30 Նոյեմբեր, Շբ
1 Յոբը խօսեց ու ասաց. 2 «Մինչեւ ե՞րբ պիտ տանջէք իմ հոգին, խօսքերով պիտ ընկճէք իմ անձը: 3 Իմացէ՛ք, որ Տէրը ինձ հետ այսպէս վարուեց: Բամբասում էք ինձ, յարձակւում վրաս, չէք էլ ամաչում: 4 Այո՛, արդարեւ ես մոլորուեցի (մոլորութիւնս իմ ներսում է հանգուցուել)՝ ասելով բաներ, որոնք արժան չեն: Խօսքերս եւս մոլորութիւն են ու չեն պատշաճում մեր ժամանակին: 5 Մի կողմ թողնենք այն, որ դուք ինձ վրայ մեծ-մեծ խօսում էք, յարձակւում վրաս նախատինքներով: 6 Արդ, իմացէ՛ք դուք, որ իմ Տէրն է ինձ տակնուվրայ արել, վրաս անխնայ պատնէշ բարձրացրել: 7 Ահա ծաղրւում եմ նախատինքներով, բերան չեմ բացում. աղաղակեմ էլ, եւ ոչ մի տեղից ինձ համար արդար դատաստան չկայ: 8 Շրջապատուած եմ, չեմ կարող խոյս տալ: Խաւարն է չոքել համակ ինձ վրայ: 9 Մերկացրել է ինձ փառքերից բոլոր, հանել իմ գլխից պսակը նաեւ: 10 Պաշարել է ինձ բոլոր կողմերից, ու կործանուած եմ. յոյսս կտրել է յաւէտ՝ ծառի պէս: 11 Սաստիկ բարկութեամբ է վարուել ինձ հետ ու իր թշնամին է համարել ինձ: 12 Գնդերը նրա՝ բոլորը մէկտեղ, հասել են վրաս. դարանակալներ կտրել են բոլոր ճանապարհներս: 13 Ինձնից հեռացել են եղբայրներս. ինձնից առաւել օտարներին են ճանաչել նրանք: 14 Բարեկամներս անողորմ դարձել, անգոսնել են ինձ մերձաւորներս, իսկ ծանօթներս անունս անգամ արդ մոռացել են: 15 Հիւրընկալուածներն իմ յարկի ներքոյ, աղախիններն իմ համարել են ինձ լիովին օտար. մի այլազգի եմ թուացել նրանց: 16 “Ծառա՜յ” եմ կանչել, բայց նա չի լսել. 17 ես իմ բերանով կնոջս աղաչում, աղերսում էի: Պաղատանքներով կանչում էի ես որդիներին իմ բոլոր հարճերի, 18 յաւէտ ուրացել են նրանք էլ ինձ. հէնց վեր եմ կենում, բամբասում են ինձ: 19 Զզուել են ինձնից իմ ծանօթները. ում սիրում էի, իմ դէմ են ելել: 20 Իմ այս մորթի տակ մսերս են փտել. ատամներիս մէջ իմ ոսկորներն եմ պահում սեղմելով: 21 Ո՛վ բարեկամներ, ողորմեցէ՛ք ինձ, ողորմեցէ՛ք ինձ, զի Տիրոջ ձեռքն է բարձրացել վրաս: 22 Տիրոջ պէս ինչո՞ւ էք ինձ հալածում. մի՞թէ իմ մարմնով չէք յագեցել դուք: 23 Ի՜նչ կլինէր, որ կարողանայի ես գրել խօսքերս, յաւիտենական մի մատեանի մէջ գրանցել դրանք՝ 24 երկաթէ գրչով կապարի կամ թէ վէմերի վրայ փորագրելով, 25 քանի որ գիտեմ՝ յաւերժական է նա, ով երկրի վրայ պիտի փրկի ինձ՝ 26 յարութիւն տալով մարմնիս, որ այս բոլորը համբերեց, տարաւ: Տիրոջ կողմից է հասել բոլորը, 27 որ ինքս անձամբ քաջ գիտակցում եմ, ինչ որ տեսել եմ ես իմ աչքերով, ոչ թէ ուրիշը: Այդպէս ամէն ինչ իմ ծոցում հանգաւ: 28 Իսկ թէ հարցնէք՝ “Ինչի՞ մասին մենք խօսենք իր առաջ, ինչպէ՞ս գտնենք մենք արմատը գործի”, 29 դո՛ւք էլ վախեցէք մթին գործերից: Զի բարկութիւնն է անօրէնների վրայ հասնելու. ապա կիմանան, թէ ուր է իրենց բուն էութիւնը»: