ, 2 որովհետեւ նրանց սիրտը խաբէութիւն է խորհում, եւ նրանց շուրթերը խօսում են ցաւեր պատճառելու մասին: 3 Տունը շինւում է իմաստութեամբ, հաստատւում է խելացիութեամբ, 4 եւ շտեմարաններն ամէն տեսակ հարստութեամբ ու բարիքներով լցւում են գիտութեամբ: 5 Իմաստունը լաւ է հզօր մարդուց, եւ խոհեմ մարդը՝ մեծամեծ դաստակերտներ ունեցողից: 6 Պատերազմը մղւում է ռազմավարութեամբ, եւ յաջողութիւնը կախուած է սրտի խորհուրդներից: 7 Իմաստութիւնն ու բարի խորհուրդները գտնւում են իմաստունների դռներին: 8 Իմաստունները չեն խոտորւում Տիրոջ խօսքից, այլ խորհուրդ են անում իրենց հաւաքոյթներում: 9 Մահը պատահում է խրատ չլսողներին, իսկ անզգամը մեռնում է մեղքերի մէջ: 10 Պղծութիւնը խայտառակում է ժանտագործին նրա չար եւ նեղ օրերին, քանի նա դեռ չի մեռել: 11 Փրկի՛ր նրանց, ում մահուան են տանում, եւ ոչինչ մի՛ խնայիր մահապարտներին փրկագնելու համար: 12 Բայց եթէ ասես, թէ՝ «Ես նրան չեմ ճանաչում, ոչ էլ նա՝ ինձ», ապա իմացի՛ր, որ Տէրը ճանաչում է բոլորի սրտերը. եւ նա, որ ստեղծեց բոլորի շունչը, ճանաչում է բոլորին եւ իւրաքանչիւրին հատուցելու է ըստ նրա գործերի: