30 Նոյեմբեր, Շբ
2 Տէ՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր յոյսը դրել ենք քեզ վրայ: Անհաւատների սերունդը կործանուեց, իսկ մեր փրկութիւնը նեղութեան ժամին քեզնից է գալու: 3 Քո ձայնի ահից ժողովուրդները յիմարացան, եւ քո երկիւղից հեթանոսները ցրուեցին: 4 Ահա ձեր մեծ ու փոքրի կողոպուտը պիտի հաւաքուի այնպէս, ինչպէս մէկը, որ մորեխ է հաւաքում փոսից. այդպէս էլ ծաղրելու են ձեզ: 5 Սուրբ է մեր Տէր Աստուածը, որ բարձունքներում է բնակւում, որի շնորհիւ Սիոնն իրաւունքով ու արդարութեամբ է լցուել: 6 Նրանք իրաւացիօրէն պարտութեան մատնուեցին, իսկ մեր փրկութիւնը պիտի լինի մեր գանձերի շնորհիւ: Մեզ հասան Տիրոջ իմաստութիւնը, հանճարը եւ աստուածապաշտութիւնը. ահա դրանք են արդարութեան գանձերը: 7 Ահաւասիկ, նրանք սարսափում են ձեր ահից. ումից որ վախենում էիք, իրենք են ձեզնից վախենում. պատգամաւորներ են ուղարկում, որպէսզի դառնօրէն լաց լինելով՝ խաղաղութիւն աղերսեն: 8 Նրանց ճանապարհները կտրուեցին, հեթանոսների ահը հանդարտուեց, եւ վերացաւ նրանց հետ կնքուած ուխտը. այլեւս նրանց մարդ մի՛ համարէք: 9 Սուգ արեց եւ տկարացաւ երկիրը, Լիբանանն ամօթահար եղաւ, Սարոնը մարգագետնի դաշտի վերածուեց, Գալիլիան եւ Կարմելոսը մերկացան: 10 «Այժմ ելնելու եմ ես,– ասում է Տէրը,– այժմ փառաւորուելու եմ, այժմ բարձրանալու եմ: 11 Ահա պիտի տեսնէք, ահա ամօթահար պիտի լինէք, զուր պիտի լինի ձեր հոգու զօրութիւնը, եւ կրակը ձեզ պիտի ճարակի: 12 Հեթանոսները ագարակի մէջ խանձուած փշի նման պիտի դառնան՝ այրուած ու լքուած: 13 Թող հեռւում գտնուողները լսեն, ինչ որ կատարեցի, եւ մօտ եղողները ճանաչեն իմ զօրութիւնը»: 14 Անօրէնները մերժուեցին Սիոնից. դողն է բռնել ամբարիշտներին: Եւ արդ, ո՞վ պիտի պատմի ձեզ, թէ կրակը բորբոքուել է, կամ ո՞վ պիտի յայտնի ձեզ յաւիտենական կայեանի մասին: 15 Ով արդարութեամբ է ընթանում, խօսում ճշմարիտ ուղու մասին, ատում անօրինութիւնն ու անիրաւութիւնը, իր ձեռքերը հեռու պահում կաշառքից, ծանրացնում ականջները, որպէսզի չլսի արեան վրիժառութեան մասին, փակում աչքերը, որպէսզի անարդարութիւնը չտեսնի, 16 նա հաստատուն ապառաժի բարձր անձաւի մէջ է բնակուելու. հաց պիտի տրուի նրան, ջրով եւս ապահովուած պիտի լինի նա: 17 Դուք տեսնելու էք թագաւորին իր փառքի մէջ, ձեր աչքերը հեռուից դիտելու են երկիրը, 18 ու ձեր հոգին խորհելու է Աստծոյ երկիւղի մասին: Ո՞ւր են գրագիրները, ո՞ւր են խրատատուները, ո՞ւր է նա, որի ձեռքին է ժողովրդի մեծ ու փոքրին սնուցողների հաշիւը. 19 նա խորհրդի չնստեց ժողովրդի հետ, որն անտեղեակ էր ու ծանրալեզու, որովհետեւ չէր լսում. վատթարացած մի ժողովուրդ, որ լսածի մասին չէր ուզում մտածել: 20 Ահա մեր փրկութեան քաղաք Սիոնը. ձեր աչքերը պիտի տեսնեն Երուսաղէմ քաղաքը մեծացած՝ այնպիսի վրաններով, որոնք չեն տեղաշարժուելու, յաւիտեանս յաւիտենից չեն շարժուելու նրա վրանների ցցերը, չեն խզուելու եւ դրանց պարանները, 21 քանզի ձեզ համար մեծ է Տիրոջ անունը: Ձերն է լինելու այն երկիրը, ուր գետերը եւ ջրանցքները լայնահուն են ու ջրառատ. այն ճանապարհով դու այլեւս չես գնալու, չեն գնալու եւ քո վարած նաւերը, որովհետեւ մեծ է մեր Աստուածը եւ մեզ չի անտեսի: 22 Տէրն է մեր հայրը, Տէրն է մեր դատաւորը, Տէրն է մեր իշխանը, Տէրն է մեր թագաւորը, Տէրն է մեր փրկիչը, նա է փրկելու մեզ: