30 Նոյեմբեր, Շբ
4.17 Արդ, այս բանն եմ ասում եւ վկայում Տիրոջով. դուք այլեւս չընթանա՛ք այնպէս, ինչպէս որ այլ հեթանոսներն են ընթանում իրենց մտքի ունայնութեամբ. 18 նրանց մտքերը մթագնած են, եւ իրենք օտարացած են Աստծոյ կեանքից իրենց մէջ եղած տգիտութեան պատճառով, որն իրենց սրտի կուրութեան հետեւանքն է: 19 Նրանք իրենց յոյսը կտրեցին եւ ագահութեամբ անձնատուր եղան անառակութեան եւ ամէն տեսակ պիղծ գործերի: 20 Բայց դուք այսպէս չսովորեցիք Քրիստոսին. 21 թէպէտ եւ լսել էք նրա մասին եւ սովորել նրանից, թէ Յիսուսի մէջ է ճշմարտութիւնը. 22 հեռո՛ւ վանեցէք ձեզնից հին մարդուն՝ իր նախկին կենցաղով, այն, որ ապականուած է խաբեպատիր ցանկութիւններով. 23 նորոգուեցէ՛ք ձեր մտքով եւ հոգով 24 ու հագէ՛ք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծոյ՝ արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ: 25 Ուստի դէ՛ն գցեցէք ստախօսութիւնը. իւրաքանչիւրը թող իր ընկերոջն ասի ճշմարտութիւնը, որովհետեւ միմեանց անդամներ ենք: 26 Թէ բարկանաք էլ, մեղք մի՛ գործէք. արեգակը ձեր բարկութեան վրայ թող մայր չմտնի. 27 եւ սատանային տեղի մի՛ տուէք: 28 Ով գողանում էր, այլեւս թող չգողանայ, այլ մանաւանդ թող աշխատի իր ձեռքերով բարիք արտադրել, որպէսզի կարող լինի տալ նրան, ով կարիքի մէջ է: 29 Ոչ մի տգեղ խօսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն՝ բարի խօսքը, որ շինիչ է եւ օգտակար, որպէսզի շնորհով լցուի նա, ով այն լսում է: 30 Եւ մի՛ տրտմեցրէք Աստծոյ Սուրբ Հոգին, որով կնքուեցիք փրկութեան օրուայ համար: 31 Ամէն դառնութիւն, բարկութիւն, զայրոյթ, աղաղակ եւ հայհոյութիւն թող վերանան ձեզնից՝ իրենց չարութեամբ հանդերձ: 32 Միմեանց հետ եղէ՛ք քաղցր, գթած՝ ներելով միմեանց, ինչպէս որ Աստուած ներեց մեզ Քրիստոսով:
5.1 Նմանուեցէ՛ք Աստծուն որպէս սիրելի զաւակներ 2 եւ ընթացէ՛ք սիրով, ինչպէս որ Քրիստոս սիրեց մեզ եւ իր անձը մատնեց մեզ համար՝ որպէս անուշահոտ պատարագ եւ զոհ Աստծուն: 3 Հեռո՛ւ ձեզնից պոռնկութիւն եւ ամէն տեսակ պղծութիւն կամ ագահութիւն. դրանց անունն իսկ թող չյիշուի ձեր մէջ, ինչպէս որ վայել է սրբերին. 4 եւ հեռո՛ւ ձեզնից զազրախօսութիւն կամ յիմար խօսք կամ խեղկատակութիւն, որ վայել չեն. այլ մանաւանդ գոհութիւն թող մատուցուի Աստծուն: 5 Այս բանն իմացէ՛ք, թէ ամէն պոռնիկ կամ պիղծ կամ ագահ մարդ, որ կռապաշտ է, Աստծոյ եւ Քրիստոսի թագաւորութեան մէջ ժառանգութիւն չունի: 6 Սնոտի խօսքերով թող ոչ ոք ձեզ չխաբի, որովհետեւ դրա համար է, որ գալիս է Աստծոյ բարկութիւնը անհնազանդ մարդկանց վրայ: 7 Ուրեմն, նրանց մասնակից մի՛ եղէք, 8 որովհետեւ, թէպէտ եւ մի ժամանակ խաւար էիք, հիմա լոյս էք ի Տէր. ընթացէ՛ք, ինչպէս լուսոյ որդիներ. 9 քանզի լուսոյ պտուղներն են բարութիւնը, արդարութիւնը եւ ճշմարտութիւնը: 10 Ստուգեցէ՛ք, թէ որն է հաճելի Տիրոջը. 11 եւ խաւարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղէք, այլ մանաւանդ մերկացրէ՛ք դրանք, 12 որովհետեւ, ինչ որ նրանք գործում են ծածուկ, այդ մասին խօսելն իսկ ամօթ է. 13 այլ ամէն ինչ բացայայտուելով՝ լոյսով յայտնի է լինում, քանզի ամէն ինչ, որ յայտնի է, լոյս է: 14 Դրա համար էլ ասում է. «Վե՛ր կաց դու, որ ննջում ես, կանգնի՛ր մեռելների միջից, եւ Քրիստոս պիտի լուսաւորի քեզ»: