30 Նոյեմբեր, Շբ
3.21 Տէրը կրկին երեւաց Սելովում: Տէրը Սամուէլին երեւաց ըստ իր ասած խօսքի: Սամուէլը հաւատարմութեամբ դարձաւ Տիրոջ մարգարէն ամբողջ Իսրայէլի մէջ, երկրի մի ծայրից միւսը: Հեղին շատ էր ծերացել, իսկ որդիները շարունակում էին իրենց ընթացքը, եւ նրանց ճանապարհը չար էր:
4.1 Այդ օրերին այլազգիները341 յարձակուեցին Իսրայէլի վրայ: Իսրայէլը նրանց դէմ պատերազմի ելաւ եւ Աբենեզերում բանակատեղի դրեց, իսկ այլազգիները բանակատեղի դրեցին Ափեկում: 2 Այլազգիները ճակատամարտ տուին Իսրայէլի դէմ, պատերազմն սկսուեց, եւ Իսրայէլը այլազգիներից պարտուեց: 3 Ռազմի դաշտում չորս հազար զինուոր ընկաւ: Երբ զօրքը վերադարձաւ բանակատեղի, Իսրայէլի ծերերն ասացին. «Ինչո՞ւ Տէրն այսօր մեզ պարտութեան մատնեց այլազգիների առաջ: Սելովից մեզ մօտ բերենք մեր Աստծու ուխտի տապանակը, որ մեզ մօտ լինի ու մեզ փրկի մեր թշնամիների ձեռքից»: 4 Ժողովուրդը մարդիկ ուղարկեց Սելով, որոնք այնտեղից բերեցին քերովբէների միջեւ նստած զօրութիւնների Տիրոջ ուխտի տապանակը: Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեէսը, Աստծու ուխտի տապանակի հետ գնացին: 5 Երբ Տիրոջ ուխտի տապանակը բանակատեղի բերուեց, ամբողջ Իսրայէլը մեծաձայն աղաղակեց, եւ երկիրը թնդաց: 6 Լսելով աղաղակի ձայնը՝ այլազգիներն ասացին. «Այս ի՜նչ բարձրագոչ աղաղակ է եբրայեցիների բանակատեղիում»: 7 Նրանք իմացան, որ Տիրոջ տապանակն են բերել բանակատեղի: Այլազգիները վախեցան ու ասացին. «Նրանց աստուածները եկել են բանակատեղի: Փրկի՛ր մեզ այսօր, Տէ՛ր: 8 Վա՜յ մեզ, քանզի այսպիսի բան չկար երէկ ու նախորդ օրը: Վա՜յ մեզ, ո՞վ կը փրկի մեզ այդ հզօր աստուածների ձեռքից: Սրանք այն աստուածներն են, որ Եգիպտոսին ամէն տեսակ հարուածներ հասցրին նաեւ ամբողջ անապատում: 9 Գօտեպնդուեցէ՛ք եւ տղամա՛րդ եղէք, ո՛վ այլազգիներ, չլինի թէ ստրուկ դառնաք եբրայեցիներին, ինչպէս որ ձեզ նրանք ստրուկ եղան: Տղամա՛րդ եղէք եւ պատերազմեցէ՛ք նրանց դէմ»: 10 Այլազգիները պատերազմեցին նրանց դէմ, եւ բոլոր իսրայէլացիները փախան դէպի իրենց յարկերը: Շատ մեծ կոտորած եղաւ, եւ իսրայէլացիներից երեսուն հազար հետեւակ ընկաւ: 11 Աստծու տապանակը գերուեց, իսկ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեէսը սպանուեցին: 12 Այդ օրը մի համինացի մարդ բանակատեղիից վազելով եկաւ Սելով: Նա պատառոտել էր իր զգեստները եւ գլխին հող ածել: 13 Երբ հասաւ, Հեղին տաճարի դռան առաջ նստած էր աթոռին ու ճանապարհին էր նայում, քանզի նրա սիրտը տագնապի մէջ էր Աստծու տապանակի համար: Այդ մարդը քաղաք մտնելով գոյժը հաղորդեց, ու քաղաքն աղաղակեց: 14 Հեղին, լսելով աղաղակը, ասաց. «Այդ ի՞նչ աղաղակ է»: Մարդն շտապ եկաւ, որ գոյժը հաղորդի Հեղիին: 15 Հեղին իննսունութ տարեկան էր, աչքերն այնքան էին տկարացել, որ չէր տեսնում: Հեղին իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Այս ի՞նչ աղաղակ է»: 16 Մարդը շուտափոյթ մտաւ Հեղիի մօտ եւ ասաց նրան. «Ես եկել եմ բանակից, ռազմադաշտից այսօր եմ փախել»: Հեղին ասաց. «Ի՞նչ է պատահել, որդեա՛կ, պատմի՛ր ինձ»: 17 Պատանին պատասխանեց. «Իսրայէլացիները այլազգիների առջեւից փախան, ժողովուրդը մեծ կոտորածի ենթարկուեց, քո երկու որդիները՝ Օփնին եւ Փենեէսը, սպանուեցին, իսկ Աստծու տապանակը գերուեց»: 18 Եւ երբ նա յիշեց Աստծու տապանակը, Հեղին աթոռից յետ ընկաւ դռան մօտ, նրա ողնաշարը ջարդուեց եւ մեռաւ, քանի որ ծեր ու ծանրացած մարդ էր: Նա Իսրայէլի մէջ քսան տարի դատաւորութիւն էր արել: