30 Նոյեմբեր, Շբ
56.1 Այսպէս է ասում Տէրը. «Պահպանեցէ՛ք իրաւունքը եւ կատարեցէ՛ք արդարութիւնը, քանզի եկել հասել է իմ փրկութիւնը, եւ յայտնուելու է իմ ողորմութիւնը: 2 Երանի՜ այն մարդուն, որ կանի այդ, եւ նրան, որ հաւատարիմ կմնայ դրան, կպահի իմ շաբաթներն ու չի պղծի եւ իր ձեռքը ետ կքաշի անիրաւութիւն անելուց»: 3 Օտարազգին, որ եկել յարել է Տիրոջը, թող չասի, թէ՝ «Տէրը մերժեց ու վանեց ինձ իր ժողովրդից», եւ ներքինին էլ թող չասի, թէ՝ «Ես չոր փայտ եմ»: 4 Այսպէս է ասում Տէրը ներքինիներին. «Ովքեր կպահեն իմ պատուիրանները, կնախընտրեն այն, ինչ ես եմ կամենում, եւ իմ ուխտի մէջ կմնան, 5 նրանց իմ տան մէջ եւ իմ պարսպի ներսում աւելի անուանի տեղ կտամ, քան որդիներին ու դուստրերին, կտամ նրանց յաւիտենական մի անուն, որ չի կորչելու: 6 Իսկ այն այլազգիներին, որոնք եկել յարել են Տիրոջը, որպէսզի ծառայեն նրան եւ սիրեն նրա անունը, լինեն նրա համար ծառաներ եւ աղախիններ, ու բոլոր նրանց, որոնք կպահեն իմ շաբաթները եւ չեն պղծի ու կմնան իմ ուխտի մէջ, 7 նրանց կտանեմ իմ սուրբ լեռը, կուրախացնեմ նրանց իմ աղօթքի տան մէջ, նրանց ողջակէզներն ու ընծաներն ընդունելի կլինեն իմ սեղանի վրայ, քանզի իմ տունը բոլոր հեթանոսների համար աղօթքի տուն պիտի կոչուի»: 8 Այսպէս է ասում Տէր Աստուած, որ հաւաքում է Իսրայէլի բոլոր ցրուածներին. «Նրանց վրայ ես պիտի հաւաքեմ անապատի բոլոր գազանների բազմութիւնները»: 9 Եկէք կերէ՛ք, ո՛վ դուք անտառի բոլոր գազաններ: 10 Տեսէ՛ք, ամէնքն էլ կուրացել են եւ չգիտեն, թէ ինչ է իմաստութիւնը. ամէնքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել, իրենց անկողիններում երազներով են տարուած, սիրում են նիրհել: 11 Իրենց հոգով լիրբ եղան շների նման, որ անկուշտ են, չար են եւ չգիտեն, թէ ինչ է իմաստութիւնը. ամէնքն իրենց ճանապարհներով գնացին: 12 «Եկէ՛ք,– ասում են,– գինի առնենք եւ հարբենք գինով. այդպիսի օրը մեզ համար ամենամեծ զոհաբերութիւնը կլինի»:
57.1 «Տեսէ՛ք՝ ինչպէ՜ս կորաւ արդարը, եւ չկայ մէկը, որ սրտով կարեկցի. արդար մարդիկ վերանում են, եւ ոչ ոք ուշադրութիւն չի դարձնում, որ արդարն անիրաւութեան պատճառով է վերանում: 2 Թող խաղաղ լինի նրա գերեզմանը, ով վերացաւ մէջտեղից: 3 Բայց դուք մօտեցէ՛ք, առա՛ջ եկէք, անօրէ՛ն որդիներ, պոռնկածի՛ն որդիներ, շնութեա՛ն որդիներ: 4 Ինչո՞վ էք պարծենում, ո՞ւմ վրայ էք բացում ձեր բերանները եւ կամ ո՞ւմ վրայ էք հանում ձեր լեզուները. մի՞թէ դուք կորստեան որդիներ չէք, անօրինութեան սերունդ, 5 որ անտառախիտ ծառերի տակ ընկած՝ աղաչում էիք ձեր կուռքերին, անդունդներում, ժայռերի կատարներին եւ խոր ձորերում զոհում էիք ձեր որդիներին: 6 Այդ է քո բաժինը, այդ նոյնն է քո վիճակը. նրանց առաջ նուէրներ թափեցիր, նրանց զոհեր մատուցեցիր, եւ այս ամէնի վրայ մի՞թէ չեմ բարկանալու,– ասում է Տէրը:– 7 Այնտեղ, բարձր ու մեծ լեռան վրայ է քո անկողինը, եւ դու այնտեղ ելար զոհեր մատուցելու: 8 Ապա դռների դրանդիների վրայ հաստատեցիր քո յիշատակները: Կարծում էիր՝ եթէ ինձնից հեռանաս, աւելի բա՞ն պիտի գտնես: Քո անկողինները լայնացրիր եւ փռուեցիր դրանց վրայ. սիրեցիր քո հոմանիներին 9 եւ յաճախակի դարձրիր քո պոռնկութիւնը նրանց հետ: Հեռաւորներից շատերին քեզ կապեցիր եւ պատգամաւորներ ուղարկեցիր քո սահմաններից դուրս: 10 Նկուն դարձար ու իջար գերեզման, յոգնատանջ եղար քո բազում ճանապարհորդութիւններից եւ չասացիր, թէ՝ “Այժմ հանգստանամ”, որովհետեւ ուժիդ համեմատ էիր գործում, դրա համար էլ չհնազանդուեցիր ինձ: 11 Ումի՞ց վախեցար ու զարհուրեցիր, որ ստեցիր եւ չյիշեցիր ինձ, միտքդ չբերեցիր, սրտիդ մէջ չդրեցիր, իսկ ես քեզ տեսայ ու անտեսեցի: Ես այն եմ, որ յաւիտենական եմ, իսկ դու ինձնից չվախեցար: 12 Արդ, ես պիտի պատմեմ իմ արդարութեան եւ քո չարիքների մասին, 13 որոնք քեզ չեն օգնելու, երբ աղաղակես, եւ քեզ չեն փրկելու քո նեղութիւնից. դրանց բոլորին հողմերը պիտի տանեն, եւ մրրիկները բաժան-բաժան պիտի անեն: Իսկ նրանք, ովքեր ինձ վրայ են յոյս դրել, պիտի ստանան երկիրը եւ ժառանգեն իմ սուրբ լեռը: 14 Նրանք պիտի ասեն. “Բացէ՛ք նրա առաջ ճանապարհները, խոչ ու խութերը հեռացրէ՛ք իմ ժողովրդի ճանապարհից”»: 15 Այսպէս է ասում Բարձրեալը, որ յաւիտենապէս բնակւում է բարձունքներում, Սուրբը սրբերի մէջ. նրա անունը Բարձրեալ է, եւ նա սրբերի մէջ է մնում, համբերութիւն է տալիս տարակուսանքի մէջ ընկածներին եւ կեանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել: 16 «Ես յաւիտեան վրէժխնդիր չեմ լինելու ձեզնից եւ ոչ էլ մշտապէս բարկանալու եմ ձեզ վրայ, քանզի հոգին ինձնից է բխում, եւ ամէն շունչ ես եմ ստեղծել: 17 Մեղքի պատճառով սակաւ ժամանակ տրտմութիւն հասցրի նրան, հարուածեցի նրան ու իմ երեսը շրջեցի նրանից, եւ նա տրտմեց ու իմ առաջ թախծոտ անցաւ իր ճանապարհները: 18 Ես տեսայ նրա սրտի ճանապարհները եւ բժշկեցի նրան, սփոփեցի ու ճշմարիտ մխիթարութիւն տուեցի նրան: Նրա սգաւորների համար պտուղ ստեղծեցի: 19 Թող խաղաղութիւն, խաղաղութիւն լինի հեռաւորներին եւ մերձաւորներին,– ասում է Տէրը,– ու ես պիտի բժշկեմ նրանց: 20 Իսկ անօրէնները պիտի ծփան ծովի նման եւ հանգիստ չգտնեն, ու նրա ջրերը պիտի անհետանան՝ կաւի հետ խառնուելով: Ամբարիշտների համար խաղաղութիւն չկայ»,– ասում է Տէրը: