30 Նոյեմբեր, Շբ
1 Այսպէս է ասում Տէր Աստուած իր օծեալ Կիւրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպէսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագաւորների զօրութիւնը, բացեմ քո առաջ դռները, եւ քաղաքները չփակուեն: 2 Ես կընթանամ քո առջեւից, կհարթեցնեմ լեռները, կխորտակեմ պղնձէ դռները եւ կփշրեմ երկաթէ նիգերը: 3 Ես քեզ կտամ խաւարի մէջ պահուող գանձերը եւ քեզ համար կբացեմ աներեւոյթ հարստութիւնները, որպէսզի իմանաս, որ ես եմ Տէր Աստուածը՝ Իսրայէլի Աստուածը, որը կանչեց քո անունը: 4 Իմ Յակոբի համար եւ իմ ընտրեալ Իսրայէլի համար ես քո անունով կանչեցի քեզ եւ ընդունեցի, բայց դու ինձ չճանաչեցիր, 5 որ ես եմ Տէր Աստուածը, եւ չկայ մէկ ուրիշը: 6 Թող իմանան արեւելքից ու արեւմուտքից, որ ինձնից բացի մէկ ուրիշը չկայ: 7 Ես եմ, որ հաստատեցի լոյսը եւ ստեղծեցի խաւարը, ես եմ, որ խաղաղութիւն եմ անում եւ հաստատում չարը, ես եմ Տէր Աստուածը, որ կատարում եմ այս ամէնը: 8 Երկինքը թող ուրախ լինի վերուստ, եւ ամպերը արդարութիւն ցօղեն, թող երկիրը ողորմութիւն բխեցնի, լիովին արդարութիւն թող բխեցնի: Ես եմ Տէրը, որ հաստատեցի քեզ որպէս մի լաւ բան, ստեղծեցի քեզ իբրեւ բրուտի կաւ»: 9 Մի՞թէ նա, որ հողն է հերկում, ամէն օր հերկ կանի. մի՞թէ կաւը բրուտին կարող է ասել, թէ՝ ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս. մի՞թէ ստեղծուածն իր ստեղծողին կարող է ասել, թէ՝ ինչո՞ւ այսպէս ստեղծեցիր ինձ: 10 Վա՜յ նրան, որ իր հօրը կասի, թէ՝ ինչո՞ւ ծնեցիր ինձ, եւ մօրը թէ՝ ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ: 11 Այսպէս է ասում Տէր Աստուած՝ Իսրայէլի Սուրբը, որ արարեց նրանց, ովքեր յետոյ են գալու. «Դուք ինձ հարցնում էք իմ որդիների ու դուստրերի մասին եւ իմ ձեռքի գործերի համար պատուէր էք տալիս ինձ: 12 Ես ստեղծեցի երկիրը եւ մարդուն՝ նրա վրայ. ես իմ ձեռքով հաստատեցի երկինքը, ես հրաման տուեցի բոլոր աստղերին: 13 Ես արդարութեամբ նրան թագաւոր հաստատեցի, եւ նրա բոլոր ճանապարհներն ուղիղ են. նա կկառուցի իմ քաղաքը եւ իմ գերուած ժողովրդին յետ կբերի առանց կաշառքի եւ առանց ընծաների»,– ասում է Զօրութիւնների Տէրը: