30 Նոյեմբեր, Շբ
17 Մի՛ կարծէք, թէ օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու: 18 Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ, որ մի նշանախեց է, օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի: 19 Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի: 20 Բայց ասում եմ ձեզ, որ եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի: 21 Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. “Մի՛ սպանիր”, որովհետեւ ով որ սպանի, ենթակայ կլինի դատաստանի: 22 Իսկ ես ձեզ ասում եմ, թէ՝ ամէն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կլինի դատաստանի, եւ ով իր եղբօրն ասի յիմար, ենթակայ կլինի ատեանի, եւ ով իր եղբօրն ասի ապուշ, ենթակայ կլինի գեհենի կրակին: 23 Եթէ սեղանի վրայ քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քո դէմ մի ոխ ունի, 24 քո ընծան թող սեղանի առաջ եւ գնա, նախ հաշտուիր քո եղբօր հետ եւ ապա եկ, քո ընծան մատուցիր: 25 Եթէ մէկը քեզ հետ խնդիր ունի եւ քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղիր իրաւախոհ կանխաւ. գուցէ նա քեզ դատաւորին յանձնի, եւ դատաւորը՝ դահճին, ու դու բանտ նետուես: 26 Ճշմարիտ եմ ասում քեզ. այնտեղից դուրս չես գայ, մինչեւ չվճարես վերջին դահեկանը: 27 Լսել էք, թէ ինչ ասուեց. “Մի՛ շնացիր”, 28 իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջը նայում է նրան ցանկանալով, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում: 29 Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղում է, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: 30 Եւ եթէ քո աջ ձեռքը քեզ գայթակղում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: 31 Արդարեւ ասուել է. “Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթը տայ”: 32 Իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկութեան պատճառի, նա է, որ նրան շնութեան է մղում. եւ ով որ արձակուածին է առնում, շնանում է: 33 Լսել էք դարձեալ, թէ ինչ ասուեց նախնիներին. “Երդմնազանց մի՛ եղիր, այլ արա՛ Տիրոջն այն, ինչ երդուել ես”: 34 Իսկ ես ձեզ ասում եմ. ամենեւի՛ն չերդուել՝ ո՛չ երկնքի վրայ, որովհետեւ Աստծոյ աթոռն է, 35 ո՛չ երկրի վրայ, որովհետեւ նրա ոտքերին պատուանդան է, եւ ո՛չ Երուսաղէմի վրայ, որովհետեւ մեծ Արքայի քաղաքն է: 36 Եւ քո գլխո՛վ էլ չերդուես, որովհետեւ չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սեւ դարձնել: 37 Այլ ձեր խօսքը լինի՝ այո-ն՝ այո, եւ ոչ-ը՝ ոչ. որովհետեւ դրանից աւելին չարից է: 38 Լսել էք՝ ինչ ասուեց. “Աչքի փոխարէն՝ աչք, եւ ատամի փոխարէն՝ ատամ”: 39 Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ, այլ եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան մի՛ւսն էլ դարձրու: 40 Եւ եթէ մէկը կամենայ քեզ բռնադատել եւ քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող: 41 Եւ եթէ մէկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւսն էլ գնա: 42 Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. եւ ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից: 43 Լսել էք արդարեւ, թէ ինչ ասուեց. “Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն”: 44 Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, 45 որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ: 46 Եթէ սիրէք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում: 47 Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում: 48 Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ: